Հիմա Հովիկ Աբրահամյանի մատը խա՞ռն է, թե՞ ոչ

Հիմա Հովիկ Աբրահամյանի մատը խա՞ռն է, թե՞ ոչ

«Ձեր թվերն իմ թվերի հետ չեն բռնում, դրա համար խնդրում եմ գրի առեք իմ ասածները, որ հետո կարողանաք պատասխանել»: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, երբ կրթության եւ գիտության ոլորտի 2015 թվականի բյուջեի նախագիծն էր ներկայացվում: Իսկ մինչ բուն հարցին անցնելը Մանուկյանը հիշեցրեց մի պաշտոնական տվյալ՝ 2007 թվից այս կողմ, պաշտոնական թվերով, 100 հազար աշակերտ պակասել է: Այնուհետեւ Արամ Մանուկյանն անցավ Արարատի մարզին սննդի հատկացման գումարներին, հետաքրքրվելով՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի մատը խա՞ռն է այստեղ, թե՞ ոչ: «Սննդի հատկացման հոդվածում եւ սոցիալապես անապահով խավերի համար դասագրքերի հատկացման համար հոդվածում Արարատի մարզը երկու տեղ էլ առաջին տեղում է, այն դեպքում, երբ Արարատի մարզն աշակերտների քանակով յոթերորդն է Հայաստանում: Եթե ձեր կառավարությունը գնում է հավասարեցման քաղաքականության, ապա ինչո՞ւ Արարատի մարզում սոցիալապես անապահով ընտանիքներին երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցումը 10.5 մլն դրամ է կազմում, որը մյուս մարզերի համեմատ առաջին տեղում է: Հովիկ Աբրահամյանի գործոնն էստեղ կա՞, թե՞ չէ»,-հարցրեց Արամ Մանուկյանը՝ նույն օրինակը բերելով նաեւ սննդի հետ կապված, եւ նշեց, որ բոլոր մարզերին հատկացված 580 միլիոնից միայն 330 միլիոնն Արարատի մարզին է հատկացվել. «Սա ի՞նչ քաղաքականության արդյունք է, էդ թվերը կարեւոր չեն, ինձ մի՛ ասեք դրանք, որովհետեւ սա կոնկրետ քաղաքականություն է»:



Պավել Սաֆարյանն էլ, մինչ բուն թեմային անցնելը, նախ փորձեց հեգնել Արամ Մանուկյանին՝ հիշեցնելով անցյալից ինչ-որ դրվագներ. «Ես լավ չեմ հասկանում, թե Դուք 2007 թիվն ինչու բերեցիք: Ինձ ակամա հիշեցրիք այն, երբ մի ժամանակ բոլոր ցուցանիշները 1913 թվի հետ էին համեմատում»: Այնուհետեւ Սաֆարյանը, հակառակ Մանուկյանի հորդորին, պատասխանը ձեւակերպեց թվերով, ոչ թե քաղաքականությամբ:
«Անկախ Ձեր գնահատականներից, որոնք իրականությանը բոլորովին չեն համապատասխանում, ես Ձեզ համոզված եմ ասում՝ իրականության մեջ լրիվ ուրիշ պրոցեսներ են տեղի ունեցել դպրոցական սննդի էդ ծրագրի գծով: Եվ էդ ծրագիրը մեկնարկել է վաղուց, երբ Ձեր հիշատակած մարդիկ կառավարությունում չէին աշխատում: Այդ պիլոտային ծրագիրը՝ երեք մարզերի համար, սկսվել է Ռուսաստանի կողմից, որը կիսակրթական-կիսագյուղատնտեսական ծրագիր էր: Իսկ թվերը հետեւյալն են՝ Արարատի մարզում աշակերտների թիվը 14 հազար 62 է, Սյունիքում՝ 6 հազար 97, Վայոց Ձորի մարզում՝ 2 հազար 553»,-ասաց Պ. Սաֆարյանը՝ նկատելով. բնական է, որ եթե աշակերտների թվաքանակը տարբեր է, պետք է տարբեր լինեն նաեւ հատկացված գումարները:



Ինչ վերաբերում էր հարցին, թե արդյոք հավասարաչա՞փ են բաշխված կրթության ծախսերը, Սաֆարյանն ասաց. «Կան ծրագրեր, որոնք հավասարաչափ են, նայած հավասարաչափ ասելով ինչ ենք հասկանում: Հավասար չէ, հավասարաչափ է, համամասնորեն է»:



ՀԱԿ պատգամավորին, սակայն, չբավարարեց փոխնախարարի պատասխանը. «Խնդրում եմ՝ հեգնանք չլինի: Արարատի մարզն ամենաանապահովը չի եւ ամենամեծաքանակը չի, եւ ես կրկին եմ նշում թվերը, որ 580 մլն դրամ է հատկացվել, որից 330 միլիոնը տրամադրվել է միայն Արարատի մարզին: Հարցս շատ կոնկրետ է՝ հիմա Հովիկ Աբրահամյանի գործոնը կա՞ էստեղ, թե՞ չկա: Ասեք՝ չկա, ու պրծնենք»: Փոխնախարարն օգտվեց հուշումից. «Դե չկա, իհարկե չկա»: Հետո, հատուկ ընդգծելով, որ ինքը շատ լուրջ է վերաբերվում Մանուկյանի հարցերին, կրկնեց նույն պատասխանը, որն էլի չբավարարեց պատգամավորին: Երկխոսությունը երկար կշարունակվեր, եթե չմիջամտեր նիստը վարող Արծվիկ Մինասյանը՝ խնդրելով պարզաբանումներն իրարից ստանալ արդեն նիստից դուրս:
2015 թվականի պետական բյուջեի նախագծով կրթության ոլորտին նախատեսված է հատկացնել 127 մլն 620 հազար դրամ:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ