Ուրիխանյանը՝ ՀՅԴ-ի միջնորդած հանդիպման, Ծառուկյանի քայլերի ու ՀՀԿ-ականներին պատժելու մասին

Ուրիխանյանը՝ ՀՅԴ-ի միջնորդած հանդիպման, Ծառուկյանի քայլերի ու ՀՀԿ-ականներին պատժելու մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի համար միանագամայն նորմալ էր Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը ու նա իրենց առաջնորդի այս և նախորդ հայտարարությունների միջև որևէ հակասություն չի տեսնում։
«Այո՛, մենք չենք գնում արյան գնով որևէ հարց լուծելու, չենք գնացել երբևէ, չենք գնալու, և դրա մասին մշտապես ասվել է։ Ես զարմանում եմ, որ այսօր որևէ մեկը զարմանում է նրա շուրջ, ինչ հայտարարվել է առնվազն մի քանի հարյուր անգամ»,-ասաց նա։



Hraparak.am-ի հարցին՝ այդ դեպքում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղխորհրդի նիստից հետո, որում ասվում էր՝ անհապաղ գնալ իշխանափոխության, ի՞նչ էր իրենից ենթադրում, Ուրիխանյանն ասաց․ «Ենթադրում էր այն, ինչ արտաբերվել էր՝ շարադրված հայերեն լեզվով։ Փոխակերպումներ այստեղ փնտրել պետք չէ»։
Հանրահավաքի անցկացման մասով էլ ասաց, որ ինչ որոշում կայացվի, ինքը կտեղեկացնի։



Արդյոք այս դեպքում արտահերթ ընտրությունների հարցը հանվու՞մ է օրակարգից, ԲՀԿ խոսնակն ասաց, որ եթե որևէ մեկը մտածում է, որ եթե մեկ օրվա մեջ Հայաստանում վերացավ 40%-ի հասնող աղքատությունը, վերացավ գործազրկությունը, դադարեց արտագաղթը և լուծվեցին առկա խնդիրները, ապա ինքը վստահեցնում է մեզ, որ նման կերպ մտածողները սխալվում են․ «Չգնալ ազգությամբ հայ մարդու արյուն թափելու ճանապարհով, դա չի նշաակում դադարեցնել պայքարը»։ Իսկ պայքարը, ըստ նրա, շարունակվելու է քաղաքական ճանապարհով՝ բացառելով արյունահեղությունը։



«Որևէ մեկը պատրա՞ստ է զոհաբերել իր մերձավորին, բարեկամին, ընտանիքի անդամներին հանուն երկրում քաղաքական նպատակների իրականացման։ Կարծում եմ՝ ոչ»,-ասաց նա՝ հավելելով, որ մենք ունենք այս պահին այլ քաղաքական իրավիճակ, բայց դա չի նշանակում, որ ԲՀԿ-ն ունենալու է այլ քաղաքական կուրս և այլ գործունեություն։
Ինչ վերաբերում է Ծառուկյան-Սարգսյան հանդիպմանը՝ Դաշնակցության միջնորդությամբ, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ հանդիպման մասին և չունի տեղեկություններ հաշտեցման վերաբերյալ։



Մեր հարցին՝ այսինքն ՀՅԴ-ում զրպարտու՞մ են իրենց ու սուտ տեղեկությու՞ն են տարածում իրենց վերաբերյալ, Ուրիխանյանն ասաց․ «Ճիշտ կլինի հարցն ուղղեք Արմեն Ռուստամյանին և Աղվան Վարդանյանին, որովյետ ես երեկ ուղիղ եթերով լսում էի Աղվան Վարդանիանի խոսքերը, ով ասաց, որ ինքը չի պնդում, ուղղակի ասում է, որ իրենց տեղեկությամբ՝ նման հանդիպում եղել է»։



Իսմ մեր այն հարցին՝ ինչպես են վարվելու այս օրերին իրենց վիրավորող հանրապետականների հետ, պատիժ սպասվու՞մ է, և հնարավո՞ր է` դատի տան նրանց, Տիգրան Ուրիխանյանն ասաց․ «Յուրաքանչյուր հակաօրինական արարք գործող, այդ թվում՝ Ձեր կողմից մատնանշված ձևաչափի մեջ, պիտի իմանա, որ և՛ երկրային և՛ երկնային պատիժը կարող է իրեն սպառնալ ցանկացած պահի»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ