Առաջ՝ Արգամիչ

Առաջ՝ Արգամիչ

 



Երբ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծրագրերի տնօրեն Հրայր Թամրազյանը Զարուհի Փոստանջյանի դստերը՝ Լուսինեին, մոր հետ զրույցի ավարտին հարց ուղղեց, թե արդյո՞ք սպասում էր, որ Զարուհին այդպիսի հարց կտա Սերժ Սարգսյանին, աղջնակը միանշանակ պատասխանեց, որ, անշուշտ, սպասում էր մայրիկից լսել հենց այդ կարգի հարցապնդումներ:



Հարց է ծագում. մի՞թե Դավիթ Հարությունյանը եւ վերջինիս քայլերն ուղղորդող Հովիկ Աբրահամյանը դեռահաս աղջնակի չափ քաղաքական հոտառություն չունեին, որպեսզի կանխատեսեին, թե ինչ կարգի հարցեր է մտադիր Սերժ Սարգսյանին հասցեագրել ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում Զարուհին: Ես այս երկուսի, մանավանդ Հովիկ Աբրահամյանի, մտավոր կարողություններով հիացած չեմ, բայց նրանց կատարյալ իդիոտներ չեմ համարում: Հետեւաբար չեմ կարող հավատալ, որ նրանք գիտակցաբար չեն հրահանգել հանրապետական Արփինե Հովհաննիսյանին զիջել պատվիրակության պահեստային անդամ Զարուհի Փոստանջյանին Սերժ Սարգսյանին հարց տալու առաջնային իրավունքը:



Սա անհերքելի ճշմարտություն է, որը ոչ մի առնչություն չունի, այսպես կոչված, «դավադրությունների տեսության» հետ: Կատարված դավադրությունն այնքան պարզունակ է, այնքան ակնհայտ, որ որեւէ տեսական հիմնավորման կարիք չունի: Հովիկ Աբրահամյանը «կռիսական» հմտությամբ Սերժ Սարգսյանին աշխարհով մեկ խայտառակելու եւ եվրոպական մասշտաբների ցուցանք դարձնելու խնդիրը լուծեց փայլուն կերպով: Հիմա էլ փարիսեցիաբար ձեռնամուխ է եղել Զառային ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելու գործին. Մավրն իր գործն արեց՝ Մավրը պետք է հեռանա: Պետք է հեռանա, որպեսզի այս պատմության բեմադրողը ձեռք բերի քաղաքական ցուցանքի վերածված իր զոհի աչքերում անհրաժեշտ ալիբի: Չէ՞ որ այդ զոհը Բաղրամյան 26 հասցեում դեռ շարունակում է զբաղեցնել գլխավոր կաբինետը:



 



Հարցական է միայն այն, թե կոնկրետ երբ խնամիների նենգ հաշվարկներում հասունացավ Սերժ Սարգսյանին այսպիսի դաժան նվաստացման ենթարկելու միտքը՝ այն ժամանա՞կ, երբ, ընդառաջելով Սերժին, ԵԺԿ-ն բավարարեց ՀՀԿ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի անդամակցության դիմումներն ու մերժեց ԲՀԿ-ի դիմո՞ւմը, թե՞ երեք ամիս առաջ, երբ Սերժ Սարգսյանն արգելեց Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով մեկնել Ուկրաինա, ուր Ծառուկյանին հոգեհարազատ Յանուկովիչը նախապատրաստվել էր մականունավոր ԱԺ խոսնակին պրեզիդենտական ընդունելության արժանացնելուն: Նախագահական իշխանության հավակնորդի նախատեսվող պրեզենտացիան ձախողվեց, եւ գուցե հենց ա՞յդ ժամանակ խնամիները Սերժ Սարգսյանին աշխարհով մեկ խայտառակելու վճիռ կայացրին:



 



Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ վաղ թե ուշ Բաղրամյան 26 հասցեում հենց ինքն է «բնավորվելու»: Իսկ ինչո՞ւ ոչ, եթե հենց ինքն է այսօր ներկայացնում Հայաստանի ամենահարուստ կլանը, եթե իրեն արդեն հաջողվել է իր «փարավոն խնամուն» պոկել Ռոբերտ Քոչարյանից եւ ենթարկել իրեն՝ վերածելով սեփական բոնապարտիստական ծրագրերի իրականացման կույր եւ բութ գործիքի: Իսկ այսօրվա Հայաստանում՝ իշխանությանը տիրապետելու համար մղվող պայքարում հարստությունը, փողը ունեն վճռորոշ նշանակություն:



Հետեւաբար, առաջ՝ Արգամիչ… 



 



 



Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ