Թուրքիան Ավստրիայի խորհրդարանի որոշումը դատապարտող հայտարարություն է տարածել

Թուրքիան Ավստրիայի խորհրդարանի որոշումը դատապարտող հայտարարություն է տարածել

Թուրքիայի արտգործնախարարությունն Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել, գրում է Zete կայքը։




Արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, թե Ավստրիայի խորհրդարանը, իրավական ու պատմական իրողություններին հակադրվելով, թուրք ազգին մեղադրանք ներկայացնելու իրավունք և գործառույթ չունի:




«Թուրքիան և թուրք ազգն իր պատմության հանդեպ այդ զրպարտանքը չի մոռանալու»,- ասել են ԱԳՆ-ից՝ պնդելով, թե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բոլորը նույն պայմաններում են կռվել, և տեղի ունեցած մեծ ողբերգությունը «ցեղասպանություն» բնութագրելը սխալ է:




«Բոլոր քրիստոնյա խմբերի ցավերը կիսելով՝ այդ ընթացքում զոհված մուսուլմաններին որևէ կերպ չանդրադառնալը ցույց է տալիս կրոնական հիմքով դրված խտրականութունը»,-ասված է հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ Ավստրիայի խորհրդարանը պատմության դաս տալու իրավունք չունի, և իրենք դատապարտում են այդ նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիան ի նշան բողոքի հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին: