Վարչապետի եղբոր հորերի պատճառով նախարարները ստում են ու լղոզված պատասխաններ տալիս

Վարչապետի եղբոր հորերի պատճառով նախարարները ստում են ու լղոզված պատասխաններ տալիս

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը խորհուրդ է տալիս չկասկածել, որ ապօրինի հորերը փակվելու են: Նշենք, որ Արարատյան դաշտում եւ Արմավիրում հիմնականում բոլոր ապօրինի հորերը փակվել են, եւ բնապահպանական տեսուչները եկել-հասել են Հովիկ Աբրահամյանի եղբոր լճերին:



Մեր դիտարկմանը, թե գյուղնախարարն ու վարչապետն իրականում կողմ են ձկնարտադրությանը, արդյոք այստեղ խնդիր ու հակասություն չի՞ առաջանա բնապահպանության նախարարության աշխատանքի եւ վարչապետի ու գյուղնախարարի ցանկությունների միջեւ, նախարարն ասաց. «Բացարձակապես ես հակասություն չեմ տեսնում, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ վարչապետը, ե՛ւ գյուղնախարարությունն ու բնապահպանության նախարարությունը, բնականաբար, ցանկություն ունեն, որ այս ոլորտը զարգանա: Բայց ոլորտը ոչ թե պիտի զարգանա ավել ջուր օգտագործելու, այլ նոր տեխնոլոգիաների ներդրման հաշվին»:



Վարչապետի եղբայրն Արարատյան դաշտավայրում խոշոր ձկնաբուծարաններ ունի եւ օգտվում է հորերից, արդյոք նրանց մոտ ապօրինի օգտագործվող ջրեր չկա՞ն, եւ ի վիճակի՞ է արդյոք նախարարությունը նաեւ նրանց օգտագործած հորերը փակել:
«Գիտե՞ք, մենք հենց առաջին հերթին Աբրահամյանի եղբոր սեփականության տարածքի հետ կապված ուսումնասիրություն արել ենք, որոշակի փականային աշխատանքներ ենք իրականացրել եւ, բնականաբար, մենք էդ հարցին արդեն պատասխան տվել ենք»,- ասաց նա՝ նկատելով, որ դա կարծես թե ինտրիգ է լրագրողների մոտ, եւ ընդգծեց, որ օրենքի առաջ բոլորս հավասար ենք:



«Եթե խնդիր կա ավել ջրի օգտագործման, այդ ավել ջուրը փակվում է: Էդ մարդկանց մոտ ավելորդություն չենք տեսել, ամբողջը եղել է օրինական դաշտը»,- ավելացրեց պարոն Գրիգորյանը՝ նորից շեշտելով, որ իրենք այնտեղ փականային ռեժիմի են բերել, որովհետեւ նրանց հորերն օրինական են: Իսկ ի՞նչ է նշանակում՝ «փականային աշխատանքներ ենք իրականացրել»: Իրականում, ըստ մեր հավաստի տեղեկությունների, Ջոնիկ Աբրահամյանի հորերին դեռ չեն դիպել եւ չեն էլ համարձակվում դիպչել՝ վարչապետի պարագան թույլ չի տալիս: Ուղղակի լավ չէ, որ նախարարը եւ անհամարձակ է, եւ ստում է:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ վստահեցրեց, որ հորերն իսկապես փակվելու են, իսկ Հովիկ Աբրահամյանի եղբոր հորերը կփակվե՞ն, եթե խախտումներ հայտնաբերվեն: «Մի՛ անձնավորեք, խնդրում եմ, էդ խնդիրը հիմա բնապահպանության նախարարությունը զեկուցեց, որ հորերը, այո, փակվում են»,-ասաց գյուղնախարարը՝ նշելով, որ իրենց եւ ԲՆ-ի միջեւ այս հարցում որեւէ հակասություն չկա. «Մենք միասնական ենք աշխատում»:



Մեր դիտարկմանը, թե ինքը կողմ է ձկնաբուծարանների զարգացմանը, իսկ հորերը փակելով՝ հնարավոր է ձկնաբուծարանների բիզնեսը տուժի դրանից, Սերգո Կարապետյանը մոտավորապես ասաց այն, ինչ ասել էր բնապահպանության նախարարը. «Հորերը չեն փակվելու, այլ նոր տեխնոլոգիաներ պիտի ներդրվեն, որպեսզի արտադրության ծավալներն ավելանան»: Իսկ ինչպե՞ս պետք է այդ տեխնոլոգիաները ներդրվեն, մասնավորի՞ միջոցների հաշվին, թե՞ պետական միջոցներով, նախարարն ասաց. «Մենք դեկտեմբերին սկսում ենք պիլոտային երկու ծրագիր, որպեսզի բոլոր տնտեսություններն անցնեն էդ տեխնոլոգիաների կիրառման, որը կբերի ջրի խնայողությանն ու արտադրանքի ծավալների մեծացմանը»:



Արդյոք եղե՞լ է դեպք, որ ապօրինի ջրօգտագործման համար փակված հորերի արդյունքում ձկնաբուծարաններ տուժեն, գյուղնախարարն ասաց, որ որեւէ մեկն ընդհանրապես չի տուժել. «Հիմա, ուղղակի, երբ որ միջազգային փորձագետներին մենք կանչել ենք Հայաստան, բոլորը պնդում են, որ մեր ձուկ արտադրողները դրախտային վիճակում են, որովհետեւ եվրոպական բոլոր երկրներում օգտագործում են գետի պղտոր, կեղտոտ ջուր, իսկ մենք օգտագործում ենք խմելու ջուր, դրա համար մենք պիտի ավելի խնամքով լինենք, օգտագործենք այնքան, որքան թույլտվություն կա»:



Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանն էլ նշեց, որ այս հարցում ավելի խորքային մոտեցում է պետք ցուցաբերել, նոր տեխնոլոգիաներ ներդնել: Նա ասաց, որ մենք այս տարի ունեինք չօգտագործվող հորեր, որոնք կոնսերվացվել են, եւ ջրօգտագործման թույլտվությունները հետ են հանձնվել:



ՀԳ. Ուշագրավ է, որ մեր չինովնիկների խոսքերն իրարից խիստ տարբերվում են: Ոմանք պնդում են, որ հորերը փակվել են, մյուսներն ասում են, որ փակվում են, երրորդները պնդում են, որ խնդրո առարկա ձկնաբուծարաններում ապօրինի ջրօգտագործում չկա: