Դավիթ Տոնոյանը Գյումրու դեպքի առիթով ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդին

Դավիթ Տոնոյանը Գյումրու դեպքի առիթով ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդին

2015թ. հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Բերյոզկինին:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ կողմերը մտահոգություն են հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհ դարձավ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամ, ինչպես նաև՝ փոխադարձ պատրաստակամություն են հայտնել դեպքի շուտափույթ, օբյեկտիվ և անկողմնակալ քննության անցկացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, մասնավորապես՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախումների հաճախակիության և ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների շուրջ, ինչի հետևանքով կան զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում:



ՀՀ և ՌԴ միջև գործում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագիրը: