Թվում է` դեռ դեգերում ենք

Թվում է` դեռ դեգերում ենք

Մարտի 12-13-ին Աստանայում հանդիպում են ԵՏՄ ղեկավարները` առանց Սերժ Սարգսյանի: Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահների մամլո ծառայությունները գրեթե միանման հայտարարություններ են տարածել այդ հանդիպման մասին, նշելով, որ հանդիպելու են ԵՏՄ անդամ երկրների երեք ղեկավարները` քննարկելու ինչպես Ուկրաինային, այնպես էլ ԵՏՄ առեւտրին առնչվող հարցեր` հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներկա տենդենցները: Թե Կրեմլի եւ թե Աստանայի ղեկավարների կայքերը ոչ մի տեղ չեն գրել այն մասին, թե ինչու հանդիպմանը չի մասնակցում Հայաստանի առաջնորդը: Սերժ Սարգսյանի բացակայությունը, սակայն, նկատել ու շոկի մեջ են ընկել բազմաթիվ ռուսական լրատվամիջոցներ: Ո՞նց, ինչո՞ւ առանց ԵՏՄ անդամ Հայաստանի` հարցնում են նրանք:



ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը բավարարվեց, մեր կարծիքով, մի շատ անհամոզիչ բացատրությամբ: Ըստ Շավարշ Քոչարյանի` Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը միմյանց միջեւ բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք չեն էլ թաքցնում, եւ հիմա այդ խնդիրներն են քննարկելու: Ինչպես տեսնում եք, մեկնումեկը ստում է` կամ Շավարշ Քոչարյանը, կամ Կրեմլն ու Աստանան միասին: Մեզ ավելի հավանական է թվում, որ Շավարշ Քոչարյանն է ստում, որովհետեւ արդեն ձեւավորված միության անդամները միմյանց միջեւ տակավին առկա խնդիրները հարթելու նպատակով այսքան բարձրագոչ հավաք չէին հայտարարի եւ աշխարհին ցույց չէին տա այդ կառույցի սնանկությունը: Նրանք կարող էին այդ խնդիրները քննարկել հեռախոսով կամ այլ պաշտոնյաների մակարդակով եւ ոչ թե առաջին դեմքերի: Շավարշ Քոչարյանի տեսակետի օգտին կարող է լինել Աստանայում նախատեսված Պուտին-Նազարբաեւ երկկողմ հանդիպումը, որը, սակայն, պատճառ չէ Սերժ Սարգսյանին չհրավիրելու:



Խոսրով Հարությունյանը` Պուտինի սապոգի ձախ թայը Հայաստանում, վստահեցնում է, որ ԵՏՄ կանոնադրությամբ բացառվում է, որ առանց Հայաստանի ԵՏՄ-ում որեւէ հարց քննարկվի կամ լուծվի: Գուցե այդ երեքը` Նազարբաեւը, Պուտինը եւ Լուկաշենկոն, այլ հարցեր են քննարկելու, որոնք չեն առնչվում ԵՏՄ-ին. Սերժ Սարգսյանին չհրավիրելն այսպես է մեկնաբանում Խոսրով Հարությունյանը, բնականաբար ստելով, որովհետեւ ԵՏՄ երեք երկրները, այո, ըստ կանոնադրության, չեն կարող քննարկել Ուկրաինայի հարց` առանց Հայաստանի, առավել եւս չեն կարող քննարկել ԵՏՄ տարածքում առեւտրի հետ կապված հարցեր` հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ժամանակակից տենդենցները:



Կարելի էր թերեւս ասել, որ Պուտինը (Ռուսաստանը) ԵՏՄ հավաքներում եւ միջոցառումներում ստանձնել է նաեւ Հայաստանի ներկայացուցչի դերը` «որ ասում եմ «ես», Արուսը հետս ա» սկզբունքով: Իսկ սա նշանակում է, որ այսուհետ Հայաստանին հրավիրելու են ոչ թե քննարկումների մասնակցելու եւ որոշումներ կայացնելու, այլ երեքի քննարկած թղթերի ու որոշումների տակ ստորագրելու: Ահա եւ մեր ողջ մասնակցությունն այն ավանտյուրային, որ կոչվում է իրավահավասար պետությունների եվրասիական տնտեսական համագործակցություն:



Չի բացառվում, իհարկե, որ Սերժ Սարգսյանին Աստանա չհրավիրելու գործում մեծ դեր են խաղացել նաեւ Նուրսուլթան Նազարբաեւի հետ նրա սիրալիր հարաբերությունները: Ի դեպ, այս հանդիպումը տեղի է ունենում հենց Նազարբաեւի հրավերով, եւ, ով գիտի, Նազարբաեւը, գուցե, միտումնավոր հրավեր չի ուղարկել ՀՀ նախագահին, որպեսզի հասկացնի, թե ով է ԵՏՄ-ում հարցերը լուծում:



Ինչո՞ւ են այս իրավիճակում էշի ականջում քնած ԵՏՄ կառույցների մեր պաշտոնյաները: Արդյոք նրանցից որեւէ մեկը լինելո՞ւ է Աստանայում, որպեսզի գոնե ծանոթանա այն որոշումներին, որոնք կկայացվեն ԵՏՄ առեւտրին առնչվող հարցերի քննարկման արդյունքում: Իսկ ՀՀ ԱԳՆ-ից կհնչի՞, արդյոք, կշտամբանքի որեւէ խոսք, թե՝ տղերք, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին մենք բոլորովին այլ բան ենք պայմանավորվել, քան դուք հիմա անում եք: Բայց ո՞ւր էր Հայաստանին նման բախտ, որ արտգործնախարարն այդքան պլոճիկ ունենար ու ԵՏՄ լիդերների այիբները երեսներով տար: Փոխարենը հանձնարարել է իր տեղակալին ներքին օգտագործման գաղափարներ հրապարակ բերել այն մասին, որ Պուտինը, Լուկաշենկոն եւ Նազարբաեւն անձնական հարցեր են քննարկում:
Ի դեպ, Աստանայի հանդիպումից առաջ Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել ԵՏՄ միասնական վալյուտայի ստեղծման հնարավորությունները, որի մասին զեկույցը կհրապարակվի արդեն այս տարվա ամռանը: Չի բացառվում, որ այս օրերին Աստանայում քննարկման նյութ դառնա նաեւ այդ հարցը, իսկ Հայաստանին բարեհաճեն տեղեկացնել հեռախոսով: Մի քիչ զավեշտալի է, բայց ոչինչ, Շավարշ Քոչարյանը մի ձեւ կգտնի նաեւ այդ իրավիճակը մեկնաբանելու:



Արդյոք Հայաստանի վերջին շրջանի արեւմտյան շփումները եւ Ռիգայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովին ընդառաջ քայլերը չե՞ն պատճառը, որ Հայաստանը հայտնվել է ԵՏՄ խորթ զավակի կարգավիճակում: Աստանայի հավաքը (առանց Հայաստանի), հնարավոր է, առաջին սառը ցնցուղն էր, որ մեզ համար կազմակերպեցին ԵՏՄ լիդերները Վիլնյուսին հաջորդած ջերմացումից հետո:
Առնվազն տպավորությունն այնպիսին է, որ 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ոչ մի միության անդամ էլ չի դարձել, իսկ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ դեգերումներն էլ դեռեւս շարունակվում են: