Աղվան Հովսեփյանի, Յուրի Չայկայի և օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանի մասին

Աղվան Հովսեփյանի, Յուրի Չայկայի և օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանի մասին

Համացանցում մի տեսանյութ է պտտվում. Գյումրիի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայողին հարցաքննում են, բայց ոչ քննիչի, ոչ էլ Պերմյակովի ձայնը չի լսվում: Նա էլ անհաղորդ դեմքով շուրթերն է շարժում: Թե ինչու, ինչ նպատակով են քննիչներն ապահովել ոչինչ չասող այս կադրերի արտահոսքը համացանց, անհասկանալի է: Երեւի ցույց տալու համար, որ Պերմյակովի դիմաց նստած քննիչը հայ է: Թեեւ քննիչի հայկական դիմագծերը չեն երեւում, բայց այս եզրակացության կարելի է գալ՝ դիտելով նրա սեւ եւ խիտ մազածածկույթը: Պերմյակովի կողքին էլ սլավոնական արտաքինով մարդիկ են երեւում: Մեկը, հավանաբար, փաստաբան է, մյուսը, գուցե, անվտանգության աշխատակից կամ քննիչ: Մի խոսքով, վայրկյաններ տեւող այս տեսանյութը, որը չէր կարող նկարահանվել առանց քննիչների թույլտվության, պետք է որ բավարարեր հանրության հետաքրքրությունը քննության հանդեպ եւ ցույց տար, որ ամեն ինչ օրինականության սահմաններում է արվում:



Պետք է համոզեր, որ մեր քննիչները հաղթեցին, իրենք քննություն են կատարում, իսկ Աղվան Հովսեփյանը լիակատար հաղթանակ տարավ, բանակցությունների արդյունքում ռուսներից նվաճելով Պերմյակովին հարցաքննելու իրավունքը: Կարծում ենք, Աղվան Հովսեփյանի համար սա դժվար չէր, նկատի ունենալով նրա վաղեմի կապերը ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ: Ինչ խոսք, այս անգամ Չայկայի հետ կապը դրական ազդեցություն ունեցավ հայ-ռուսական բարեկամության հարցում եւ օգնեց հարթել հասունացող ազգամիջյան կոնֆլիկտը: Սակայն միշտ չէ, որ այսպես է եղել:



2007 թվականին ՌԴ գլխավոր դատախազն այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջոցով ճնշում գործադրեց ՀՀ իրավապահների եւ նույնիսկ դատարանի վրա եւ ամենակոշտ ու անօրինական ձեւով հասավ նրան, որ օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանին (մականունը` Ռյուկզակ) հանձնեցին ռուս իրավապահներին: Այն ժամանակ Յուրի Չայկան Ռաշիդի հետեւից եկավ անձամբ, եւ Աղվան Հովսեփյանը նրա խաթրից դուրս չեկավ, բառացիորեն ամեն ինչ արեց, որ ՀՀ-ում կալանավորված Ռաշիդ Խաչատրյանը հանձնվի Ռուսաստանի իրավապահ մարմիններին:



Հակիրճ վերհիշենք այս պատմությունը: Ռաշիդ Խաչատրյանն Օրենբուրգի օրենքով գող Ալեքսանդր Իկոննիկովի (մականունը՝ Իկոնա) խմբի անդամ էր, որի մահից հետո ստանձնեց նրա դերն այդ մարզում: 2004 թվականին ռուս իրավապահները հատուկ օպերացիաներ կատարեցին Օրենբուրգում եւ ձերբակալեցին այդ մարզի հանցագործ աշխարհի մի քանի ներկայացուցիչների: Առիթը 2004թ. հուլիսին մի քանի կալանավայրերում զանգվածային անհնազանդությունն էր, այդ փաստի առթիվ Ռաշիդ Խաչատրյանին էլ մեղադրանք առաջադրվեց, սակայն ավելի ուշ քրեական հետապնդումը նրա նկատմամբ դադարեցվեց: 2007 թվականին նրա դեմ նոր հետապնդում սկսվեց այն բանի համար, որ 1996-2007թթ. ընթացքում «ՌԴ Օրենբուրգի մարզի տարածքում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծել է հանցավոր համագործակցություն եւ ղեկավարել այն»:



Այդ ժամանակ Ռաշիդ Խաչատրյանը Ռուսաստանում չէր, եւ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվեց: 2007 թվականի մայիսին նա հայտնաբերվեց Երեւանում եւ կալանավորվեց մեր իրավապահների կողմից: Նրանց ձեռքն էին ընկել Օրենբուրգի ընկերների հետ Ռաշիդի հեռախոսազրույցների ձայնագրությունները: ՌԴ գլխավոր դատախազությունը դիմեց մեր համանուն գերատեսչությանը, միջնորդելով ՌԴ քրեական հետապնդման մարմիններին հանձնել Ռաշիդ Խաչատրյանին: Սակայն վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանը բողոքարկեց այս որոշումը ՀՀ քրեական վերաքննիչ դատարան եւ խնդրեց նրան անհապաղ ազատել կալանքից՝ նշելով, որ Ռ. Խաչատրյանի հանձնման թույլտվությունը տրվել է ներպետական եւ միջազգային իրավական նորմերի խախտումներով: «Հանձնման որոշումը միանշանակ անօրինական էր, քանի որ Ռուսաստանում նրա նկատմամբ մահափորձ էր կատարվել: Ընդ որում, այն ժամանակ, երբ որ նա Օրենբուրգի մարզի վեցերորդ վարչությունից էր դուրս գալիս: Նաեւ նրա տան վրա նռնականետով էին կրակել,- ասում է Լուսինե Սահակյանը: Այդ ժամանակ ընտանիքը, փոքր երեխան տանն էին:



Հանձնման հարցերը քննարկելիս տեխնիկական հարցեր կան՝ քաղաքացի է, թե ոչ, հանցանքի վաղեմության ժամկետը լրացել է, թե ոչ, կա՞ արդյոք խոշտանգման վտանգ, կյանքի սպառնալք կա՞, թե՞ ոչ, հանձնման երկրում մահապատիժը գործո՞ւմ է, թե՞ չէ: Եթե կա կյանքին սպառնալիք, ապա եւ եվրոպական կոնվենցիայով, եւ Մինսկի կոնվենցիայով հանձնումն արգելվում է»: Վերաքննիչ դատարանը բավարարեց փաստաբանի բողոքը: Այս որոշումից հետո մեկ ամիս չանցած, 2007 թվականի հոկտեմբերին Յուրի Չայկան պաշտոնական այցով եկավ Հայաստան: Այն, ինչ կատարվեց հետո, անգամ կինոյում չի լինում: Լուսինե Սահակյանը պատմում է, որ մեկ օրվա մեջ կատարվեց չլսված մի բան՝ վճռաբեկ դատարանը վարույթ ընդունեց Աղվան Հովսեփյանի տեղակալ Մնացական Սարգսյանի բողոքը, հաջորդ օրը որոշում կայացրեց Խաչատրյանին հանձնել ՌԴ իրավապահներին. «1 օրում վարույթ, նիստ, որոշում կայացրեց: Ո՞վ է նման բան տեսել: Չհասցրինք մեկուսարան հասնենք, չհասցրինք անգամ տեսնել մեր պաշտպանյալին, նույնիսկ օդանավակայան հասնել: Մենք ունեինք արդեն այդ ժամանակ տվյալներ, որ գլխավոր դատախազը խոսք է տվել հանձնել Ռաշիդին:



Ակնհայտ էր, որ իրար մեջ բանակցեցին ու տարան: Մենք նույնիսկ Մոսկվա գնացինք, եւ այնտեղ էլ մեզ չթողեցին տեսնել նրան, շտապ տարան, կարծեմ, Օմսկ»: Ըստ որոշ տեղեկությունների, Ռաշիդ Խաչատրյանը պետք էր ՌԴ իրավապահներին… մի անհնազանդ «զոն» նայելու համար, եւ նրան Ռուսաստան տանելու նպատակն այդ կալանավայրի հարցերը լուծելն էր: Բայց կարեւորը սա չէ, այլ այն հնազանդությունը, որ մեր դատախազությունը մշտապես ցուցաբերում է ՌԴ գլխավոր դատախազի նկատմամբ եւ, կարծում ենք, առաջիկայում էլ կցուցաբերի, անկախ Պերմյակովի դիմաց նստած քննիչի քաղաքացիությունից: