Մարդու իրավունքն ու հայկական երկու պետությունը

Մարդու իրավունքն ու հայկական երկու պետությունը

«Հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, եւ մենք չունենք որեւէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը, խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու եւ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,- այսպիսի սրտառուչ տողեր է գրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ԼՂՀ իր պաշտոնակից Յուրի Հայրապետյանին հղած նամակում:



Առհասարակ, երբ որեւէ երկրի քաղաքացու իրավունքներ են ոտնահարվում մեկ այլ երկրում, գործին խառնվում են բոլորը եւ ոչ թե միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Եթե Հայաստանը նորմալ երկիր է, ինչպես մեզ համոզում են ՀՀ իշխանությունները, ապա առնվազն պարտավոր է արտգործնախարարի մակարդակով նոտա հղել ԼՂՀ արտգործնախարարությանը: Էլ չենք խոսում այն մասին, որ Սերժ Սարգսյանը պարտավոր է ամենաքիչը զանգահարել ԼՂՀ իր պաշտոնակցին ու հետաքրքրվել, թե ինչու են ծեծել ՀՀ քաղաքացիներին եւ փչացրել նրանց թանկարժեք գույքը` ավտոմեքենաներն ու տեսախցիկները: Եվ այս ամենը, եթե Հայաստանն ընդունում է, որ Արցախն անկախ պետություն է, պետք է տեղի ունենա միջազգային չափանիշներին համապատասխան, թղթով, թանաքով, ինչպիսին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նամակն է` ուղղված ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանին:



Տրամաբանությունը հուշում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին պետք է նոտա հղի ՀՀ պաշտպանության նախարարությանը, թե ձեր երկրի քաղաքացիական շարժումներին տեր կանգնեք, որ չներթափանցեն Արցախ ու քաղաքացիական մտքի դիվերսիաներ չկազմակերպեն Արցախում: Այսպես կարելի է նաեւ գործը հասցնել Ինտերպոլին, դեսպաններ հետ կանչել, առանձին ակտիվիստների ու ոստիկանների` փոխադարձաբար, հայտարարել պերսոնա նոն գրատա:



Գիտակցո՞ւմ էր, արդյոք, Ինքնախորհրդարանը (իրենք իրենց Հիմնադիր խորհրդարան են անվանում), որ իրենց հռչակած ազգային-ազատագրական պայքարը կարող էր հանգեցնել այսպիսի վիճակի, թե՞ այնքան են տարվել մեկ ազգի ներսում ազգային-ազատագրական պայքար ծավալելու սեւեռուն գաղափարով, որ նույնիսկ հավատում են դրան: Արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, թե ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններն այս քայլով սահմանակետ դրեցին Արցախի եւ Հայաստանի միջեւ: Ես այսպես կասեմ` դեռ չեն դրել, բայց եթե հայաստանյան քաղաքացիական շարժումները շարունակեն այս նույն ոգով «գրոհել» ԼՂՀ քաղաքացիների վրա, սահմանակետ (եր) հաստատ կդրվի, եւ դա կբխի ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանն Արցախից զատել փորձողների շահերից:



Նորից գանք մեր Կարեն Անդրեասյանի նամակին, որով նա այդքան գեղեցիկ ընդգծել է, որ Արցախն անկախ եւ ինքնիշխան պետություն է` իր սահմանադրությամբ եւ օրենքներով, որոնք շրջանցել չեն կարող ոչ Արցախի պաշտոնյաները եւ ոչ էլ ՀՀ քաղաքացիները, եթե անգամ Ինքնախորհրդարանի անդամներ են: Քաղաքացիական շարժումներ նաեւ Արցախում կան, բայց դրանք այնքան «հավայի» չեն, որ ավտոերթով արտահանվեն Հայաստան ու պարտադրվեն ՀՀ քաղաքացուն: Եթե ցանկությունը մեծ է, ապա կարող են փորձել ու կտեսնեն, որ նույն բանը տեղի կունենա, բայց արդեն հակառակ ուղղությամբ` նշանավոր Տեղ գյուղի մատույցներում:



Այդ ժամանակ արդեն Յուրի Հայրապետյանը լալահառաչ նամակ կգրի Կարեն Անդրեասյանին՝ բա գիտե՞ս, Կարեն ջան, դա քո յուրիսդիկցիայի շրջանակներում է, խնդրում եմ միջամտես, որ ամբողջ ճշմարտությունը բացահայտվի: Պատկերն ավելի առարկայական դարձնեմ: Ահավասիկ մի ավտոշարասյուն, «Մայիսի 9-ը՝ առանց ռեժիմի» կարգախոսով, Ղարաբաղից շարժվում է դեպի Հայաստան, որպեսզի ՀՀ տարածքում Բակո Սահակյանի ռեժիմից ազատվելու քաղլուսավորչական կամ, ինչպես ընդունված է ասել, իրազեկման աշխատանք տանի: Բնականաբար, ՀՀ իշխանությունները այդ շարասյանը թույլ չեն տա հասնել Տեղ, էլ չենք ասում` Երեւան, որպեսզի աշխարհը տեսնի, որ ՀՀ իշխանություններն ընդունում են Բակո Սահակյանի ռեժիմի վատ լինելը: Հիմա նույն բանը կատարվել է հակառակ ուղղությամբ: Սա դեռ հարցի մի կողմն է:



Մյուս կողմն էլ այն է, որ Արցախի անկախացումից ի վեր ՀՀ քաղաքական բոլոր ուժերը պահպանել են նույն սկզբունքը` Արցախը չներքաշել հայաստանյան ներքաղաքական խաղերի մեջ: Այդ ինչպե՞ս, հանկարծ, Ինքնախորհրդարանին թվաց, թե, դեմոկրատիայի փուչիկն առած, կարող է անել մի բան, որ մյուսները չեն արել: Ո՞վ է նրանց ձեռքը տվել «100-ամյակն առանց ռեժիմի» դրոշը, որն առած՝ պտտվում են ամենուր, մունդռելով Ցեղասպանության 100-ամյակի ձեռնարկները: Ի՞նչ է դուրս գալիս` իրենք Ցեղասպանության ու Ծիծեռնակաբերդի այլ ընկալում ունեն, իսկ մյուս հայերն ա՞յլ:
Երկու խոսք ծեծի մասին. իմ համոզմամբ, ծեծը հարց լուծելու միջոց չէ, եւ միշտ էլ կարելի է ծեծից խուսափել: Ցանկացած ռեժիմ, ինչքան էլ որ լավը լինի, կարող է պատմության մեջ մնալ մեկ հատիկ խայտառակ ծեծով: Վստահ եմ` Ղարաբաղում մարդ չկա, որ ասի` ոստիկանությունը լավ է արել: Ոստիկանությունը վատ է արել, որ ծեծել է մարդկանց ու, ինչպես երեւում է կադրերից, երբեմն անհարկի վնասել արդեն հետ դարձող ավտոմեքենաները:



Ինչո՞ւ մահակով հարվածել ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի դիմապակուն, երբ գիտես, որ ներսի մարդիկ կարող են վնասվածքներ ստանալ: Ինչ է, հերսոտա՞ծ էին: Շուտ հերսոտող մարդիկ ոստիկանությունում աշխատելու իրավունք չունեն: Նրանք կամ պիտի լինեն առաջին գծում, կամ պիտի ոչխար պահեն սարերում: Թե մեկը եւ թե մյուսը նպաստում է հոգեպես խաղաղվելուն եւ մի քիչ խելք հավաքելուն: Ուրիշ ինչպե՞ս բացատրես միլիցուն, որ ինքը պատժիչ չէ նախեւառաջ: Հայաստանում վիճակն այլ լիներ, կհրավիրեինք այստեղ ստաժավորման, բայց, ավաղ, այստեղ էլ ունենք այն, ինչ ունենք, եւ մեր ունեցածն էլ նրանցից լավը չէ: Ի դեպ, մի նոտա էլ Վլադիմիր Գասպարյանը կարող է հղել իր արցախցի պաշտոնակցին` խե՞ եք թակալ էն մարդկանց, հուր ես եմ թակըմ… Իսկ եթե ավելի լուրջ` այս ծեծի ու այս խայտառակության համար ամոթ բոլորիս: