Նրանք հույսով սպասում են

Նրանք հույսով սպասում են

Յուրաքանչյուր մանրուք, որն ազատության մեջ գտնվողներիս համար չնչին է, ցմահ դատապարտյալի կյանքում հատուկ նշանակություն ունի: Դռան փոքրիկ պատուհանի բաց կամ փակ լինելը, գրադարան եկած նոր գրքերը տեսնելը, մեկ բացված վարդը զբոսանքի գոտում իրադարձություններ են ցմահի կյանքում, իսկ խցից խուց տեղափոխվելը՝ գրեթե ճակատագրական փոփոխություն: Նման խնդրանքով ցմահ դատապարտյալները հաճախ են դիմում բանտապետին:



 



ԳԴԱԼՈՎ ՀԱՆԵՑ ԽՑԱԿՑԻ ԱՉՔԸ



2003 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ պետին ամենաշատը բողոքում էին նախկին ազատամարտիկ Սեյրան Մարկոսյանից, որն իր խցակցի աչքը հանել էր գդալի պոչով: Այդ դեպքից հետո նա առանձին խցում էր ապրում՝ լյուքս պայմաններ ցմահի համար: Սեյրան Մարկոսյանն իրականության հետ կապը կորցրել էր: Նա դատապարտված էր մահապատժի 92-ին, Բաղանիս գյուղում ապրող ամուսիններ Սոնային եւ Սերյոժային սպանելու, նրանց տնակից 800 ռուբլի գողանալու համար: Այդ գումարից Սեյրանն իրեն էր վերցրել 400 ռուբլին: Օրը երեք անգամ ճաշ, մեկ ժամ զբոսանք, 4 ամիսը մեկ տեսակցություն հարազատի հետ՝ բանտապետի թույլտվությամբ, մի քանի տարի անց՝ բանտային պսիխոզ, որից հաջողվում է խուսափել միայն ամենաուժեղներին: Սեյրան Մարկոսյանը դրանց թվում չէ: Իր մոտ եկող լրագրողներին ներկայանում էր ծնունդով հայ, իսկ գաղափարով՝ «ինտերնացիոնալիստ» եւ ուզում էր, որ իրեն ճանաչեն ամբողջ մոլորակում: Նրան տեսել եմ 2003 թվականին: Այն ժամանակ մահվան դատապարտվածները 42-ն էին՝ խոշտանգումների, բռնաբարությունների, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունների համար պատժված:  Ամենատարեցը Սերժիկ Բոցինյանն էր՝ սպանության եւ ավազակային հարձակման համար դատապարտված:



 



ՑՄԱՀՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ՉԿԱ



Այսօր, ըստ Քրեակատարողական վարչության տվյալների, 97 ցմահ դատապարտյալ կա, որոնցից մեկի 20 տարվա ազատազրկման ժամկետը լրացել է, եւ նա ենթակա է պայմանական վաղաժամկետ ազատման: Մյուսինը լրանում է հունվարի 20-ին, երկուսինն էլ կլրանա մոտակա ամիսներին: Նրանք, գործող օրենքի համաձայն, պետք է ներկայացվեն վաղաժամկետ ազատման, սակայն մինչ օրս, ըստ արդարադատության նախարարության տվյալների, ոչ մի ցմահ դատապարտյալ վաղաժամկետ ազատման չի ներկայացվել, եւ ոչ մեկի գործով վերանայում չի եղել: 2003 թվականի օգոստոսի 1-ի իր հրամանագրով ՀՀ երկրորդ նախագահը մահապատժի դատապարտվածներին շնորհեց ներում եւ, միաժամանակ, իրեն դատարանի լիազորություն վերագրելով, նոր սարսափելի պատիժ սահմանեց՝ ցմահ ազատազրկում, ինչն աննախադեպ երեւույթ էր ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական երկրների պրակտիկայում, քանի որ նախագահը կարող է ներում շնորհել, սակայն պատիժ սահմանելը բնավ նրա գործը չէ: «Այդ հրամանագրից հետո բոլորի գործերը պետք է վերանայվեին, եւ այդ դեպքում պետք է գործեր հին Քրեական օրենսգիրքը, այսինքն, նրանց համար առավելագույնը 18-20 տարվա ազատազրկման պատիժներ սահմանվեին, սակայն ոչ մեկի գործը չվերանայվեց»,- ասում է իրավապաշտպան,  Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, որը տարիներ ի վեր զբաղվում է դատապարտյալների խնդիրները բարձրացնելով: Ըստ նրա, սա իրավական կազուս էր, ինչպես, եւ 2011 թվականի Քրեական օրենսգրքի փոփոխությունը, որով որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի` նախկինում սահմանված 15 տարվա փոխարեն:



 



ՆՈՐ ՕՐԵՆՔ, ՆՈՐ ՀՈՒՅՍԵՐ



Դրանից հետո ցմահ դատապարտյալները նոր հույսեր ունեցան: Նրանք բազմիցս պահանջել են իրենց գործերի վերանայում, ամենածայրահեղ միջոցների գնալով: 2012 թվականին 25 դատապարտյալներ զանգվածային հացադուլ արեցին, սակայն՝ անարդյունք: «Ցմահ ազատազրկվածների դեպքում այդ փոփոխությունը մեղմացնող էր, հետեւապես, պետք է հետադարձ ուժ ունենար, սակայն ցմահների պատիժների ոչ մի վերանայում չեղավ: Իրավական տեսանկյունից բոլոր հիմքերը կան ցմահ դատապարտվածների գործերը վերանայելու, սակայն որեւէ քայլ այս ուղղությամբ չի արվում: Ուրիշ հարց էլ կա՝ նրանց հետ որեւէ ռեաբիլիտացիոն ծրագիր չի արվում: Իշխանությունները բացարձակապես չեն մտածում, որ այս մարդիկ ինչ-որ ժամանակ կարող են վերադառնալ ազատ կյանքի: 2012-ին լրացավ Մանուկ Սեմիրջյանի 20 տարին: Նրա ռեժիմը փոխեցին, տեղափոխեցին Արթիկի գաղութ, բայց նա մի քանի ամսից՝ նոր տարվա շեմին, մահացավ: Արծրունին եւ Մնջոյանն էին ներկայացվել վաղաժամկետ ազատման, երկուսին էլ, իմ կարծիքով, շինծու վարչական տույժերի ենթարկեցին, որ մերժեն»,- ասում է Իշխանյանը: Նա համոզված է, որ պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է: «Եթե քաղաքական որոշում լիներ վերանայելու, կվերանայեին: Այսինքն, այս հարցը մեզ մոտ իրավական հարթության վրա չի լուծվում»,- ասում է իրավապաշտպանը: Քրեական օրենսգրքերում կատարվող փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ցմահ դատապարտյալների փակ ռեժիմի փոխարինումը կիսափակով՝ 15 տարի պատիժը կրելուց հետո, ներկայիս 20 տարվա փոխարեն, դեռ նախագիծ են, եւ հայտնի չէ, թե երբ կիրականանան: Ըստ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի, դրանք ռազմավարական ծրագրի մասն են, որոնք օրենքի ուժ կստանան ոչ շուտ, քան 2015 թվականին: Ահա ինչու մեծ հույսեր կապել սրանց հետ՝ ուղղակի չարժե, ուստի հույսն այլ քայլերի վրա է:



 



ԵՍ ԳԻՏԵԻ, ԹԵ ՄԵՌԵԼ ԵՄ, ԲԱՅՑ ՉԷԻ ՄԵՌԵԼ



Հելսինկյան կոմիտեի նախագահն առաջարկում է պահանջել գործերի վերանայում կամ, ասենք, օրենք ընդունել, որի համաձայն, մինչեւ 21 տարեկանների վրա ցմահ ազատազրկումը չտարածվի: «Շատ երկրներում 21 տարեկանից փոքրերին ցմահ չեն տալիս, համարում են, որ հոգեբանորեն նրանք չափահաս չեն»,- ասում է իրավապաշտպանը, եւ աչքիս առաջ 19 տարեկանում դատապարտված  նախկին զինծառայող Ցոլակ Մելքոնյանն է, ամենաերիտասարդը ցմահ դատապարտյալներից, որին տեսակցեցի 2003 թվականին «Մահվան դատապարտվածները» վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նա լքել էր զորամասը եւ մյուս դասալիքների հետ «դեղ արած» փախել, վախից աջ ու ձախ կրակելով: Կրակոցներից մարդիկ էին մահացել: Իրավապահները նրան գտել էին ծառի վրա ծվարած՝  վախեցած, վիրավոր: Ինքն իր վրա կրակել էր, որ չբռնվի: «Ես գիտեի, թե մեռել եմ, բայց չէի մեռել»,- ասաց ինձ Ցոլակ Մելքոնյանը, ցույց տալով թեւատակից մինչեւ թիակ ձգվող սպին:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ