Այվազյանի հումորներն ու Մարգարյանի «գետնախնձորները» ԱԺ-ում

Այվազյանի հումորներն ու Մարգարյանի «գետնախնձորները» ԱԺ-ում

Ազգային ժողովում այսօր բյուջետային քննարկումների վերջին օրն է։ Եվ այն նշանավորվեց մեծ ուրախությամբ և մոտ 20 րոպե չդադարող ծիծաղով։ Պատգամավորների և կառավարության անդամների բարձր տրամադրությունը, սակայն, պայմանավորված էր ոչ թե նրանով, որ այսօր վերջապես ավարտում են 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը, թեպետ դա էլ պակաս ուրախանալու առիթ չէ, այլ գլխավորապես նիստը վարող Վարդան Այվազյանի հումորային ռեպլիկներով՝ ուղղված ՕԵԿ-ական պատգամավորներին, որոնք այսօր առանձնահատուկ ակտիվ էին:



Երբ հաջորդ տարվա բյուջետային հատկացումները սկսեց ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց. «Ինձ անկեղծ ասած՝ միշտ մի հարց է մտահոգել, ՀԾԿՀ աշխատողների աշխատավարձի չափի մեջ մտնո՞ւմ է նրանց կողմից սահմանված սակագների՝ գազ, էլէկետրաէներգիա, ջուր, բարձրացման չափը»:



ՀԾԿՀ նախագահը ներկա չէր քննարկմանը՝ գործուղման էր եւ նրա փոխարեն պատասխանեց խորհրդի անդամ Արթուր Վարդանյանը՝ նախ ասելով, որ հաջորդ տարի իրենց հատկացվել է 742 մլն դրամ, որը 8 տոկոսով ավելի է: Իսկ ինչ վերաբերում էր բուն հնչեցված հարցին, Վարդանյանը միանգամից կարճ ասաց՝ այո:



Վարդան Այվազյանին, սակայն, չբավարարեց այդ կարճ պատասխանը և նա տեղից միջամտեց՝ ի պաշտպանություն իր ՕԵԿ-ական գործընկերոջ. «Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս թե այո: Եթե սակագնի բարձրացում է լինում, ուրեմն ձեր աշխատավարձը բարձրանո՞ւմ է: Նշանակում է՝ դրա համա՞ր եք սակագին բարձրացնում: Պատգամավորը հարցնում է դա, Դուք ասում եք՝ այո»:
«Ես չեմ ասում՝ այո»,- մեխանիկորեն պատասխանեց ՀԾԿՀ ներկայացուցիչը ու դահլիճում ծիծաղ սկսվեց:



Հովհաննես Մարգարյանն էլ հայտարարեց, որ ինքը բավարարված է պատասխանից, որովհետև «շատ անկեղծ պատասխան էր»: 



«Անկեղծ ու ճիշտ պատասխանների մեջ էական տարբերություններ կան, պարո՛ն Մարգարյան: Երեւի հարցերը ծուռումուռ տվեցիք, մարդն այդպես պատասխանեց, ես հիմա պարզաբանեմ: Որեւէ ուղղակի կամ անուղղակի կապ չի կարող լինել սակագնի ու աշխատավարձերի միջեւ: Ուրեմն, եթե սակագինը հինգ անգամ իջավ, ՀԾԿՀ աշխատակիցները սովա՞ծ են մնալու: Դա նույնն էր, թե գնաս ԶԱԳՍ, դիմում տաս, դրա համար նրա աշխատավարձը բարձրացնեն»,-ՕԵԿ-ականի «միամտությունը» չընդունեց ՀՀԿ-ականը։



Այնուհետեւ Վ․ Այվազյանը, կրկին դիմեց Հովհաննես Մարգարյանին՝ հիշեցնելով, թե որքան մտերի են իրենք․ «Պարո՛ն Մարգարյան, Ձեզ հետ ես շատ մտերիմ եմ ու, ի դեպ, Ձեր գետնախնձորների հարցն էլ օրակարգ է մտել ու քննակելու ենք»: Այս հայտարարությունից հետո ուղղակի չկարողացան զսպել իրենց բուռն ծիծաղը։ Հիշեցնենք, որ Այվազյանի դիտարկումը վերաբերում էր ՕԵԿ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Գետնախնձորի մասին» նախագծին, որով ՕԵԿ-ականները նախատեսում են գետնախնձորի սերմի ներկրումը ազատել հարկերից, քանի որ, ըստ նրանց, այն մեծ հումք է շաքարախտի եւ այլ հիվանդություններ դեմ պայքարում:




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ