Հին Երուսաղեմ, Հայկական թաղամաս

Հին Երուսաղեմ, Հայկական թաղամաս

Սուրբ քաղաքում գտնվող Հայկական թաղամասի եւ հայության իրավունքերի մասին այս հոդվածաշարը “Հրապարակում” տպագրվել է 2011-ին: Այժմ Սուրբ Հարության տոնին, երբ քրիստոնյա հավատացյալների հայացքներն աշխարհի չորս ծեգերից ուղղված են դեպի Երուսաղեմ եւ Սուրբ Հարության տաճար, որոշեցինք “Հրապարակի” էլեկտրոնային տարբերակում վերստին հրապարակել երեք հոդվածներից կազմված շարքը:2011-ից ի վեր փոխվել է այն, որ 2012-ի հոկտեմբերին վախճանվեց Թորգոմ Պատրիարքը եւ Երուսաղեմի Հայոց նոր պատրիարք է ընտրվել Նուրհան Սրբազանը:



 Հին Երուսաղեմ, Հայկական թաղամաս



Լուսինե Պետրոսյան



09.05.2011



 Հին Երուսաղեմը կամ Սուրբ Քաղաքը պարսպապատ մի տարածք է, որն ունի չորս թաղամասեր` Քրիստոնեական, Մահմեդական, Հրեական եւ Հայկական: Այդ չորս թաղամասերը գտնվում են Սուրբ Քաղաքը բոլորող պարսպից ներս, որն ունի յոթ դարպասներ` Յաֆֆայի Դուռը, Սիոնի Դուռը, Dung Gate (բառացի՝  Աղբի Դուռ), Առյուծի Դուռը, Հերոդի Դուռը, Դամասկոսի Դուռը եւ Նոր Դուռը: Կենտրոնականը Յաֆֆայի Դուռն է, որից աջ տարածվում է Հայկական թաղամասը, ձախ` Քրիստոնեական թաղամասը:



 



 Աստծո հատուկ ժողովուրդը



 



Երուսաղեմում հայերը կատակում են, թե «Հրեաները Աստծո ընտրյալ ժողովուրդն են, իսկ հայերը` հատուկ ժողովուրդը»: Դրան անհնար է առարկել: Հայերը միակ ժողովուրդն են երկրագնդի վրա, որ Սուրբ Քաղաքի մի հատվածի տիրակալն են ոչ թե կրոնական համոզմունքների համար, այլ ազգային պատկանելությամբ:



 



Հայության իրավունքները Սուրբ Քաղաքի հանդեպ սկիզբ են առել այն ժամանակներում, երբ, համաձայն քրիստոնեական պատմությունների, Եդեսիայի Աբգար արքայի կինը՝ ազգությամբ հայ Հեղինե թագուհին, Մարիամ Աստվածածնի հետ բարեկամություն է հաստատել եւ տեղափոխվել ապրելու Երուսաղեմում: Երկու կանայք ողբացել են Հիսուսի մահը, մասնակցել են քրիստոնեական համայնքի կազմավորմանը եւ եղել են առաջին հոգատարը Տերունական սրբավայրերի: Հեղինե թագուհին է առաջին մատուռը կառուցել Բեթղեհեմում` Քրիստոսի Ծննդյան Այրի վրա, եւ, ըստ ավանդությունների՝ դարձյալ Հեղինե թագուհին է հողին հանձնել գլխատված Հակոբոս Զեբեդիա առաքյալի գլուխն այն վայրում, որտեղ Հիսուսի հորեղբորորդու եւ Քրիստոնեական եկեղեցու առաջին պատրիարքի` Հակոբոս Տեառնեղբոր տունն էր, իսկ այժմ բարձրանում է Հայոց Սբ. Հակոբյանց տաճարը: Հետագայում հայերը եկեղեցիներ են կառուցել Տերունական սրբավայրերի վրա կամ մասնակցել Հունաց կողմից դրանց կառուցմանը, բայց Armenian Road-ն այդպես է կոչվել եւ գտնվել է նույն վայրում, ուր գտնվում է այսօր, դեռ Քրիստոսի Ծննդից առաջ: Այսօր այդ փողոցը կոչվում է Հայոց պատրիարքության փողոց եւ գոտեւորում է Սիոն լեռան կատարը:



 



Աներեւակայելի է, բայց Աստված հայ ժողովրդին է տվել ոչ միայն բիբլիական Արարատ լեռը, որի վրա իջավ Նոյյան տապանը, եւ մարդկության նոր արշալույսը ծագեց: Աստծո կամոք հայությանն է պատկանում նաեւ Սիոն լեռան գագաթը, որը, ըստ հավատացյալների` Աստծո ներկայության վայրն է Երկրի վրա: Աստծո այդ կամքը եւ հայության իրավունքները ճանաչել են ամենքը` հունաց կայսրերից ու Մուհամեդ առաքյալից մինչեւ Օմար խալիֆ ու օսմանյան սուլթաններ, մինչեւ 1967-ի Վեցօրյա պատերազմում Հին Երուսաղեմ մուտք գործած Իսրայելի իշխանություններ: Ինչու է Աստված հենց հայերին ընտրել եւ ոչ թե մեկ այլ ժողովրդի:



 



Ինձ համար այդ հարցը պատասխան ունի: Անկախ նրանից՝ հայերն իբրեւ հավաքականություն ինչ կարող են անել կամ չեն կարող, բոլոր ժամանակներում հայերի մեջ գտնվում են անհատներ, որոնց մեծությունն ուղղակի վերմարդկային է: Հայերն իրենց կերպարով շատ մոտ են կանգնած Աստծուն, որովհետեւ նրանք բազմությամբ չեն գոյատեւում ու արարում, այլ անհատներով, որ իրենց հզորությամբ ու կարողությամբ ամբողջ ժողովուրդների ստվերի մեջ կթողնեն: Երբ Սբ. Հակոբյանց տաճարում ինձ Գրիգոր Շղթայակիր պատրիարքի խաչն ու շղթան ցույց տվեցին, մտածեցի. «Տեր իմ, Աստվա՞ծ է այսպիսի անհատներ տալիս հայությանը, թե՞ հայությունն է այդ անհատներին արարում` ի տես մարդկության եւ ի փառաբանություն Աստծո»: Ո՞ր ժողովուրդն է ունեցել պատրիարք, որ մետաղե ծանր շղթան ու խաչը վզից չվերցնելով, հետիոտն կանցներ քաղաքներ ու երկրներ` գումարներ հանգանակելու եւ իր միաբանությանը պատկանող մասունքները պարտատերերից փրկելու համար: Հայոց Գրիգոր Շղթայակիր պատրիարքը դա արել է 18-րդ դարում: Եվ ոչ միայն Սբ. Հակոբյանց միաբանության գանձերն է փրկել, այլեւ գնել է նոր կալվածքներ եւ հաստատել Սուրբ Քաղաքի Հայկական թաղամասն այն սահմաններում, որ կա այսօր: 19-րդ դարում Պալյան ընտանիքը (Օսմանյան կայսրության շքեղագույն` Դոլմաբախչե պալատի  ճարտարապետները) Երուսաղեմի Հայոց պատրիարքության նոր շենքն են կառուցել Սուրբ Քաղաքում, որին հետո ուրիշներն ընդօրինակել են: 20-րդ դարում Գյուլբենկյանն է Հայկական թաղամասը բարենորոգել, ասում են` ազդվելով Եղիշե Դուրյան պատրիարքի կշտամբանքից, թե ինքը ունեցվածքի միայն փշուրներն է տալիս հայությանը: Որքան այդպիսի հայեր կան, որ միայնակ արժեին պետություններ ու ժողովուրդներ, որոնց կերպարով ընկալում ես, թե ինչ է հայ, եւ ինչու Աստված երկրագունդը բնակեցնող հազարավոր ժողովուրդներից միայն հայերին պիտի հաստատեր Սուրբ Քաղաքում` իրենց ազգային պատկանելության համար, ու նրանց տար Սիոն լեռան գագաթը:



 



 



Հայոց Սրբոց Յակոբյանց միաբանությունը



 



Հայկական թաղամասի սեփականատերերի` Սբ. Հակոբյանց միաբանության եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքների մասին մի հոդվածում, բացի անուններ թվարկելուց, ուրիշ ոչինչ չես հասցնի գրել: 1400-ամյա պատմություն եւ մեծություններ: Միայն քսաներորդ դարում` Եղիշե Դուրյան պատրիարք, Եղիշե Տերտերյան պատրիարք... Ներկա մեր պատրիարքին` Թորգոմ Սրբազանին, Երուսաղեմում ես հանդիպեցի, որքան էլ չէի հավատում, թե դա հնարավոր կլինի: Նախ Սրբազանը լրագրողների գործնականում չի ընդունում, հետո առողջությունն է շատ տկարացած` անգամ պատարագների է դժվարանում մասնակցել:



 



Թորգոմ պատրիարքին ես մի անգամ հանդիպել էի 90-ականների կեսերին, Երեւանում, զրուցեցինք Արարատյան թեմի առաջնորդարանի խոհանոցում, եւ ինչ-որ դրվագներ մինչեւ հիմա հիշում եմ: Հատկապես, երբ ասացի, որ իմ տատիկն էլ է Բաքուբայի ճամբարով անցել (դա Բաղդադի մերձակայքում անգլիական իշխանությունների ստեղծած ճամբարն էր, որտեղ ապաստանում էին Դեր-Զորում ողջ մնացած հայերը, Թորգոմ պատրիարքն այդտեղ է ծնվել, 1919-ին), Սրբազանն ասաց. «Օ՜, ըսեր է՝ բարեկամ ենք...»: Համատարած մահվան մեջ մնացած այդ օազիսում վերապրողները կարող էին դառնալ ավելին, քան բարեկամը, այնպես որ վստահ պատասխանեցի. «Քանի որ տատիկիս հետ բարեկամ եք...»: Այժմ, տարիներ հետո, պատրիարքը փոքր-ինչ ծերացած էր, բայց ինչը խորագույն հարգանք ու հիացմունք ներշնչեց՝ իր կեցվածքն էր: Սրբազանը իննսունն անց է, քայլում է ոչ թե հենակով, այլ կիսասայլակի հենված, պատահել են դեպքեր, երբ գիտակցությունը կորցրել է, արդեն ֆիզիկապես դժվար է ապրել, սակայն կեցվածքում չկա թուլության թեկուզ ստվեր: Այնպես զգաստ է, հաստատուն, արժանապատիվ... Ոգու արիստոկրատիան` մինչեւ վերջ բարձրության վրա գտնվելու հզորությունն ու պատվախնդրությունը, իրենից ուղղակի ճառագում է: Այլ հարց, որ պատրիարքարանի շատ աշխատանքներում, արտաքին, միջազգային շփումներում Սրբազանն արդեն ֆիզիկապես չի կարողանում ներգրավվել, ինչի համար ցավում էր:



 



Իսկ հոգեւոր կառույցում, ինչպես արքունիքում կամ բանակում, որքան էլ յուրաքանչյուրն իր պարտականությունները կատարի, գերագույնի դերը չի լրացվի: Հավանաբար հենց այս մտահոգությունն է դեր խաղացել, որ անցյալ տարի նոյեմբերին Թորգոմ պատրիարքը գրավոր կարգադրել է` ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի պատասխանատվությամբ մի հանձնախումբ ձեւավորել, որը Երուսաղեմի հայոց պատրիարքության կանոնադրության մեջ Աթոռակից պատրիարքի պաշտոն հաստատելու հոդվածները նախապատրաստի, եւ Աթոռակից պատրիարք ընտրվի: Մայիսին, տարեկան ժողովին համընթաց, հուսանք՝ փոփոխությունները կկատարվեն: Աթոռակից պատրիարքի թեկնածուները, թվում է, երկուսն են` ելնելով եկեղեցում վարած պաշտոններից, հեղինակությունից, ծառայություններից` Նուրհան Սրբազանը, որ Սբ. Հակոբյանց միաբանության Լուսարարապետն է, պատրիարքից հետո երկրորդ անձը, եւ Խաժակ Սրբազանը, ով ԱՄՆ Արեւելյան թեմում փոխարինել է Թորգոմ պատրիարքին, երբ վերջինս տեղափոխվել է Երուսաղեմ: Նուրհան Սրբազանի հետ զրուցեցի, ինքը համոզված էր, որ Թորգոմ պատրիարքը միաբանությունը Աստծո կամոք եւ իր կարողությամբ ղեկավարում է, եւ եթե մի պահի զգա, որ այլեւս չի կարող, ուղղակի կհրաժարվի Աթոռից: Հավանաբար Խաժակ Սրբազանն էլ է նույն կերպ մտածում, որ քանի ամիս կանոնադրական փոփոխությունները չեն ներկայացվում: Սուրբ միաբանության խնդիրները տնօրինում են միաբանությունն ու Աստված, բայց եթե պատրիարքն ինքն է աթոռակցի խնդրով կարգադրություն արել, մի՞թե դա ձեւականություն է: Թվում է՝ օրախնդիր անհրաժեշտություն է, որովհետեւ Սուրբ Քաղաքում ու նրա սահմաններից դուրս, մինչեւ Բեթղեհեմ, Ամման ու Հայֆա հայոց իրավունքները, կալվածքները, հասույթները պահպանելու եւ ընդարձակելու համար Հայոց պատրիարքին օրվա 48 ժամ է հարկավոր եւ բացարձակ առողջություն:



 



 



Հին քաղաքի անցուդարձը



 



Թորգոմ Սրբազանի հետ զրուցելիս հարցրեցի Հին Քաղաքի շուրջ ընթացող միջազգային անցուդարձից, մեր թաղամասի շուրջ զարգացումներից: Սրբազանը հանգիստ էր, եւ մեր գաղութում շատերն են հանգիստ` անկախ նրանից, թե սկսվող-ընդհատվող իսրայել-արաբական բանակցությունների մասին ինչ ասեկոսեներ են հայությանը հասնում: Ինչպես Իսրայելի նախագահն է ասում, ամենաբարդ հարցը Հին Երուսաղեմի խնդիրն է: Եթե վաթսուն տարի նույնիսկ Նոր Երուսաղեմի շուրջ համաձայնություն չի գոյանում, ո՞վ կհավատա, թե տեսանելի ապագայում Հին Երուսաղեմի շուրջ կարող է որեւէ համաձայնություն կնքվել: Նույնիսկ դժվար թե դա երբեւէ պատահի:



 



Դժվար թե Իսրայելը երբեւէ ցանկանա Հին քաղաքի այնպիսի բաժանում, որ, Հրեականից բացի՝ բոլոր թաղամասերն անցնեն արաբական հսկողության տակ: Իսկ որպեսզի Քրիստոնեական թաղամասն անջատվի Մահմեդականից, Հայկականն էլ՝ Քրիստոնեականից, դա էլ ավելի անհավանական է: Պատահում են նաեւ կարգավորվող խնդիրներ: Օրինակ իմ՝ Երուսաղեմում գտնվելու օրերին մի փաստաթուղթ տեսա, որն ընդունվել էր Հին Քաղաքի քրիստոնեական բոլոր Աթոռների գահակալների կողմից եւ դատապարտում էր Իսրայելի իշխանությունների փորձերը` քրիստոնեական եկեղեցիների կալվածքների վրա հարկեր եւ տուրքեր սահմանելու: Տեղյակ չեմ, թե փաստաթղթին հետո ինչ ընթացք տրվեց, բայց հավատացած եմ, որ Իսրայելի կառավարությունը միասնաբար հանդես եկող քրիստոնեական եկեղեցիներին չի ցանկանա հակադրվել: Դա չափազանց վտանգավոր կարող է լինել` սկսած զբոսաշրջությունից եկող միլիարդավոր դոլարների հասույթները կորցնելուց եւ գործազրկության մեծ ալիքի բախվելուց մինչեւ միջազգային ասպարեզում` Աստված մի արասցե, քրիստոնյա աշխարհի արձագանք: Հասկանալի է՝ Իսրայելը շատ քիչ հող ունի, տեղական մարմիններն աշխատում են ամեն կերպ հնարավորինս մեծ հասույթ գանձել անշարժ գույքից, բայց եկեղեցու, սինագոգի կամ մզկիթի կալվածքներն ու ունեցվածքն այն չէ, ինչի հանդեպ կարելի է թույլ տալ ոտնձգություն:



 



 



Շարունակելի