Մի մասը՝ կուտակային կենսաթոշակի, մյուսները՝ իշխանության դեմ

Մի մասը՝ կուտակային կենսաթոշակի, մյուսները՝ իշխանության դեմ

Հունվարի 18-ի հանրահավաքին, որը նվիրված էր կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարին, Ազատության հրապարակ էր եկել, պաշտոնական տվյալներով, վեց հազար, ոչ պաշտոնականով` մինչեւ 10 հազար քաղաքացի:



Սակայն հրապարակում հավաքվածներին կարելի էր բաժանել մի քանի խմբի: Մի մասը դուրս էր եկել ռեժիմին տապալելու նպատակով, եւ այդ դժգոհությունը կապված չէր կուտակային կենսաթոշակի օրենքի հետ, մյուսը սոցիալական պատճառներով՝ թանկացումների ու գործազրկության դեմ պայքարողների հատվածն էր, իսկ մի մասն էլ թքած ուներ՝ իշխանությունները կհեռանան, թե կշարունակեն գործել, միայն թե իրենց աշխատավարձի 5 տոկոսը չպահեն: Իսկ հարթակում իսկական շիլաշփոթ էր: Շատ պարզ երեւում էր, որ տարբեր քաղաքական ուժերին այդ հարթակում միավորել է ոչ թե բուն խնդիրը, այլ  նեղ կուսակցական շահը, եւ քանի որ լեցուն հրապարակ ապահովելը նրանցից շատերի համար անհասանելի երազանք է, ուստի սա հրաշալի հնարավորություն էր պոպուլիզմով զբաղվելու: ՀԱԿ-ին, օրինակ, Ազատության հրապարակ էր բերել հանցավոր ռեժիմի հեռացման մշտնջենական պահանջը: Նրանց դաշնակից ԲՀԿ-ին`ռեժիմի մի մասնիկի` Տիգրան Սարգսյանի աթոռի դեմ ուղղված վաղնջական նկրտումները, ՀՅԴ-ին` ոչ մեկը, ոչ մյուսը, «Ժառանգությանն» էլ` դե, ինչ պատահի: Մի խումբ երիտասարդ կազմակերպիչները, որոնք «Դեմ եմ» շարժման մասնակիցներն էին, պարբերաբար հիշեցնում էին, որ իրենց հրապարակ է բերել օրենքը, եւ հասկացնում էին, որ հարցը չքաղաքականացնեն: 



Չնայած սրան, հարթակից ներքեւ երիտասարդական ոգեւորիչ էներգետիկա կար, որը հավատ էր ներշնչում, որ եթե պայքարը չթուլանա, ու նորանոր երիտասարդներ ներգրավվեն, հնարավոր է իշխանությունը հարկադրված վերանայի օրենքը եւ իր քաղաքականությունը: Հավաքից հետո տեղի ունեցավ  բազմահազարանոց երթ: Եվ եթե նախկինում թեթեւ հրմշտոց արձանագրվում էր քաղաքացիների ու ոստիկանների միջեւ, ապա այս անգամ ավարտվեց  ոստիկանների ու քաղաքացիների համատեղ ուրախությամբ: Երիտասարդները պարում էին, հայտնի միտինգ ցրող Երեւանի փոխոստիկանապետ Օսիպյանն էլ՝ նրանց ծափահարում: 



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ