Շարականները պատմեցին ամեն ինչ

Շարականները պատմեցին ամեն ինչ

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս 1-ին պապի գլխավորությամբ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին մատուցված պատարագը ցնցումներ է առաջացրել Թուրքիայում, հրճվանքներ՝ Հայաստանում եւ սփյուռքում: Հայաստանից մեկնած պաշտոնական պատվիրակությունը՝ նախագահն իր թիմով, Ամենայն հայոց կաթողիկոսը՝ իր թիմով, պատգամավորներ, հասարակական, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, երեւելի պարոններ եւ այլք, պատարագի առնչությամբ գուցե ունեն իրենց յուրօրինակ, վսեմափառ զգացողությունները, որոնցով լցվում էին ու վերապրում ցեղասպանությունը: Պատարագի արարողությանն ուղիղ եթերում հետեւելն այլ էր:



Սուրբ Պետրոսը՝ Հռոմի չորս հայրապետական տաճարներից մեկը, Կաթոլիկ եկեղեցու հանդիսավոր կենտրոնը (տաճարի ներկայիս շենքի շինարարությունն սկսվել է 1506 թվականի ապրիլի 18-ին եւ ավարտվել 1626 թվականի նոյեմբերի 18-ին), պարզապես մարդկային երեւակայության ու մտքի գլուխգործոցներից մեկը, իր ծիսականության ու վեհության մեջ շշմեցուցիչ տպավորություն էր թողնում: Նույնիսկ մոլեռանդ աթեիստները, հետեւելով արարողակարգին, կարծում եմ, մի պահ ընկրկեցին՝ թափանցելով պատարագը շրջապատող քանդակների, նկարների, խորանների բնույթի մեջ:



Հռոմի պապի աղոթքները, գործողությունները, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դժգույն խոսքը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայերեն, ապա անգլերեն բոցաշունչ ճառը (ասես Արամ Ա-ն ողջ կյանքն սպասել էր իր այս աստեղային ժամին), Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի համեստ, բովանդակալից ելույթը… ամեն ինչ, ըստ պաշտոնակալության, այսպես ասած՝ պատշաճորեն իրացվեց, սակայն այն, ինչ անհնար է փոխանցել, ինչի մասին անհնար է խոսել, աղետի ողջ իսկությունը վեր ելավ մեր լեզվի մեջ, երբ Սուրբ Պետրոսի տաճարը լցվեց հայկական շարականներով:



Մեր պատմությունն ու մշակույթը, անցյալն ու ներկան՝ շարականների միջով, ճշմարիտ ու գեղեցիկ խորհուրդ հղեցին ողջ աշխարհին: Գյումրիի «Տիրամայր Հայաստան» սքանչելի երգչախումբն այնպիսի ոգեղենություն ու նրբություն հաղորդեց պատարագին, այնպես խոսեց Եղեռնի մասին, որ ոչ մի քաղաքականություն, պատմական ոչ մի դասագիրք ունակ չէր անելու այդ: