Բախշյանն առաջարկով դիմել է Տարոն Մարգարյանին

Բախշյանն առաջարկով դիմել է Տարոն Մարգարյանին

Երևանի տոնն արդեն անցավ: Ինչպես իր ֆբ էջում իրավացիորեն նկատել էր
լրագրող և փաստաբան իմ բարեկամը, այն ավելի շքեղ էր կազմակերպված, քան
Հայաստանի անկախության տոնի օրը: Տեսնես ո՞վ է անկախության տոնի տերը:
Երևանի փողոցներն այս օրերին իսկապես մարդաշատ էր և ուրախ: Առաջին անգամ
սոցիալապես խիստ անապահով երևանցիները Երևանի տոնի առթիվ ստացան տարբեր
կենցաղային ու համակարգչային ապրանքներ (50 մլն. քաղաքապետարանի սոցիալական ծրագրերի բյուջեից): Որոշ երևանցիներ ստացան բնակարաններ, որի
համար շնորհավորում եմ նրանց, բայց անձամբ շատ ավելի ուրախ կլինեի, եթե
մի բնակարան էլ ստանար երկար տարիներ անօթևանների կացարանում 80-ամյա
մոր հետ ապրող 35-ամյա Գարեգին Կալաջյանը, ով իմ միջոցով նամակ է
ուղարկել Երևանի քաղաքապետին:



Երևանի տոնից առաջ ես 10 օր Տավուշում էի: Ժողովուրդը շատ տխուր էր ու
տարբեր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ նրանք շեշտում էին, որ իրենք
անուշադրության են մատնված, ամեն ինչ արվում է Երևանի համար, մարզերի
քաղաքներին ու գյուղերին կառավարության կողմից հատկացված գումարները չնչին
են և իրենց երեխաները զրկված են զբոսայգիներից և զվարճանքի
ամենատարրական օջախներից, չունեն արտադպրոցական կրթություն ստանալու
հնարավորություն, ամեն ինչ կենտրոնացված է Երևանում: Նրանք վիրավորվում են
կառավարության այս ակնհայտ խտրական քաղաքականությունից: Ես էլ եմ
վիրավորվում այդ վերաբերմունքից, մարզերում, հատկապես սահմանամերձ
գյուղերի ժողովուրդն արժանի է պետական լուրջ հոգածության, ներդրումների
այնպիսի քաղաքականության, որի արդյունքում գյուղացին ավելի կկառչի իր
բնակավայրին, այնինչ կառավարության այսօրվա քաղաքականությունը
տեղահանության քաղաքականություն է, գյուղերը դատարկվում են, ինձանից լավ
գիտեք:



Ըստ քաղաքապետարանի հայտարարությունների, տոնի վրա ծախսվեց մոտավորապես
200 մլն դրամ, ընդ որում, Երևանի բյուջեից՝ 120-130 մլն, իսկ մնացածը՝ տարբեր գործարարների ներդրումներն են:
Մի՞թե ավելի խելացի չենք լինի, եթե Երևանի ծնունդը նշենք կլոր
տարեթվերին՝ 5 տարին մեկ, իսկ ամեն տարվա քաղաքապետարանի բյուջեից
ծախսվող այդ գումարով լուծենք անօթևանների, սոցիալապես անապահով
ընտանիքների և երիտասարդ ընտանիքների բնակարանների հարցերը: Կամ այդ
գումարից Երևանի տոնի առթիվ ամեն տարի մի սահմանամերձ գյուղին որևէ
նշանակալի նվեր անենք: Հիմա կասեք դա Երևանի բյուջեն է, իհարկե հասկանում
եմ, բայց ցանկության դեպքում այդ նպատակով գումարը տրամադրելու համար
ձևը կարելի է գտնել:
Երևանի քաղաքապետին ուղղված այս հրապարակային առաջարկս դնում եմ
քննարկման:
Կցում եմ նաև անօթևան Գարեգին Կալաջյանի նամակը՝ ուղղված Տարոն
Մարգարյանին.



Հարգելի քաղաքապետ
Ձեզ գրում է 1995 թվականից անօթևան դարձած Գարեգին Կալաջյանը,:
Շնորհակալություն եմ հայտնում Երևանի տոնի առթիվ ստացածս այփադի համար,
զգացված եմ, բայց մի մեծ խնդրանք ունեմ:
Արդեն երկար տարիներ դեգերում ենք ես և մայրս : Հիմա գտնվում ենք
անօթևանների Վարդաշենի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի
ժամանակավոր կացարանում: Ունեմ նաև կին, ով կույր է և երկրորդ կարգի
հաշմանդամ ու իր տարեց մոր հետ ապրում է ինձանից հեռու՝ ծերանոցում
և իմ կարիքը շատ են զգում իրենք: Կնոջս մայրն էլ 80 տարեկան
է և սրտից հիվանդ : Խնդրում ենք Ձեզ, որ մեր ընտանիքին
տեղ հատկացնեք,
որ կարողանանք ապրել:



Հարգանքներով՝ Գարեգին Կալաջյան



Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ