Պատգամավորների «ծնողական ժողովի» արդյունքները

Պատգամավորների «ծնողական ժողովի» արդյունքները

Սիրելի ընտրազանգվա՛ծ, հարմար տեղավորվեք բազկաթոռներին, Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի մոնիտորինգի արդյունքները բացահայտում են ամենաաշխատասեր եւ ամենածույլիկ պատգամավորներին եւ կուսակցություններին:
ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշում է, որ զեկույցում անդրադարձ են կատարել «արտագրություններին». «Որակել ենք դա որպես նախաձեռնությունների յուրացում: Քանի որ շատ էին դեպքերը, երբ համանման նախաձեռնություններով հանդես էին գալիս եւ ոչ իշխանականները, եւ իշխանականները:



Ոչ իշխանականների նախագծերը, այսպես ասած, ոտնահարվում էին, բայց համանման գաղափարի վրա կառուցված մեծամասնության առաջարկները՝ ընդունվում»: Գործող ԱԺ պատգամավորներն էլ սկսել են արագ արձագանքել քաղաքացիական հասարակությանը, բայց արձագանքողի դերից ոչ մի կերպ չեն անցել գործողությունների: Իսկ հիմա տարվա ներկա-բացակաների մասին: Այսպիսով, ինչպես եւ սպասվում էր, «լավագույն» բացակայող ճանաչվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «ամենապոզիտիվ» պատգամավորներ են ճանաչվել ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Հովհաննես Սահակյանը, նրանք ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորներն են: «Ամենաչար» աշակերտների ցանկն էլ բացել է ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, վերջինս ամենաշատ դեմ քվեարկած օրենսդիրն է:



5-րդ համագումարի «ամենաշատախոս» պատգամավորն Արծվիկ Մինասյանն է, դաշնակցականն իր հարցերով եւ ելույթներով ամենաակտիվն է եղել: «131 պատգամավորներից 67-ն օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել եւ ոչ մի հարց չի ունեցել եւ ոչ մի ելույթ: ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում՝ 70-ից 410-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 26-ը»,-կարելի է կարդալ ամփոփագրում: Հետաքրքրական են նաեւ էթիկայի հանձնաժողովում գրանցված թվերը: Եթե դուք սպասելիքներ ունեիք կարդալու աննախադեպ բարձր ցուցանիշ, իմացեք, որ ցուցանիշն իսկապես աննախադեպ է. «Էթիկայի հանձնաժողովը գրանցել է ընդամենը 1 դիմում, հրավիրել ընդամենը 1 նիստ եւ կայացրել որոշում դիմումը մերժելու մասին: Իրողությունն օրինաչափորեն արտահայտում է այդ հանձնաժողովի նկատմամբ վստահության նվազումը»:



«Մեդիա կենտրոնում» հրավիրված «ծնողական ժողովին» ներկա գտնվող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը փորձեց պաշտպանել իր թիմակիցներին. «Ես ընդամենը կնշեմ, որ եթե նայում եմ իմ ամբողջ աշխատանքային գործունեությունը խորհրդարանական կյանքում, 4 գումարումների, տեսնում եմ, որ վերջին գումարման խորհրդարանն ավելի ակտիվ է աշխատում, քան նախորդները: Այդ առումով բավական ակտիվ տեղաշարժ կարելի է արձանագրել: Ես այդքան էլ չեմ կիսում կարծիքն այն մասին, որ էթիկայի հանձնաժողովը հեղինակազրկված է: Չէ՞ որ էթիկայի հանձնաժողովում մեծամասնությունն այսօր ԱԺ-ի փոքրամասնություն է կազմում:



Այս պարագայում ես չեմ հասկանում ձեր եզրակացության իմաստը»: «Բա ի՞նչ էիք ուզում, եղածով շնորհակալ եղեք»-ի կողմնակից է նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը. «Խորհրդարանը լրջագույն որոշումների կայացման գործընթացից դուրս է մնում: Ըստ էության, այս ամենը մեր քաղաքական համակարգի արդյունքն է: Եվ միգուցե եղածում դա լավ արդյունք է: Բացակայությունն էլ այս պահին մենք ֆորմալ առումով ենք քննարկում՝ լինել խորհրդարանում 12-ից մինչեւ 12.25, քվեարկել ու գնալ, հիմա դա մասնակցությո՞ւն է, դա բավարարո՞ւմ է»:



Գագիկ Ծառուկյանի «բժշկի թղթից» ի՞նչ նորություն: «Ազգային ժողովի նախագահի կողմից համապատասխան որոշումն արդեն կայացվել է, եւ խմբակցություններին ներկայացվել է պահանջ, որպեսզի խմբակցությունների բացակա պատգամավորները ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր: Նրանց մի մասը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, մի մասը չի ներկայացրել: Այս պահին փաստաթղթերը քննարկման փուլում են, եւ համապատասխան որոշումները կայացնելուց հետո հարմար պահի տեղյակ կպահվի»,- տեղեկացնում է Գագիկ Մելիքյանը:



Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ մեկնաբանեց փաստաթղթային բոլոր պրոցեսները, որոնց միջով ստիպված է անցնել Գագիկ Ծառուկյանը. «Օրենքում թվարկված են մոտ 8-9 հստակ դեպքեր, գործուղում, հիվանդություն եւ այլն, եւ այլն: Այլ դեպքեր նախատեսված չեն: Հիմա եթե պատգամավորը ներկայացնում է, որ եղել է գործուղման մեջ, հարց է առաջանում. ի՞նչ գործուղման մասին է խոսքը, որքանո՞վ է այդ գործուղումը կապված քո պատգամավորական գործուղման հետ»: