Արմավիրցիները հիասթափված են և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից

Արմավիրցիները հիասթափված են և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից

Հայաստանի Արամավիր քաղաքում մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտություններն անցնելու են բնակիչների համար ոչ սովորական իրավիճակում: Արմավիրի քաղաքապետի ընտրություններում բնակիչները գրեթե զրկված են այլընտրանքային թեկնածուի օգտին քվեարկելու հնարավորությունից: Ընտրությունների միակ թեկնածուն Արմավիրի գործող քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Խլղաթյանն է:



Այլ քաղաքական ուժեր չեն առաջադրել իրենց թեկնածուներին՝ հղում կատարելով համապատասխան ռեսուրսների բացակայությանը և ընտրական գործընթացի նկատմամբ թերահավատությանը: Այսպիսով, Արմավիրի բնակիչները քվեարկության օրը, ինչպես պահանջում է ՀՀ Ընտրական օրենսգիքը, պետք է ընտրեն կողմ կամ դեմ սկզբունքով: «Այս փուլում մենք ՏԻՄ ընտրություններին թեկնածուներ չենք առաջադրել մի պարզ պատճառով: Մենք մեր հնարավորություններն ու ռեսուրսներն ենք գնահատել՝ հասկանալու համար հաղթելու հնարավորություն ունենք, թե՞ ոչ», - հայտարարեց ՀՅԴ Արմավիրի մարզային կոմիտեի անդամ Մայիս Մխիթարյանը:



Մարտի 11-ին Արմավիր քաղաքում «Մեդիա կենտրոնը» Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպեց մարզային քննարկում «ՏԻՄ ընտրություններն Արմավիրի մարզում. նախընտրական իրավիճակի գնահատում» թեմայով:



Քննարկման բանախոսներն էին ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության խորհրդի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, ՀՅԴ Արմավիրի մարզային կոմիտեի անդամ Մայիս Մխիթարյանը, «Ժառանգություն» կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Մարգարյանը, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի տնօրեն Նաիրա Առաքելյանը, «Ակտիվ պահանջ» նախաձեռնության ղեկավար Տիգրան Բալայանը և «Կայուն զարգացման նախաձեռնություն» ՀԿ-ի տնօրեն Էդգար Ազիզյանը:



Քննարկման ժամանակ մանակիցներին և լրագրողներին հետաքրքրում էր հիմնականում այն փաստը՝ ինչու ընդդիմությունը չի առաջադրել ընտրություններում սեփական թեկնածուին՝ այսպիսով «զրկելով մարդկանց այլընտրանքի հնարավորությունից»:



Առաջադրված թեկնածուների խճանկարը, քննարկման մասնակիցների խոսքերով, մտահոգիչ է ընդհանուր առմամբ նաև Հայաստանի մյուս 33 համայնքներում, որտեղ ևս մարտի 15-ին անցկացվելու ՏԻՄ ընտրություններ: Թեկնածուների ճնշող մեծամասնությունն իշխող Հանրապետական կուսակցությունից են: Միայն երկու գյուղում ՀՀԿ-ից բացի նաև ընդդիմադիր թեկնածուներ են մասնակցում:



«Ժառանգություն» կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Մարգարյանն էլ նշեց, որ ընտրություններին չեն մասնակցում մի քանի պատճառներով: «Ընտրությունները կանցկացվեն, և կտեսնենք, որ իշխանությունն ամեն ինչ անում է իրենց հաղթանակն ապահովելու համար: Անգամ դիմում է բիրտ ուժի», - նշում է Մարգարյանը՝ հավելելով, որ «Ժառանգության», որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 2012 թ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ էր տարել Արմավիրի մարզում, ընտրապայքարից հրաժարվելը պայմանավորված էր նաև տեղում համապատասխան թեկնածուի բացակայությամբ: «Ունենք, իհարկե, արժանի կուսակցականներ, սակայն նրանք խնդիր ունեն գրանցման հետ: Այլ համայնքներում առաջադրվում ենք, պայքարում ու հաղթում», - պարզաբանեց նա:
Փառանձեմ Կարապետյանն էլ հակադարձեց, որ ընտրապայքարից հրաժարվելը բացատրել «իշխանությունն ինչ ուզի՝ կանի» հայտարարություններով ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր կուսակցություն պետք է գոնե մեկ թեկնածուով ներկայանա ՏԻՄ ընտրություններին: «Ես ինքս կուզեի, որ կուսակցությունները հանդես գային մեկական թեկնածուով ընտրություններին, քանի որ դա էականորեն կընդլայներ հանրային վերակհսկողության շրջանակը: Իշխող կուսակցության կարգավիճակը այս ընտրություններում ամենավատն է, քանի որ մենք չեն ուզում մնալ մենակ, որովհետև մեզ նորից մեղադրելու են՝ ասելով՝ մենակ մնացիք և արեցիք այն, ինչ ցանկացաք», - ասաց նա:



Հատկանշական է, որ Արմավիրի քաղաքապետի ընտրություններում նախապես առաջադրված էին 6 թեքնածու (նրանց մեծ մասը հանրապետական են եղել), սակայն նրանցից հինգը, բացի ներկայիս քաղքապետ Ռուբեն Խլղաթյանի, ինքնաբացարկ են հայտարարել:



Փառանձեմ Կարապետյանի խոսքերով կուսակցությունը որևէ որոշում չի կայացրել այս կամ այն թեքնածուի առաջադրման կամ ինքնաբացարկի մասով: «Առաջադրվել կամ ինքնաբացարկ հայտարարելը եղել է այդ մարդկանց անձնական որոշումը», - տեղեկացրեց նա:



Արմավիրի զարգացման կենտրոն ԿՀ-ի տնօրեն Նաիրա Առաքելյանը, այլընտրանքային թեկնածուների և համապատասխանաբար նրանց վստահված անձանց բացակայության պայմաններում, քվեարկության օրը կարևորում է դիտորդների գործունեությունը:



«Բոլոր մեծ հասարակական կազմակերպությունները միավորվել են, և մարտի 15-ին Արմավիրի քաղաքացիական հասարակությունը դիտորդությունը կիրականացնի Արմավիրի և Կոտայքի մարզերում: Բոլոր դիտորդները վերապատրաստվել են և ԿԸՀ-ի կողմից որակավորման քննությունը հանձնել են: Քանի որ ունենք ընտրություններում մեկ թեկնածու, և մարդիկ պետք է քվեարկեն կողմ կամ դեմ: Չկա մրցկացություն, և այստեղ մեծանում է դիտորդների կարևորությունը: Կարծես թե ընտրական գործընթացը վերահսկողները մնում են դիտորդները», - հայտարարեց նա:



Չնայած այն հանգամանքին, որ քվերակությանը մնացել է մի քանի օր, այնուամենայնիվ Արմավիրի բնակիչները պասիվ են, ինչի մասին խոսում են «Ակտիվ պահանջ» նախաձեռնության անցկացրած հարցումները: «Մենք հասցրել ենք հարցումներ անցկացնել թվով մոտ 400 հարյուր մարդկանց շրջանում: Մեր կողմից հարցվածների մեծ մասի մոտ կա վախ, ագրեսիա և թերահավատություն ընտրությունների նկատմամաբ: Մարդկանցից շատերի մոտ կա նաև ինֆորմացիայի պակաս: Նրանք կարծում են, որ եթե մնացել է մեկ թեկնածու, ապա նա արդեն հաղթել է, ընտրություններին մասնակցելը համարում են անիմաստ: Նրանց մեծ մասի մոտ կա հիասթափություն և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից», - նշում է «Ակտիվ պահանջ» նախաձեռնության ղեկավար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ իրենց կողմից հարցվածների մեծ մասը ելքը տեսնում են «հեղափոխության մեջ»:



Այնուամենայնիվ, քննարկման ավարտին բոլոր բանախոսները կոչ արեցին Արամավիրի բնակիչներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ պատրաստակամություն հայտնեցին ՀԿ-ների և դիտորդների հետ միասին քվեարկության օրն իրականացնել վերահսկողություն: