«Շառլ Էբդո». Եվրոպայի նո՞ր կյանքը

«Շառլ Էբդո». Եվրոպայի նո՞ր կյանքը

Եվրոպական մտքի, դեմոկրատական արժեքների համատեքստում «Շառլ Էբդո» երգիծական ամսագրի գրասենյակի վրա իսլամիստ ահաբեկիչների հարձակումը, լրագրողների, երգիծանկարիչների հանդեպ սոսկալի դաժանությամբ հաշվեհարդարը, կարող է շրջափուլային բնույթ կրել:



Կաթվածահարի դեմքով Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունները, որ սա ահաբեկչություն է ողջ ֆրանսիայի դեմ, որ Ֆրանսիան թիրախում է, քանի որ ազատ երկիր է, որ իրենք պիտի ցույց տան բոլորին, որ միասնական են, պայքարեն բարբարոսության դեմ և պատժի ենթարկեն ահաբեկիչներին... մեղմ ասած այս ոչ բարդ հայտարարությունները դեպքի մասշտաբի համեմատ չափից դուրս սովորական են թվում:



Փարիզը իսկապես մեծ շփոթմունքի մեջ է: Փողոցներում ոստիկանական ջոկատներ և մեքենաներ: Ինչ-որ շենքերի, հաստատությունների դիմաց ակտիվ վերահսկողություն: Անջատում են Էյֆելյան աշտարակի լույսերը: Ֆրանսիան եռօրյա սուգ է հայտարարում: Կան կասկածյալներ, որոնց հետ իրավապահ մարմիններին հաջողվում է կապի մեջ մտնել, վարել բանակցություններ: Նրանք հայտարարում են, թե ուզում են մեռնել որպես նահատակներ: Համաշխարհային ակնառու լրատվամիջոցները հանդես են գալիս տարատեսակ վերլուծական հրապարակումներով և այդ անմարդկային տեսաձայնագրությունը, որ առկայծում է համացանցում՝ գրեթե ամենուր:



Հայտնի է, որ «Շառլ Էբդոն» իր հրապարակումների համար, (մասնավորապես Մուհամմեդ մարգարեին ծաղրանկարի) վաղուց խնդիրներ ուներ իսլամիստների հետ: Երգիծաթերթի գրասենյակը հարձակման էր ենթարկվել 2011թվականին, փորձել էին հրկիզել այն: Ֆրանսիական իշխանությունները կողմից խմբագրակազմը մի քանի անգամ զգուշացվել է, որ նման ծաղրանկարներ հրապարակելը կարող է ծանր հետևանքներ ունենալ: Իսլամական աշխարհին քաջ ծանոթ էր երգիծաթերթի վարած քաղաքականությունը, նրա թիրախը: Այնուհանդերձ տեղի ունեցած այս արյունալի ողբերգությունը այլևս անշրջելի փաստ է և տվյալ պահին ոչ ոք չի կարող ասել, թե դրա հետևանքները մինչև ո՞ւր են հասնելու: Երկրում կրոնական փոխադարձ ատելություն է զգացվում: Հայտնվում են երգիծանկարիչներ, որոնք սադրիչ կոչեր են անում շարունակել հրապարակել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները: Կան մարդիկ, ովքեր թվիթերում հայտարարում են, որ պատրաստ են հանուն խոսքի ազատության մարտիրոսել իրենց կյանքը: Լարվածություն գնալով ավելանում է: Կիրակի օրը Ֆրանսիայի քաղաքներում բողոքի ցույցեր են լինելու: Ըստ MTV կայանի Փարիզի բողոքի մեծ ցույցին մասնակցելու են նաև` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, և Ֆրանսիայում գործող կուսակցությունները:



Այսպիսով ներկա պահին ոչնչացված են Փարիզի տպարաններից մեկում մարդկանց պատանդ վերցրած ակաբեկչության գլխավոր գործող անձինք: Կասկածելի հանգամանքներում ինքնասպան է եղել «Շառլ Էբդոյի» գործով քննիչը: Նախագահ Օլանդը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել: Ստեղծված իրադրությունում ֆրանսիական իշխանությունների կողմից կայացրած յուրաքանչյուր սխալ որոշում ողջ երկրի համար կարող է պայթյունավտանգ լինել: Ցավալիորեն հազարավոր մարդիկ իսլամն ու ահաբեկչությունը նույնականացնում են և դրանով ավելի սրում իրավիճակը: Ոմանք արդեն խոսում են Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմի հավանականության մասին:



Ժամերի ընթացքում «Շառլ Էբդոյի» ողբերգական դեպքը Եվրոպայում արդեն իսկ շատ բան է փոխել և սրանից հետո հին մայրցամաքում նոր վերակենցաղությունը գլխավոր դերակատարներից մեկն է լինելու:



 



Արամ ՊԱՉՅԱՆ