«Թուրքական ապուշությունը» բախումների պատչառ դարձավ

«Թուրքական ապուշությունը» բախումների պատչառ դարձավ

«Մենք, որպես կուսակցություն, պետք է պահանջենք, որ կատարվի ամենաբարձր մակարդակի քննություն: Մանավանդ այն պատճառով, որ Լիբանանի քաղաքացիներին են խփել, իրենց քաղաքում, այն էլ՝ օտարի ձեռքից»,- հայտարարել է Լիբանանում Դաշնակցություն կուսակցության փոխնախագահ Հակոբ Բագրատունյանը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան հայերի եւ թուրքերի միջեւ բախում է տեղի ունեցել Լիբանանում՝ «ԷյԲիԷս Էշրեֆիե» մոլում: Ցուցադրվելիս է եղել «Վերջին նամակը» ֆիլմը՝ նվիրված Գալիպոլիի ճակատամարտին: Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆիլմի ցուցադրությունը նախաձեռնել է հենց Թուրքիայի դեսպանատունը:



Դաշնակցություն կուսակցության եւ «Զավարյան» երիտասարդական միության անդամները, մինչ կսկսվեր ֆիլմի ցուցադրությունը, սրահում մարդկանց թռուցիկներ են բաժանել՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանության փաստը, նրանք իրենց ձեռքերում ունեցել են նաեւ Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի եւ Հայաստանի դրոշները, թուրքական քաղաքականությունն անգլերեն եւ արաբերեն քննադատող պաստառներ: Բախումների ամբողջ ընթացքում Լիբանանում Թուրքիայի դեսպանն սպասել է դռներից այն կողմ, մինչեւ կրքերը կավարտվեն: Այս ամենը հունից հանել է թուրքական դեսպանատան անվտանգության աշխատակիցներին, եւ նրանք հարձակվել են երիտասարդների վրա, սկսվել է երկկողմանի ծեծկռտուք, երկու հայ երիտասարդ են վիրավորվել, ձերբակալվել են երկու թուրք: Ականատեսները պատմում են նաեւ, որ հայ երիտասարդներն սկսել են հայկական երգեր կատարել: Լիբանանի ՀՅԴ կուսակցությունն արդեն դիմել է դատարան: Փոխնախագահ Հակոբ Բագրատունյանը ֆիլմն անվանել է հերթական «թուրքական ապուշությունը»: «Այս անգամ նրանք ուղղակի ծաղրում են լիբանանցիների ուղեղները»,- հայտնում է khabararmani.com-ը: