Մի ուրվական է շրջում Հայաստանում, իշխանափոխության ուրվականը․․․

Մի ուրվական է շրջում Հայաստանում, իշխանափոխության ուրվականը․․․

Եռյակը եւ, մասնավորապես ԲՀԿ-ն, իր հաղթանակի պտուղներն է համարում ՀՀ վարչապետի փոփոխությունը եւ Սերժ Սարգսյանի` սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումները փետրվար-մարտ տեղափոխելու որոշումը: Այդ հաղթանակներից առաջինը, ինչպես իրենք են ասում ու գրում, տեղի է ունեցել հուժկու հանրահավաքների շարք սկսելու սպառնալիքի տակ, իսկ երկրորդը` հոկտեմբերի 10-ի եւ 24-ի սարսափազդու հանրահավաքների էներգետիկայի ազդեցությամբ: Եվ այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ չանել էլի մի քանի հուժկու հանրահավաքներ եւ այդկերպ իշխանություններին չմղել նորանոր զիջումների, վերջն էլ` իշխանափոխության, եթե հատկապես իշխանափոխություն են ուզում արտահերթ:



Իսկ գուցե եռյակի ուզածը, այնուամենայնիվ, իշխանափոխությո՞ւնը չէ:



Եռյակի ուժերը վիրավորվում են, երբ իրենց ես տալիս այս հարցը, բայց ոչինչ անել չես կարող, որովհետեւ հարցը ծնվում է ինքնաբերաբար: Այսօր, երբ եռյակը հասցրել է երկու համապետական հանրահավաք անել Ազատության հրապարակում եւ իշխանություններին նոր զիջում պարտադրել, ինչո՞ւ է շարժման ծանրության կենտրոնը տեղափոխում մարզեր եւ բաժան-բաժան անում ինչ-որ նախընտրական շտաբների վրա, որոնք, հայտնի չէ, թե ինչով են զբաղվելու: Մարդիկ եկել են Ազատության հրապարակ, այո, իշխանափոխության հետեւից, իսկ նրանց ասում են` իշխանափոխություն կանենք, եթե… Եթե ի՞նչ… Եթե, ասում են, իշխանությունները մեր 12 կետերը չկատարեն, եթե Ընտրական օրենսգրքում փոփոխություն չանեն եւ եթե Սահմանադրությունը անփոփոխ չթողնեն: Բնականաբար, սա նշանակում է, որ եթե իշխանություններն այդ երեք կետերը կատարեն, իշխանափոխության հարցը (հիմա էլ «իշխանափոխության» փոխարեն օգտագործում են «արտահերթ խորհրդարանական ընտրություններ» հասկացությունը) մեջտեղից դուրս կգա: Ես նորից եմ հարցնում` իսկ գուցե եռյակի ուզածը, այնուամենայնիվ, իշխանափոխությո՞ւնը չէ:
Եկեք մի պահ մեզ մի փոքր հաճույք պատճառենք եւ մտածենք, որ մենք խեղճ, միամիտ Սերժ Սարգսյանն ենք: Ի՞նչ կանեինք, եթե մեզ այդպիսի հուժկու պահանջներ ներկայացնեին: Բնականաբար, եթե ականջալուր լինեինք եռյակահունչ լրատվամիջոցների խորաթափանց հրապարակումներին, գուցե, եւ լեղաճաք լինեինք, բայց եթե սթափ նայեինք տեղի ունեցող պրոցեսին, կհասկանայինք, որ եռյակը ոչ թե մեր վատն է ուզում, այլ իր լավը, որ կապ չունի մեզ վատություն անելու հետ:



Չգիտեմ, կարողացա՞ ճիշտ ներկայացնել այն, ինչը Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, գիտի եւ քանի որ, ըստ երեւույթին, գիտի, կկարողանա եռյակի քթից բռնած ման ածել եւ թույլ չտալ, որ «հեղափոխականները», հանկարծ, իշխանափոխություն անեն: Իսկ դրա համար բավական է, որ նա ցույց տա, որ վախենում է եռյակից, եւ քայլ առ քայլ կատարում է նրա պահանջները: Օրինակ` 12+1 կետերից ամենակարեւորը` չանել որեւէ բան, որ կսպառնա Արցախի անվտանգությանը: Խնդրեմ, Փարիզում լավ առիթ կար Արցախը վտանգելու, բայց Սերժ Սարգսյանը չարեց այդ քայլը: Սա պիտի որ հերթական հուժկու հանրահավաքի առիթ տար եռյակին: Կարելի էր հարթակից հայտարարել, որ Սերժ Սարգսյանն իրենցից վախեցավ եւ չարեց այդ քայլը: Նույն տրամաբանությամբ` Սերժ Սարգսյանը կարող է «զիջումների» գնալ նաեւ Ընտրական օրենսգրքի հարցում` ընդհուպ 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ հայտարարել եւ դրանով եռյակին հարթակ բարձրանալու, իր հաջողության մասին շեփորելու նոր առիթ տալ: Բայց չէ՞ որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը ոչինչ չի տա, եթե չապահովվի ընտրազանգվածների ազատ կամարտահայտությունը եւ չբացառվի պետական-իշխանական լծակների գործադրումը: Ի վերջո նաեւ հարց է` 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ պահանջող ԲՀԿ-ն համաձա՞յն է հաշտվել այն մտքի հետ, որ իր ձայները լինելու են այնքան, որքան տա ժողովուրդը, թե՞, այնուամենայնիվ, մտածում է փող ծախսել եւ այդկերպ ապահովել իր համամասնական ցուցակի հաջողությունը:
Սահմանադրական բարեփոխումների մասին: Սա թերեւս եռյակի ամենահամեստ պահանջն է, իշխանափոխություն պահանջելու ամենաթույլ մոտիվացիան, եթե կարելի է այդպես ասել: Բոլորին է հայտնի, որ Սերժ Սարգսյանն էլ դեմ է երկրի կառավարման կարգի փոփոխությանը եւ, մանավանդ, առանձնապես շահագրգռված չէ դրա պատճառով իշխանափոխություն առաջ բերելու հարցում: Եվ ահա նա եռյակին կարող է ասել` հուպ տվեք, չթողնեք, որ Սահմանադրությունը բարեփոխվի, իսկ ես կնահանջեմ, եւ դուք հրաշալի առիթ կունենաք հարթակից ձեր հերթական հաջողության մասին հայտարարելու:
Այստեղ արդեն կանաչ խիարի, այն է` իշխանափոխության պատմությունը կավարտվի, եւ երկնքից երեք խնձոր կընկնի, երեքն էլ` Սերժ Սարգսյանին, ով 2018 թվականին, իր միսիան ավարտած, կհեռանա` ղեկը փոխանցելով համակարգի հերթական դրածոյին կամ նրան, ում, հաշվի առնելով նոր աշխարհաքաղաքական իրողությունները, կնշանակեն ԵՏՄ մայրաքաղաք Մինսկից: Ի դեպ, սա էլ պետք է համարել եռյակի բարձրացրած համաժողովրդական շարժման մի կարեւոր հաջողությունը: Այսպիսի հաջողություն հետխորհրդային տարածքի եւ ոչ մի ընդդիմություն չի գրանցել: Ափսոս, որ այս հաջողության առիթով հուժկու հանրահավաքն արդեն տեղի է ունեցել: Դա, եթե չեմ սխալվում, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին էր, որից սարսափած` Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրեց Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության փաստաթուղթը: