Էդ թուր ու թվանքը որ վերցրել, գնում եք կռվի, մինչև ո՞ր խաչմերուկն եք գնալու

Էդ թուր ու թվանքը որ վերցրել, գնում եք կռվի, մինչև ո՞ր խաչմերուկն եք գնալու

Ինչ կայք բացում, նայում ես՝ լարված իրավիճակ է, ինչ թերթ, թերթում ես, լարված իրավիճակ է, ֆեյսբուքն էլ էդ լարված իրավիճակից այնպես է լարված, որ վախենում ես՝ բերանդ բացել ու ասել՝ ինձ մոտ էլ է լարված իրավիճակ: Նախագահականի մոտ լարված իրավիճակ, կառավարության շենքի առաջ լարված իրավիճակ, Ազգային ժողովի առաջ լարված իրավիճակ, Գլխավոր դատախազության առաջ լարված իրավիճակ, քաղաքապետարանի առաջ լարված իրավիճակ, Օպերայի առաջ լարված իրավիճակ: Ստացվում է, որ ամենուր լարված իրավիճակ է, բայց էդ լարումից ոչ մի բան չի փոխվում: Ու այդքան լարված իրավիճակներից հետո պարզվում է, որ առանձին՝ բոլորս գտնվում ենք լարվածության մեջ, իսկ իշխանությունն իր համար անտարբեր ու հանդարտ առաջ է գնում: Մաքսային է ուզում՝ խնդրեմ, անում է, կուտակային է ուզում, էլի անում է, դոմիկի խաղալու մոլուցքով կարմիր գիծ է ուզում քաշել, խնդրեմ, կավիճը վերցնում ու քաշում է, մարդուն սեփական տնից հանել է ուզում, խնդրեմ հանում է, գներ է ուզում բարձրացնել, նույն րոպեին անում է, հանցագործին արդարացնել է ուզում, անում, որ անում է, անմեղին մեղավոր է ուզում հանել, էդ էլ անում, որ անում է… Բազմակետերի պոչից մի հարյուրն էլ դուք կպցրեք՝ մեկ է, անում է: Տրանսպորտի գինն է ուզում բարձրացնել, համբերեք, անելու պրոցեսում է, դեռ մի քիչ նախապատրաստում է: Այդքանից հետո չարժե՞ մի պահ ուշքի գալ, շունչ քաշել, որոշել անելիքը, նոր շարունակել լարված իրավիճակը, ամեն մի խումբ ինքն իրեն հարցնի՝ ո՞ր մի խնդրի ետևից վազենք, մեկը չսկսած, մյուսն են բացում, առաջինը մոռանում, երկրորդի ետևից ենք վազում: Հետո՝ երրորդը, չորրորդը, հազարերորդը: Ի՞նչ անենք, որ սայլը տեղից շարժվի: Թե չէ ամեն անգամ՝ լարված իրավիճակ է, հա՜ լարված իրավիճակ է ու թվում է հեսա, հեսա, էս անգամ մի բան կլինի… Հիմա էլ կուտակայինը: Ըհը՜, թվում է , թե չորս խմբակցություն արդեն միացել ու սուսերամարտի են գնում՝ էս անգամ որ հաստատ լարված իրավիճակ է, բայց հավատացնում եմ ձեզ, ոչ մի լարված վիճակ էլ չկա, ընդամենը գնում են նախկին ծեծված, ծեծկռտված ճանապարհով՝ Սահմանադրական դատարան: Իսկ իրենք լավ գիտեն, որ այդ դատարանում մեռել ու մեռնելու են բոլոր կենսունակ հարցերը: Մնում է հարցնել, էդ թուր ու թվանքը որ վերցրել, գնում եք կռվի, մինչև ո՞ր խաչմերուկն եք գնալու: Ձեր կռիվն էլ ենք տեսել, ձեր միավորումն էլ, ժողովրդին մենակ թողնելու ձեր խաղերն էլ… Խոսքս վերաբերվում է հատկապես Ժողովրդին հազար անգամ տաք ու սառը ջուր մտցնող Բարգավաճին:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ