Այն, ինչ կարելի է Զարուհի Փոստանջյանին, արդյոք կարելի՞ է նաև մյուսներին

Այն, ինչ կարելի է Զարուհի Փոստանջյանին, արդյոք կարելի՞ է նաև մյուսներին

Երեկ Ազգային ժողովը քննարկում էր «Ժառանգություն» խմբակցության, մասնավորապես Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է կարգազանց պատգամավորների համար համապատասխան պատիժներ սահմանելուն: Նշենք, որ այս նախագիծը դեռ այն ժամանակ, երբ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ներկայիս կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էր, տվյալ հանձնաժողովի կողմից դրական եզրակացությամբ ընդգրկվել էր ԱԺ նիստերի օրակարգում։ Այսինքն՝ քաղաքական մեծամասնությունը կողմ էր ի սկզբանե այս նախագծին։ Ինչևէ, նախագծի հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ կարգազանց կհամարվեն այն պատգամավորները, ովքեր նիստերի ընթացքում կաղմկեն, թույլ կտան վիրավորական արտահայտություններ, չեն ենթարկվի նիստը վարողի ցուցումներին:
«Որպես պատիժ՝ առաջարկում ենք սահմանել, որ այդ պատգամավորների նկատմամբ պետք է կիրառվեն հետևյալ պատիժները: Նիստը վարողը պետք է անջատի կարգազանց պատգամավորի խոսափողը, նրան զրկի այդ օրը խոսափողով խոսելու իրավունքից, դուրս հանել դահլիճից և մեկ օրով նրան զրկել նիստերի դահլիճում գտնվելու հնարավորությունից, իսկ առավել ծանր խախտման դեպքում նիստերի դահլիճ մտնելու հնարավորությունից զրկել 6 օրով»,- ասաց Փոստանջյանը:



Սակայն սա Փոստանջյանն առաջարկում է նաեւ քրեական պատիժ սահմանել այն պատգամավորների նկատմամբ, ովքեր կքվեարկեն ուրիշի փոխարեն: «Մենք առաջարկում ենք, որպեսզի նման դեպքերում նիստ վարողը համապատասխան հաղորդում ներկայացնի ոստիկանություն հանցագործության վերաբերյալ, սակայն եկանք կոմպրոմիսային համաձայնության, որ մյուս պատգամավորների փոխարեն գրանցվող և քվեարկող պատգամավորները կարող են ճանաչվել կարգազանց: Այլ պատգամավորները կարող են դիմել իրավապահներին, որ կարգազանց պատգամավորը գրանցվեց կամ քվեարկեց այլ պատգամավորի փոխարեն՝ կատարելով պաշտոնեական կեղծիք»,-ասաց Զ․ Փոստանջյանը։
Նշենք, ու հանձնաժոովի նիստի ժամանակ նախագծից, առհասարակ, քրեական պատիժներ սահմանող կետերը հանվել են։ ՀՀԿ-ում կողմ են այս նախագծին, բայց առանց քրեական «զեղումների»։ Փոստաջյանը, սակայն, միայն պատգամավորներին (կարգազանցություն կատարելու դեպքում) պատժող նախագծով չբավարարվեց։ Նա իր անհատական ապագա «նվերն» ուներ նաև նիստը վարողներին, ովքեր կհանդգնեն «անհիմն ձևով» անջատել պատգամավորի խոսափողը։ «Ժառանգական» պատգամավորի այս «նվերը» հատկապես հասցեագրված էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որովհետև․ «Պարո՛ն Շարմազանով, Դուք, ընդհանրապես, ռեկորդակիր եք պատգամավորների խոսափողերն անհիմն անջատելու առումով: Ես կարծում եմ, որ մենք մեկ օրինագիծ էլ պետք է մշակենք նիստը վարողներին պատժելու վերաբերյալ, երբ նրանք անհիմն կերպով կանջատեն պատգամավորի խոսափողը»։



ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Փոստանջյանի ակնարկածին, կարծես թե դեմ չէր սեփական անձի մասին օրենք ունենալ, բայց պայմանով․ «Ես Ձեզ խնդրում եմ, որպեսզի Դուք ձեր անձնական կարծիքը չփորձեք ճմշմարտության տեղ անցկացնել և մեզ օրենքի խախտումների մեջ մեղադրել: Իհարկե, եթե կարգ ենք խախտել, բոլորս՝ այդ թվում ես, պետք է պատժվենք»։
Հետո Շարմազանովն անցավ հարձակման՝ Փոստանջյանին հիշեցելով անցյալում կատարած իր «չարաճճիությունները»։ Նա մասնավորապես Փոստանջյանի երեսով տվեց գազային պայմանագրերի վավերացման քվեարկության ժամանակ իր վարքը երբ առանց թույտվության հավաքել էր պատգամավորների քարտերը, որպեսզի տապալի քվեարկությունը։ Շարմազանովն ասաց, որ Փոստանջյանը դրա համար պետք է ամաչի և ներողություն խնդրի, քանի որ դա ևս կարգազանցություն է։
«Այդ Դուք պետք է ներողություն խնդրեք Ձեր արարքների համար, և եթե նորից նույն իրավիճակը ստեղծվի խորհրդարանում, ես կրկին նույն կերպ կվարվեմ»,-տակը չմնաց Փոստանջյանը՝ ավելացնելով․ «Պարո՛ն Շարմազանով, Դուք հիմա որ նիստը վարում եք, պարբերաբար խախտում եք Կանոնակարգ -օրենքը, դրա համար ասացի, որ նիստը վարողի նկատմամբ ևս պետք է նոր օրենք մշակել»։
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, և չի կարելի այն վերածել զավեշտի և իջեցնել մանկապարտեզի մակարդակի՝ ակնարկելով Փոստանջյանի առաջարկներն ու արձագանքները, բայց նաև չմոռացավ շնորհակալություն հայտնել վերամշակման և առաջարկների համար։ Փոստանջյանին դուր եկավ Քոքոբելյանի խոսքի հատկապես վերջին՝ շնորհակալության մասը՝ անտեսելով նրա խոսքի առաջին՝ հեգնական մեկնաբանությունների մասը․ «Շատ հաճելի է, երբ լսում ես, որ մարդիկ շնորհակալ են»։



Այնուհետև ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Զարուհի Փոստանջյանի խոսքերին։ Նա նախ նշեց, որ «բնականաբար այն, ինչ այսօր Ազգային ժողովում քննարկում ենք, չեմ կարծում, թե Ազգային ժողովում կլինի պատգամավոր, որը դեմ է, որ ՀՀ օրենսդիր մարմնում չլինի կարգուկանոն, կարգազանցության դեպքեր երբեք չգրանցվեն, աղմուկ չլինի, մեկը մյուսի տեղը չքվեարկի և, առհասարակ, լինի փոխադարձ հարգանք։ Սա կլիներ իդեալական»։ Հետո հռետորական հարցադրում արեց՝ բայց ինչքան՞վ ենք մենք ազնիվ։
ԱԺ փոխնախագահն ասաց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ գործընկերներ առաջնորդվում են հին հունական ասացվածքով, որ այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին։



«Այսինքն՝ կարելի է քարտերը վերցնել, պատգամավորներին թույլ չտալ, որ իրենք իրականացնեն իրենց բնականոն իրավունքը, կարելի է տեղից ընդհատել, տեղից գոռալ, և հետո ամեն ինչ 180 աստիճան շուռ տալ և ասել, որ նիստ վարողը ձայնի իրավունքից իրեն զրկեց»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ իր ուշքը չի գնում որևէ մեկին ձայնի իրավունքից զրկելու համար։
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր ելույթում ընդհանուր առմամբ կողմ լինելով կագազանց պատգամավորներին պատժելուն, նկատեց սակայն, որ միշտ չէ, որ նիստը վարողը սխալ է։ Նա նաև դեմ էր պատգամավորների արարքները քրեականացնելուն։
«Պետք չէ քրեականացնել պատգամավորի այն վարքը, ով տեղից մի ռեպլիկ է բաց թողնում կամ էմոցիոնալ մի բան է ասում։ Ինձ համար, օրինակ, կարգազանց է այն պատգամավորը, ով ընդհանրապես ոչինչ չի խոսում։ Ինձ համար կարգազանց է նաև այն պատգաավորը, ով երբեք չի գալիս նիստերին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք չէ, իսկապես, ամեն ինչ մանկապարտեզի մակարդակի իջեցնել ու տարածել բոլորի վրա։ Ըստ Բիշարյանի՝ քիչ է այն, որ մտածենք՝ վաղը միայն պատգամավորի պահվածքով է հանրություն իրեն նորից ձայն տալու։



ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն էլ իր ելույթում ասաց, որ այստեղ խոսվում է բոլոր արարքները մի ափսերի մեջ դնելու մասին, ինչը չի կարելի։ Իսկ այ ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ Մինասյանը ևս խիստ մոտեցում ուներ․«Երբ մենք խոսւոմ ենք այլ անձի փոխարեն քվեարելու մասին, դա ոչ թե զանցանք, այլ հանցանք պետք է համարել։ Հիմա դա արդյոք չպե՞տք է համարել քրեական անցագործություն։ Կարծում եմ՝ պիտի ավելի քան համարվի, քան հասարակ քաղաքացու կողմից այլ անձի փոխարեն քվեարկելն է»,-պնդեց նա։
Հետո ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավաան հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Ջյանգիրյանը, ով ասաց, որ ինքը ուզում է պաշտպանել հանձնաժողովի դրական եզրակացությունը, որովհետև ինքն էլ է կողմ քվեարկել հանձննաժողովի նիստում, բայց իր մոտ այս քննարկման ժամանակ տպավորություն ստեղծվեց, որ քաղաքական մեծամասնությունը կա՛մ փոխել, կա՛մ փոխում է նախագիծը։ Ջհանգիրյանը ևս դեմ էր կարգազանցություններին քրեական որակումներ տալուն։



«Թող ների ինձ Փոստանջյանը, բայց քրեական հետապնդման մասին խոսք չկա։ Ես իրեն բազմիցս ասել եմ, որ՝ «Զարուհի ջան, Քրեական օրենսգիրքը պետք է հանել ԱԺ սրահից»»,-ասաց ՀԱԿ խմբակցության իրավաբան պատգամավորը՝ նկատելով, որ իմաստ չունի նման բան անել, քանզի, ըստ նրա, եթե մենք Քրեական օրենսգիրքը բերենք և կիրառենք դահլիճում, ապա կարծում եմ, որ այստեղ քաղաքական մեծամասնությունը չի տուժելու, որովհետև դատախազն էլ, քննչական մարմնի ղեկավարն էլ իրենցն են (նկատի ունի ՀՀԿ-ինն է)։



Հետո Ջհանգիրյանն ասաց, որ իրենք այստեղ ըստ էության դեմ չեն նախագծին, սակայն նշեց, որ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինենք։ «Ես կոչ կանեի կողմ քվեարկել էս նախագծին, որովհետև էստեղ որևէ վտանգավոր բան գրված չէ։ Ներկայացման մեջ միգուցե կան նման բաներ, բայց նախագծում չկա վտանգավոր բան»,-հստակեցրեց նա։
Փոստանջյանն էլ իր եզրափակիչ ելույթում երկրորդեց իր գործընկերոջը․ «Հարգելի՛ գործընկերներ, իսկապես, ինչպես ասաց պարոն Ջհանգիրյանը՝ շատ մի վախեցեք այս օրինագծից։ Ես իսկապես կոչ եմ անում կողմ քվեարկել այս նախագծին»։
Քննարկումից հետո մենք զրուցեցինք ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ։ Նա ասաց, որ իրենք ի սկզբանե կողմ են եղել այս նախագծին և քվեարկության ժամանակ էլ կողմ կքվեարկեն։
«Մեր դիրքորոշումը չի փոխվել, էլի նույնն է, հանձնաժողովում այն ժամանակ որ քննարկվեց, էդ ժամանակ նախագծում կար քրեական պատիժ սահմանել և այլն, և այլն, մենք քննարկումների արդյունքում բերեցինք այնպիսի տեսքի, որ բոլորիս համար ընդունելի լինի։ Մենք էլ ենք դեմ մեկը մյուսի փոխարեն քվեարկելուն և մյուս կարգազանցություններին, դրա համար նաև կողմ ենք քվեարկելու այս նախագծին»,-ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ չի կարելի բերել այս ամենը խառնել քրեական պատիժների հետ։



Նա նաև հատուկ շեշտադրմամբ ընդգծեց՝ ի գիտություն բոլորի, և հատկապես իր որոշ գործընկերների հայտարարությունների, որ ՀՀԿ-ում էնպիսի մի արարք չեն արել, որ երբևէ մտածեն, որ իրենց քրեական պատասխանատվության պետք է ենթարկեն։
«Փոխարենը՝ թող իրենք իրենց անցյալը մի փոքր ավելի ուշադիր նայեն, միգուցե քրեական հանցագործության կամ գործողության որևէ տարր գտնեն, և դրա համար են ինչ-որ տարակուսած»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Հ․Գ․ Նախագծի քննարկումը դեռ գտնվում է առաջին ընթերցման ռեժիմում, հետևաբար երեկ քվեարկություն տեղի չունեցավ, բայց, ամենայն հավանականությամբ, նախագծին մեծամասնությունը կողմ կքվեարկի և այն կընդունվի։