Կուզեի, որ մեր բոլոր գեներալները գլխահակ խոնարհվեին շարքային զինվոր- հերոսի առաջ

Կուզեի, որ մեր բոլոր գեներալները գլխահակ խոնարհվեին շարքային զինվոր- հերոսի առաջ

 



… Ու ամեն զինվոր Արմեն է: Ամեն զինվոր թշնամու դեմ վահան ու զրահ է: Բոլոր զինատեսակներից ամենահզոր զենքը: Ահա թե ում համար պետք է դողա բանակի հրամանատարի սիրտը, ահա թե ում վրա պետք է հենվի բանակը: Շարքային զինվորի: Սա ավելորդ անգամ վկայությու՞ն չէ, թե ժողովուրդն ինչու է գլուխը ափերին ու լափերին խփում,  երբ խաղաղ պայմաններում զինվոր է մեռնում: Պատճառ չէ՞ հասկանալու, թե ինչու չեն լռում հայ մայրերը, երբ ներքին գնդակն է աշխատում: Սեյրան Օհանյանը չգիտեմ՝ տեղյա՞կ է այս պատմությանը, բայց չեմ զլանա ու կրկին անգամ կպատմեմ, որովհետև այն ոգեղեն պատմություն է, ու Սեյրանը՝ լինելով գորիսեցի, պետք է որ գիտակ լինի հողը պաշտելու սյունեցու անձնուրացությանը: Աղոտ եմ հիշում, բայց կփորձեմ վերարտադրել: Արցախյան պատերազմի ժամանակ Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղը, որը գտնվում էր հենց թշնամու քթի տակ, ակտիվ հրետակոծության տակ էր: Այդ ժամանակ ինքնապաշտպանական շտաբի հրամանատարն էր քաջարի կոռնիձորցի Սեյրան Գալստյանը: Գիշերը գաղտագողի մի քանի ազերի մտնում են Կոռնիձոր ու գյուղի ծայրամասում գտնվող մի տուն են ներխուժում: Ընտանիքի անդամների հետ մանրամասն չեմ հիշում, թե ինչպես են վարվում, կարծեմ սպանում են պապին, առևանգում 8-10 տարեկան տղա թոռանը: Նրան շալակն է առնում մի թուրք ու ծլկում: Ճանապարհին տղան, որը թուրքի շալակին էր, ետևի կողմից երկու մատները  մտցնում է թուրքի աչքի բիբերի մեջ,   հանում նրանք: Թուրքը գազանի պես ոռնում, վայր է գցում տղային ու սարսափահար փախչում: Տղան ազատվում է: Սա միայն այդ տղայի արծվասրտության մասին չի խոսում, այլ Կոռնիձորում տիրող այն ժամանակվա մարտական վիճակն է արտահայտում: Ու՞ր է, ո՞վ է հիշում հիմա, որ Սեյրան անունով ինքնապաշտպանական շտաբի հրամանատար է եղել, ով ահ ու սարսափի մեջ է պահել Զաբուղի տակ ծվարած թուրքին: Նրանք կռվեցին, հերոսացան չկռվողները,  ավելին, նրա եղբորը՝ Շռամ Կամոյին, ով արծվի սիրտ ուներ ու բազմիցս եմ ականատես եղել նրա քաջագործություններին, պատերազմից հետո մի օր պետական մակարդակով շուրջկալ արին: Նա չէր հանձնվում ու մի ողջ  պատրաստված դիվիզիա էր հանվել նրա դեմ: Հերոս գյուղը, որ թշնամու առաջ ծնկի չէր եկել, կծկվել էր: Կամոն սպանվեց: Ինչու՞, ինչ էր արել, ոչ ոք այդպես էլ չիմացավ, միայն պատմում էին, որ Կամոն  հոխորտացել է,  որ կսպանի Լիսկային, ու դա է եղել պատճառը: Համարենք դա օդում պտտվող խոսակցություն, իսկ ո՞րն է ճշմարտությունը:



… Ու կրկին անդրադառնանք թշնամու գնդակից զոհված զինվորին: Ոչ մեկը չբարձրաձայնեց՝ ինչու՞ սպանվեց, որովհետև կռվող երկրի քաղաքացու համար պարզից էլ պարզ է՝ պատերազմը դեռ չի ավարտվել, ու հողը արյունով են պահում: Կծկվեց հայի սիրտը, բայց ձայն չհանեց, որովհետև այս մի կտոր հողը պահելու համար թանկ արյուն է պետք: Զինվորական փորձառությամբ չէ, որ արյունը թանկանում է, այլ նվիրվածությամբ, խիզախությամբ: Այդ արյան առաջ խունանում են զինվորական ամենաբարձր կոչումները, ու ես կուզեի, որ մեր բոլոր գեներալները գլխահակ խոնարհվեին շարքային զինվոր- հերոսի առաջ: Փառք քեզ, մեր հերոս տղա, մեր արծվասիրտ Արմեն:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ