Մոդեստ Կոլերովի գռեհկությունը և հայկական ռուսալեզությունը

Մոդեստ Կոլերովի գռեհկությունը և հայկական ռուսալեզությունը

Թաքցնելու ոչինչ չունենք: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ակնառու քաղաքական գործիչ, ճկուն դիվանագետ, քաղաքական հարցերում եփված խաբեբա չես ասի: Նրա պարագայում նույնիսկ մեղք է նման բան մտածելը: Բայց ասա «Մուկ», եւ իսկույն ամեն ինչ տեղը կընկնի` փողի եւ սեփական շահի սուր հոտառություն, տանող, գործարար արագաշարժություն, կազմակերպչական ջիղ, հարցերը գյուղական կարգով լուծելու հմտություններ, ընտրակեղծիքների մեծ վարպետ: Մի խոսքով` Աբրահամյանի տատը այդ կենդանու տոտեմական ողջ ուժով է բնութագրել թոռան ապագա էությունը:



Ո՞վ է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Հովիկ Աբրահամյանից լավը չլինի, բայց նրան էլ որեւէ քաղաքական կամ տնտեսագիտական ուղղության ակնառու դեմք չես համարի: Նա մի պաշտոնյա է, որին ՌԴ նախագահ Պուտինը պահի թելադրանքով նշանակում է այս ու այն պաշտոնին: Կատարյալ «քինդեր»` առանց սյուրպրիզի: Հո չե՞ք մտածում, որ ռուս-վրացական 5-օրյա պատերազմում Մեդվեդեւը հաղթեց: Հասկանալի է, չէ՞, որ նա այդ օրերին նախագահ էր աշխատում վարչապետ Պուտինի մոտ: Իսկ նկատե՞լ եք, որ Մեդվեդեւը փորձում է նույնիսկ Պուտինի քայլվածքը կապկել: Սրան նույնիսկ «Մուկ» չես ասի…




Մեր նպատակը, սակայն, Հովիկ Աբրահամյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի համեմատական վերլուծություն անելը չէ: Այս նախաբանով փորձեցինք հասնել Հայաստանի քաղաքական եւ լրատվական դաշտն ալեկոծած հայտնի դիպվածին: Իսկ դա իրոք դիպված էր, եւ այն այլ խոսքով չես անվանի: Խոսքը Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին է, ըստ որի՝ Մեդվեդեւը Հայաստան էր գալու: ՀՀ վարչապետը նույնիսկ ամսաթիվ էր նշել, ասել, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մեդվեդեւի հետ իրենց հանդիպման ժամանակ: Պարզվեց, սակայն, որ Մեդվեդեւը չի գալիս եւ, որքան մեզ հայտնի է, ոչ թե Հովիկ Աբրահամյանի շտապողականության, այլ այն հիմար իրավիճակի պատճառով, որի մեջ ընկել է Ռուսաստանը` չիմանալով ինչի պոչը բռնել` Ուկրաինայի՞, քանդվող ԵՏՄ-ի՞, օրեցօր սաստկացող պատժամիջոցների՞, թե՞ իր ռազմավարական գործընկերների, որոնց անընդհատ հեռացնում է իրենից` իր մեծապետական շովինիզմով:




Այդ դիպվածը թերեւս Հովիկ Աբրահամյանի բացատրություններով էլ հարթվեր, եթե հայկական կայքերից մեկը չփորձեր ամեն գնով պարզել Մեդվեդեւի չգալու պատճառները եւ չդիմեր աշխարհահռչակ, հասկանում ես, քաղաքագետ Մոդեստ Կոլերովին, թե ճի՞շտ է ասում, արդյոք, ՀՀ վարչապետը, որ վարչապետների հանդիպման եւ բանակցությունների ձեւաչափը փոխվել է նախագահականով:



Մենք միշտ ասել ենք եւ հիմա էլ կրկնում ենք` ռուսամետությունը քաղաքականություն է, իսկ ռուսալեզությունը շատ տգեղ զբաղմունք: Այդ կայքի իմ կոլեգաներին խորհուրդ կտայի ռուսալեզություն չանել, երբ որեւէ հայ պաշտոնյայի, թեկուզ անձնական նկատառումներով, չես համակրում: Այդ պաշտոնյային քննադատեք սրտներիդ ուզածի չափ, բայց թույլ մի տվեք, որ ձեր լրատվամիջոցով դա անի օտարը: Ոչ մի հայ պաշտոնյա այնքան չարժի, որ նրա պատճառով ազգային արժանապատվությունդ աճուրդի հանես:



Ո՞վ է Մոդեստ Կոլերովը: Նրա անուն-ազգանունը նույնիսկ ոչինչ չի ասում իր ծագման մասին: Հայտնի է միայն, որ նա ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական է: Այսինքն՝ շատ էլ մեծ ք… չի: Դմիտրի Կիսելյովն էլ 1-ին կարգի իդիոտ է, հետո՞…



Ինչո՞ւ պետք է այդ Կոլերովի հետեւյալ խոսքերը տիրաժավորվեն հայկական լրատվամիջոցով. «Աբրահամյանի հայտարարություններին լուրջ վերաբերվել պետք չէ, քանի որ վերջին երեք ամիսների ընթացքում նա այնքան հայտարարություններ է արել, այդ թվում՝ այնպիսիք, որոնք որեւէ առնչություն չունեն իրականության հետ, ավելին՝ անհիմն են, ֆանտազիաներ են»: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ նույն լրատվամիջոցն այս նույն մարդու շուրթերով, մեղմ ասած, միջազգային մասշտաբի քննադատություն է հնչեցնում Հայաստանի եւ ՀՀ վարչապետի հասցեին: Նկատենք, սակայն, որ այս կարգի քննադատությունները, ուզենք, թե չուզենք, միջնորդավորված ձեւով շոշափում են նաեւ ՀՀ նախագահի ինստիտուտը, եւ այն տպավորությունն է ստեղծվում, որ Մոդեստ Կոլերովը ոչ միայն ՌԴ, այլեւ ՀՀ 1-ին կարգի պետական խորհրդական է:



Կարծում եմ` շատ էլ սխալված չեմ լինի, եթե Մոդեստ Կոլերովին եւ նրանով հիացած մեր որոշ ազգակիցների ասեմ, որ ամենամեծ ֆանտազյորները, հատկապես ՄՄ-ի եւ ԵՏՄ-ի գծով, Մոսկվայում են նստում եւ մի այնպիսի ֆանտաստիկ կաշա են եփել, որից իրենք էլ գլուխ չեն հանում:




ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության քանի՞ ամսաթիվ է նշվել մինչ օրս: Թող ուրեմն Կոլերովը բարի լինի ասել, որ կարիք չկա Պուտինին, Նազարբաեւին եւ Լուկաշենկոյին լուրջ ընդունել: Ո՞րն է Հովիկ Աբրահամյանի մեղքը, երբ Մեդվեդեւը նրա հետ պայմանավորվում է սեպտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստան այցելել, բայց չի գալիս, որովհետեւ Նազարբաեւն այնտեղից երեք մատի կոմբինացիա է ցույց տալիս Պուտինին:




Ըստ այդ Կոլերովի` Հովիկ Աբրահամյանը, ասացեք խնդրեմ, անհարմար վիճակի մեջ է դնում Ռուսաստանին: Երանի Հովիկ Աբրահամյանն այդ հունարն ունենար: Բայց եթե հարցին այլ կողմից նայենք, կտեսնենք, որ պարզապես հնարավոր չէ Ռուսաստանին ավելի անհարմար վիճակի մեջ դնել, քան այն վիճակը, որի մեջ է Ռուսաստանը` որոշ չափով նաեւ առաջին կարգի պետական խորհրդատու Կոլերովի խելքից:



Զավեշտի շարքից է նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետերի պարտադիր լինելու մասին Կոլերովի բարբաջանքը: Նա ասում է. «Եթե Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանը ՄՄ-ի արտաքին սահմանն է, ապա այդ սահմանին պետք է լինի մաքսակետ»: Այսինքն ի՞նչ, Հայաստանը կասեցրեց իր եվրոպական ընթացքը, սեպտեմբերին հայտարարեց ՄՄ մտնելու ցանկության մասին, Վիլնյուսում բարձր պահեց Ռուսաստանի պատիվը, որ Ղարաբաղի հետ սահմանը դառնա ՄՄ արտաքին սահմա՞ն:



Հասկանալով, որ էշություն է իր ասածը, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդականն անցնում է գիտությունով չալելուն. «Ամեն դեպքում, չէ՞ որ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ սահման գոյություն ունի, չէ՞ որ սահմանապահներ գոյություն ունեն, մաքսատուրքեր Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ չկան, այսինքն՝ զրոյական են, ինչ-որ մաքսային հստակեցում այնտեղ անհրաժեշտ է, եթե Հայաստանից է ապրանքը գնում Ղարաբաղ»: Темнота !!!, կասեր ռուսը: Այս մարդը, ով գիտի, տեղյակ չի, որ Ղարաբաղում հայկական դրամն է գործում, որ Ղարաբաղի ողջ տնտեսությունն ինտեգրված է բացառապես Հայաստանի տնտեսությանը, եւ որ վաղուց ղարաբաղցիները հայկական անձնագիր ունեն:




Ավարտելով նշենք, որ այս կարգի տափակ քաղաքագետին մեծ տեղ տալ հայկական լրատվամիջոցում` նույնիսկ ծիծաղելի չէ: Դա ցավալի է առաջին հերթին: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, որ որեւէ ռուսական լրատվամիջոց կհրապարակի Արտաշես Գեղամյանի (ի՞նչ պակաս առաջին կարգի պետական խորհրդատու է) լավաշները, եթե դրանց մեջ Մամիկոնիչը գրի, որ ՌԴ ղեկավարներին պետք չէ լուրջ ընդունել, որովհետեւ նրանց հայտարարությունները վաղուց է, ինչ իրականության հետ որեւէ առնչություն չունեն:




Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
edik.andreasyan
@hraparak.am