Մուսալեռի բլուրը՝ նոր ուխտավայր

Մուսալեռի բլուրը՝ նոր ուխտավայր

Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի աջ կողմում՝ Մուսալեռի հուշարձանի հարեւանությամբ բլուրներից մեկի վրա հեռվից աչքի է զարնում Եղեռնի 100-րդ տարելիցը հիշատակող հսկա մի գրառում: Նախաձեռնության հեղինակները բլրի 8 հազար մետրանոց տարածքը վերածել են բաց գրքի՝ անցնող-դարձողին իրազեկելով մեկ դար առաջ կատարված ոճրագործության մասին: «Հատկապես էս բլուրն ենք ընտրել, որովհետեւ ուղիղ Արարատին է նայում եւ օդանավակայանի դեմդիմաց է: Դիրքն ինքը հուշեց կարեւոր տարեթիվն այստեղ ամրագրելու մասին: Ինքնաթիռի պատուհաններից շատ պարզ երեւում են հսկա անմոռուկը, 1,5 մլն եւ 1915 թվերը: Քարերով հավաքած ու գունավորած այս գրառումը ոչ միայն հայաստանցիներիս գենետիկ հիշողությունը թարմ պահելու, այլեւ Հայաստան եկող օտարերկրացիներին իրազեկելու միտում ունի»,-ասաց նախաձեռնության հեղինակ, ազատատամարտիկ Արամայիս Սաֆարյանը:



Նախաձեռնությունն արդեն օտարերկրացիների մի քանի խմբի բարձրացրել է բլուր: Օրեր առաջ Ցեղասպանության մասին հաղորդում պատրաստելու համար Հայաստան այցելած գերմանացի լրագրողներն այստեղ էին: «Եկել էին նկարահանող մեծ խմբով: Մենք էլ, բանից անտեղյակ, քարեր էինք հավաքում, որ անմոռուկի հինգերորդ թերթիկը շարեինք: Սկսեցին երեխաներից. հարցուփորձ էին անում, թե ինչի վրա են աշխատում, ինչ գիտեն ցեղասպանության մասին: Երբ թարգմանիչը բառ առ բառ թարգմանում էր մեր երեխաների պատասխանը, գերմանացիների աչքերը զարմանքից կլորացել էին: Անկեղծորեն խոստովանեցին, որ նման իրազեկվածություն չէին սպասում: Ասացին, որ հաղորդումն ապրիլի 21-ին եթեր կհեռարձակվի գերմանական 3 հեռուստաալիքներով միաժամանակ»: Արամայիս Սաֆարյանի փոխանցմամբ՝ գերմանացիներին զարմացրել էր նաեւ գաղափարի շուրջ հայերի համախմբվածությունը: «Հենց դա է մեր ուզածը. թող նկարեն, թող խոսեցնեն, թող շատ-շատ տեղեկություններ հավաքեն ու տանեն իրենց երկրներում տարածեն: Ի վերջո, էս, ինչ անում ենք, ինքնանպատակ չէ: Ուզում ենք, որ աշխարհը հերթական անգամ անդրադառնա մեր խնդրին. լուսանկարների տեսքով կլինի դա, ֆիլմի թե հաղորդման, ձեւաչափը կարեւոր չէ. միայն խոսեն, բարձրաձայնեն,-ասաց ազատամարտիկն ու հավելեց:- Սա նաեւ մեր երեխաներին է դաստիարակում: Չեք պատկերացնի, թե ինչ ոգեւորությամբ են մուսալեռցի երեխաներն էս բլուրը մաքրում քարերից: Ուխտավորի ճանապարհ են սարքում, աստիճաններ փորում, որ հյուրերը բարձրանալու դժվարություն չունենան: Եթե ուզում ենք, որ նոր սերունդը եւս պահանջատեր լինի, նրան չպիտի հեռու պահենք նմանօրինակ ձեռնարկներից: Միայն դասագրքային տեղեկություն տալով՝ հայրենասիրություն չենք սերմանի: Էս երեխաները երբեք չեն մոռանա ոչ այդ տարեթիվը, ոչ 1,5 մլն անմեղ զոհերին, ոչ էլ մեր պահանջը Թուրքիայից ու աշխարհից: Հավատացեք՝ մեր պահանջն անկատար չի մնա, որովհետեւ վաղվա պահանջատերն էս երեխաներն են»:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ