Խնդրի չկարգավորման հարցում Ղարաբաղը, Հայաստանը և Մինսկի խումբը մեղավոր չեն. Նալբանդյան

Խնդրի չկարգավորման հարցում Ղարաբաղը, Հայաստանը և Մինսկի խումբը մեղավոր չեն. Նալբանդյան

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը ո´չ Ղարաբաղն է, ո´չ Հայաստանը և ո´չ էլ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանից հետո լրագրողների խնդրանքով պատասխանելով Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցին, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Նա մասնավորապես ասել է. «Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը։ Փարիզում կայանալիք հանդիպումը երրորդ գագաթնաժողովն է, որ նախաձեռնվել է համանախագահ երկրների կողմից՝ վերջին երեք ամսվա ընթացքում։ Դա ցույց է տալիս եռանախագահող երկրների հաստատակամությունը՝ շարունակելու միասնական ակտիվ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործըթնացում առաջընթաց ապահովելու նպատակով։



Իսկ թե ինչու բանակցային գործընթացում առաջընթաց չկա, կարծում եմ` պարզ է
բոլորի համար: Պատճառը ո´չ Ղարաբաղն է, ո´չ Հայաստանը և ո´չ էլ
եռանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։ Եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի
գործելաոճը բանակցային գործընթացում կարելի էր բնորոշել որպես «մեկ քայլ
առաջ, երկու քայլ ետ», ապա այժմ այն կարծես թե արտահայտվում է «ոչ մի
քայլ առաջ և մի քանի քայլ ետ» սկզբունքով:

Թե ինչքանով հնարավոր կլինի կառուցողական դաշտ բերել ադրբեջանական
կողմին՝ ցույց կտա ժամանակը։



Հայաստանը մշտապես դրական է արտահայտվել եռանախագհ երկրների կողմից
հանդիպումների, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով հանդիպումների,
կազմակերպման վերաբերյալ և, ինչպես միշտ, մենք կառուցողական
տրամադրվածությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը»: