Երբ եվրոպացիներն արթնացրին ռուս արջին

Երբ եվրոպացիներն արթնացրին ռուս արջին

Դեռ տարածաշրջանում չէին սկսվել աշխարհաքաղաքական մոդելի ընտրության հարցերը, «Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն» փիլիսոփայական հարցի քննարկումը, լինել, թե չլինելու խնդիրը, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ շատ մտերմիկ հարցազրույց տվեց գերմանացի մի լրագրողի: Մեջբերում եմ.



- Պարո՛ն նախագահ, ինչո՞ւ են եվրոպացի Ձեր գործընկերները խուսափում Ձեզ հետ կապերը խորացնելուց:



- Իմ եվրոպացի գործընկերները պարզապես վախենում են: Ռուսաստանը մեծ պետություն է, եւ Եվրոպան դեռեւս բարդույթներ ունի՝ կապված Խորհրդային Միության հետ:



Այդ ժամանակ ո՞վ կմտածեր, որ Ռուսաստանը կրկին սթրեսի մեջ կգցի եվրոպացի «գործընկերներին»՝ առաջացնելով նրանց մոտ կոմունիստական կոմպլեքսը:



«Մեր ամենահաջող ժամանակաշրջանը Ռուսաստանի հետ, իմ կարծիքով, եղել է այն ժամանակ, երբ ռուս արջը մեր հանդեպ քնած էր: Երբ նա կարծում էր, որ վերջ՝ Հայաստանն «իրա ջեբում ա», մենք շատ լավ բանակցում էինք, ռեֆորմների էինք գնում: Երբ Լեհաստանն ու Շվեդիան ասացին՝ մենք պոկում ենք այդ երկրները Ռուսաստանից, ռուսներն «արթնացան»». սա «Քաղաքացիական հասարակության» խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի կարծիքն է: Երեկ «Եվրասիական տնտեսական միություն. ինչ կստանա եւ ինչ կկորցնի Հայաստանը» թեմայով քննարկում էր տեղի ունենում: Մասնակցում էին տարբեր կազմակերպությունների անդամներ: Մինչ քննարկումը կսկսվեր, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը հորդորեց, որ օրվա քննարկումը պետք է «զերծ պահել» էմոցիոնալ ակորդներից:



«Ի՞նչն է միավորում այս երեք երկրներին՝ Ռուսաստան, Ղազախստան եւ Բելառուս: Այս երեք երկրներն իրենց տնտեսական քաղաքականության մեջ փորձում են պաշտպանել տեղական արտադրողին: Այստեղ է պրոբլեմը: Չասեմ՝ դա ճիշտ է, թե սխալ: Չնայած այսօր արդեն փորձագետները ցույց են տալիս, որ հատկապես զարգացած երկրներում ամենի հիմքում պետք է լինի սպառողի պաշտպանության իրավունքը: Բոլոր այն երկրները, որոնք փորձում են ստեղծել փակ շրջան եւ փակել որակյալ, էժան ապրանքների մուտքը երկիր, դնելով այս ապրանքների վրա բարձր մաքսատուրք, դրանք ի վերջո կործանվում են կամ դառնում են ոչ զարգացած երկրներ»,- ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը: Բանախոսի խոսքով, ցանկացած անուղղակի հարկ կբարձրացնի սպառողական զամբյուղի գումարը. «Մարդիկ բնազդով են հասկանում, որ գները կբարձրանան»:



Երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը «նշանը հետ է տալիս» եւ «պսակվում» է Ռուսաստանի հետ, բոլորը միայն խոսում են, թե որքան վնաս կպատճառվի մեր փոքրիկ երկրին: Եվ չնայած ՄՄ-ին միանալու գործընթացը նախնական փուլում է, եւ «զագսում» դեռ ստորագրություններով «չենք փեչատել», այնուամենայնիվ, ռուսական արջի շունչն արդեն զգում ենք մեր մաշկի վրա:



«Մեր տարածաշրջանում մարդու իրավունքների իրավիճակը դիտարկելով՝ կարող եմ ասել, որ այստեղ նաեւ աշխարհաքաղաքական ընտրության պես մի բան է առաջ գալիս, գոնե հռչակագրերով Եվրոպան ավելի մարդակենտրոն է՝ ուղղված է մարդու իրավունքներին: Իսկ Ռուսաստանն ավելի գաղափարակենտրոն է: Մարդուն չեն դատում, դատում են երեւույթը»,- նշեց Արտակ Կիրակոսյանը:



Քննարկման մասնակիցների բարձրացրած հարցերն էլ կանխատեսելի էին, դրանք այն հարցերն են, որոնց շուրջ մտածում ենք բոլորս. ախր ո՞նց կլինի, հա՛մ ուզում ենք զարգանալ, մի կողմից էլ Ղարաբաղը, մեր անվտանգությունը, զենքի խնդիրը եւ այլն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունենալու Մաքսային միության երկրների ղեկավարների հանդիպումը: Հայտնի է, որ հանդիպմանը մասնակցելու են նաեւ Հայաստանի ու Ղրղզստանի ներկայացուցիչները: Հնարավոր է՝ մենք եւ ղրղզները ստորագրենք Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: