ԵՏՄ անդամակցության տապալումը․ Հետհաշվարկ՝ օր 1

ԵՏՄ անդամակցության տապալումը․ Հետհաշվարկ՝ օր 1

Եվ այսպես, ընդամենը մեկ օր է ամենքիս բաժանում դեկտեմբերի 19-ի կեսօրից, երբ համատեղ նիստում, պետական օրհներգի հնչյունների ներքո նստաշրջանը կավարտեն Բելառուսի Ազգային ժողովի ստորին եւ վերին պալատները: Սահմանադրության ուժով այլեւս չի գումարվի ոչ մի նիստ մինչեւ տարեվերջ: Բնականաբար, Հայաստանի` ԵՏՄ պայմանագրին միանալու մասին պայմանագիրը, մինչեւ այժմ ներկայացված չլինելով Բելառուսի խորհրդարան, այլեւս որեւէ շանս չունի ոչ շրջանառվելու, ոչ քննարկվելու, ոչ վավերացվելու, առավել եւս` խորհրդարանի վերին պալատում էլ նույն ճանապարհն անցնելու: Դա այլեւս անհնար է ֆիզիկապես:



Իմիջիայլոց, դեկտեմբերի 19-ի համատեղ նիստում կարծես առհասարակ օրինագիծ չի քննարկվելու, հրապարակված օրակարգում միայն երկրի փոխվարչապետի ելույթն է` սոցիալ-տնտեսական զարգացման թեմաներով: Դա՝ վաղը, իսկ այսօր նիստ է գումարում Բելառուսի խորհրդարանի վերին պալատը` Հանրապետության խորհուրդը. հաստատվելու են մի շարք օրինագծեր:
Ղազախստանում Անկախության տոնն ավարտվեց, եւ այսօր խորհրդարանում կվերսկսվեն ընթացիկ աշխատանքները: Որքան կարելի է հասկանալ` այսօր չկա լիագումար նիստ, այլ Նազարբաեւի դուստրը, ով նաեւ Մեջլիսի փոխխոսնակն է եւ իշխող խմբակցության ղեկավարը, իրենց խմբակցության նիստ է անցկացնում: Այսպիսով, Մեջլիսի առաջիկա եւ այս տարում վերջին լիագումար նիստը կկայանա հաջորդ շաբաթ:



Արդյունքում ստացվում է, որ երբ դեկտեմբերի 23-ին Մաքսային եռյակը հավաքվի Մոսկվայում, Հայաստանի ԵՏՄ պայմանագիրը ոչ Ղազախստանում, ոչ Բելառուսում նույնիսկ շրջանառության մեջ դրված չի լինի եւ ֆիզիկապես որեւէ շանս չի ունենա մինչեւ տարեվերջ անգամ ստորին պալատներում քննարկման հասնելու: Ղազախստանն ու Բելառուսն ուղղակի միաժամանակ, սինխրոն կերպով կտապալեն Հայաստանի ԵՏՄ պայմանագրի վավերացումը մինչեւ տարեվերջ: Դրանից հետո արդեն պայմանագիրը հնարավոր կլինի քննարկել 2015-ի մայիսից ոչ շուտ: Բայց դժվար թե թեկուզ մայիսին քննարկում լինի, քանի որ 2015-ի հունվարի 1-ից հետո արդեն ներկա պայմանագիրը կդառնա վավերացման ոչ ենթակա: Այդ մասին՝ վաղը:



Այդուհանդերձ, երեկվա ամենից էական իրադարձությունը ԵՏՄ-ի համար դարձյալ արձանագրվեց Ռուսաստանում, արտաքին քաղաքական ասպարեզում: Նախօրեի «սեւ երեքշաբթիից» հետո, երբ դոլարի եւ եվրոյի փոխարժեքները հասան 80 եւ 100 ռուբլու, եւ ՌԴ ֆինանսների նախարարությունն ու Կենտրոնական բանկը երեկ շուրջ յոթ միլիարդ դոլար վաճառեցին ռուբլու փոխարժեքը կարգավորելու համար, Ռուսաստանը կարծես ողջ խորությամբ հասկացավ, որ Ռուսաստանի ամբողջ տնտեսությունը փլուզման հասցնելու համար Արեւմուտքից այլեւս նույնիսկ ջանք չի պահանջվի: Բավական է ՌԴ բանկերն անջատվեն միջազգային SWIFT համակարգից, որպեսզի ռուբլու փոխարժեքն այլեւս եռանիշ թվեր կազմի:



Երեւում է՝ երեկվա ցնցումը նախագահ Պուտինին սթափեցրեց, որովհետեւ երեկ երկու այնպիսի տեկտոնական տեղաշարժեր եղան միջազգային ասպարեզում` Ռուսաստանի բոլոր հաշվարկները, հույսերն ու շահերը ոտնահարող, որ այլ պարագայում ՌԴ իշխանությունների աղմուկ-աղաղակը պիտի որ երկինք հասներ: Մինչդեռ ծպտուն չհանեցին: Երեկ նախագահ Պորոշենկոն հայտարարեց, որ խորհրդարանի հաստատմանն է ներկայացնում Ուկրաինայի ոչ-բլոկային կարգավիճակը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը, ինչով ճանապարհ է բացվում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց սկսելու համար:



Երկրորդ տեկտոնական տեղաշարժն այն էր, որ ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ 54 տարվա դիմակայությունից հետո երեկ հայտարարվեց հարաբերությունների նոր գլուխ բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Կաստրոյի դարաշրջանն այդպիսով ավարտվեց: