Սրանից հետո չեք ունենալու հանգիստ կյանք

Սրանից հետո չեք ունենալու հանգիստ կյանք

«Շառլի Էբդո» շաբաթաթերթի դեմ գործած ահաբեկչական գործողությունների հետևանքով 12 ֆրանսիացիների սպանությունը դեռ երկար ժամանակ կզբաղեցնի մասնագետներին և ոչ մասնագետներին, թե ինչո՞ւ, ինչպե՞ս և այլն: Իսկ հիմա կարծիքներ Հայաստանից: Վերլուծում են ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:



«Մտածում եմ, որ կա մի արմատական գլխավոր հարց՝ ինչո՞ւ հենց հիմա և ի՞նչ էին ուզում ասեին այդ սպանությունով: Ըստ իս դա ԻՍԻՍ-ի մեսիջն էր ամբողջ աշխարհին, որ սրանից հետո մենք այլևս մերձավոր արևելքում չենք, այլ աշխարհի քարտեզի ցանկացած կետում ենք: ԻՍԻՍ-ը մտել է Եվրոպա և փորձում է իր այդ մեսիջը բացատրել, որ սրանից հետո չեք ունենալու հանգիստ կյանք, մենք մեր նպատակներն ու խնդիրներն ունենք: Իսկապես քաղաքակիրթ աշխարհը, լինի դա իսլամական երկրների ներկայացուցիչներ, թե քրիստոնյա, ապացուցեցին երեկվա երթով, որ դեմ են մարդասպանություններին կամ այն միջոցներին, որի միջոցով այդ մեսիջը տարածվում է». նշում է Թևան Պողոսյանն ու ավելացնում, թե ինչ դասեր պետք է քաղենք. «Մարդիկ պետք է հարգանքով վերաբերեն ցանկացած հավատքին, տեսակետներին և մարդու իրավունքներին: Բացի դրանից մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր իրավունքները»:



Անուշ Սեդրակյանն էլ այս ամբողջ դեպքերի մեջ այնուամենայնիվ մի դրական միտում է գտնում. «Քաղաքակիրթ աշխարհը վերջապես հասկացավ, որ անհամաչափ պատժամիջոցներ է կիրառում այդ միավորումների, պետությունների, հասարակական ռազմական համակարգերի հանդեպ, որոնք գործում են իր տարածքում և սահմաններից դուրս: Եվրոպան քրիստոնեական տարածք է, և իհարկե այդ հանդորժողականությունը, որը գործում է օրենքի անունից, դատական համակարգի միջամտությամբ անզոր է ահաբեկչական գործունեության հանդեպ: Եվրոպան հասկացավ որ հարկավոր է այլ ձևի համախմբում և մոբիլիզացիա»: