… Ի՜, խուսցնում իլ է՜, սիրտս քամա գնում

… Ի՜, խուսցնում իլ է՜, սիրտս քամա գնում

Փորձեք մի օր դուք էլ հենց այսպես, անզեն աչքով նայել բանակ գնացողներին ու նրանց ճանապարհողներին: Կողքից կանգնեք ու նայեք: Ամառային զորակոչն արդեն սկսվել է և ուզում եմ, որ  պաշտոնյաները, մեծավորները, մեծ-մեծ փողեր ունեցողները զըռ-զըռ բաներ խոսելուց առաջ մի օր գնան ու տեսնեն, թե ինչ խավի երեխեք են բանակ գնում ու նրանց ինչպես են բանակ ճանապարհում ծնողները, հարազատները:  



 



Չափազանցնում ես, կասեք, բայց խնդրում եմ, եթե ձեր տեսած խմբերի մեջ մի բարձրաստիճանի տղա տեսնեք, իմաց արեք, որ գամ ու  պատի ծակը չոփ կոխեմ: Հարազատների հագ ու կապից երևում է, որ քրտինքով, ծեր ծերին հազիվ հասցնող մարդիկ են հավաքվել ու ամեն մեկն իր արու զավակին բանակ է ճանապարհում: Ում խոսցնում եմ, լաց է լինում՝ սիրտս լիքն է, մի խոսցրու։



 



… Իսկ թիկունքում մեծավորները սև ամպի պես գոռգոռում են՝ մեր բանակը զորեղ է, ամենազորեղն է: Ինչո՞վ է զորեղ, ա՜յ քամու բարձրացրած փետուրներ: Ձեր եղած ու երկրի համար չեղած տղաներո՞վ, որ մեկը ասպիրանտուրայի փետուրների տակ է թաքնված, մեկը պապայի փողերի ծալքերում, մեկն էլ պաշտոնական աթոռների ետևում:  Բանակի ամրության հիմքի համար կարո՞ղ եք ասել՝  ինչ եք անում:



 



Հայրենակիցս, որ ջահել կնոջը թաղել ու դեռ սևի մեջ էր, երկու տղաներին բանակ էր ճանապարհում:



-Խի՞ երկուսին միասին ես ուղարկում,- հարցրի:



- Ի՜, քիրա, մեծ մեծ տղաներ են, ուտե՜լ են ուզում,- թող գնան, գոնե կիմանամ, որ քաղցած չեն: - Ո՞վ պիտի նրանց հաց ու ջուր անի, մերը չկա,- ասաց ու լցվեց,- ի՜, խուսցնում իլ է՜, սիրտս քամա գնում:



Ասաց ու երեսը թեքեց, ասաց ու տղաներից արցունքները թաքցրեց, հետո հազաց, որ ձայնը չխեղճանա, ու տղաներին կանչելով, ասաց.



-Պենդ կկենաք, պապան ծեր դիբեդին կաղնած ա…



Նայեցի մի բուռ դարձած, ոսկորները հաշվվող պապային, հայացքով ընդգրկեցի մնացած պապաներին և ուզում էի գոռալ՝ ու՞ր եք հաստափոր ու հաստավիզ պապաներ, ու՞ր են զարդերի մեջ կորած ձեր կանայք ու կուշտ փորով ձեր տղաները:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ