ՍԴՀԿ-ն կներկայացնի իր «ճանապարհային քարտեզը»

ՍԴՀԿ-ն կներկայացնի իր «ճանապարհային քարտեզը»

ՍԴՀԿ մամլո դիւանի պատասխանատու Արթուր Ղահրամանյանի մեկնաբանությունը Կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին



Այն, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը վերջապես փորձում է իր ձեռքը վերցնել իր իսկ խնդիրների բարձրաձայնման իրավունքը, միանգամայն ողջունելի է և սատարվում է Հնչակյան կուսակցության կողմից: Այս ներդրվող համակարգը հնարավոր է և կարող է աշխատել եվրոպական զարգացած երկրներում, սակայն Հայաստանի տարբերակում պարզից էլ պարզ է, որ անհրաժեշտ է գտնել այլ, ավելի ընկալելի և հեռանկար ունեցող լուծում:



Քաղաքացին վստահ չէ, որ իր մուծած գումարները տասնյակ տարիներ անց համարժեք իրեն են վերադարձվելու, և դրա իրավունքն իսկապես ունի, հաշվի առնելով գործող համակարգի վստահության դեֆիցիտը: ՍԴՀԿ-ի խոր համոզմամբ, քաղաքացիների գումարները պետք է ապահովագրված լինեն ցանկացած ռիսկերի պարագայում, որի երաշխավորը պետք է լինի պետությունը՝ ի դեմս Կենտրոնական բանկի:



Այսինքն կենսաթոշակայինի մասով ՍԴՀԿ-ն հանրահավաք հրավիրած քաղաքացիների հետ է, միանշանակ: Մեր բազմաթիվ կուսակցական ընկերները մասնակցել են այդ հավաքին, ինչը ողջունվել է ՍԴՀԿ ղեկավարության կողմից:



Այստեղ, սակայն, կա մեկ մտահոգեցնող երևույթ: Քաղաքական դաշտում փորձեր են արվում որ այս հանրահավաքի փաստը կապել նախկին նախագահ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու ցանկության հետ:



ՍԴՀԿ-ն Քոչարյանի իշխանության տարիներին եղել է ընդդիմության շարքերում, իր վրա անմիջականորեն զգացել այն ռեպրեսիաները, որոնք իրականացվում էին պետական իշխանության կողմից: Մեզ համար անընդունելի է նախկին օրերի վերադարձը, ուստի որևիցե պլատֆորմ, որը կարող է ուղղված լինել այդ խնդրի լուծմանը, մեզ համար իհարկե մերժելի է:



Շարունակելով միտքը, պետք է անպայման նշեմ, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե այս կամ այն պետական պաշտոնյայի, այլ համակարգի փոփոխություն, որի նպատակով էլ Հնչակյան կուսակցությունը նախաձեռնել է Ձախ ուժերի միություն, ինչի շուրջ բանակցությունները բազմաթիվ քաղաքական կազմակերպությունների հետ շարունակվում են:



Առաջիկայում մենք հանդես կգանք այդ նախաձեռնությամբ՝ հանրությանը ներկայացնելով երկիրն այս իրավիճակից դուրս բերելու մեր պատկերացրած «ճանապարհային քարտեզը», որտեղ առաջնայինը պետք է լինի համակարգի օր առաջ փոփոխության վրա: