Ինքնարժևորման դժվարությունները

Ինքնարժևորման դժվարությունները

Այս օրերին, եթե մեկը ցանկանում է ԲՀԿ-ականներին զայրացնել, հարցնում է` իսկ դուք սահմանադրական բարեփոխումների համար առաջարկներ չե՞ք ներկայացրել: Անմիջապես նեղացածի կեցվածք են ընդունում ու պատասխանում. «Մեր տեսակետը սահմանադրական բարեփոխումների մասով չի փոխվել, մենք խորհրդարանական կառավարման կողմնակից չենք»:



Տեսեք, թե այստեղ ինչն է հետաքրքիր: Բանն այն է, որ դա ոչ թե իրենց, այլ Գագիկ Ծառուկյանի տեսակետն էր, ով շատ էր ուզում, որ նախագահական համակարգը պահպանվի: Չեմ կարող ասել, թե ինչու, բայց, ամեն դեպքում, Ծառուկյանը պնդում էր, որ կառավարման համակարգը մեղք չունի, պետք է պարզապես օրենքները կիրառվեն: Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալուց հետո, ենթադրելի է, ԲՀԿ-ում պետք է փոխվեին ապագայի մասին բոլոր հին պատկերացումները, հետեւաբար՝ նաեւ քաղաքական գործընթացների հանդեպ մոտեցումները: Սակայն այդպես չեղավ, եւ ԲՀԿ-ի մնացորդացը, որ հաշված օրերի ընթացքում հասցրեց մերժել Գագիկ Ծառուկյանի որդեգրած այլընտրանքային ուղղվածությունը եւ դառնալ ընդդիմություն, շարունակեց կառչած մնալ իր նախկին առաջնորդի թեզից, այն է` մեզ խորհրդարանական կառավարման համակարգ պետք չէ:



Հաջորդ հարցն ենք տալիս ԲՀԿ-ին` դուք առաջվա պես պնդում եք, որ դա կտանի իշխանության եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի վերարտադրությա՞նը: Պատասխանում են` հարցը վերարտադրությունը չէ: Հարցնում ես` բա ի՞նչն է: Պատասխանում են` սկզբունքը: Այ ձեր ցավը տանեմ, երկու օրվա կուսակցության համար ի՞նչ սկզբունք: Դուք դեռ չե՞ք հասկացել, որ հայտնի դեպքերից հետո վերածվել եք ՀՀԿ-ի ԲՀԿ-ական թեւի, ճիշտ այնպես, ինչպես «Օրինաց երկիրն» է ներկայացնում ՀՀԿ-ի բարոյական թեւը: Ի տարբերություն ՕԵԿ-ի, սակայն, որ շատ ճիշտ է խաղում իր բարոյական-ընդդիմադիր դերը (մարդիկ դեմ են էլեկտրաէներգիայի թանկացմանը, բայց կողմ են սահմանադրական բարեփոխումներին), դուք փորձում եք ավելի բարոյական երեւալ, երբ հայտարարում եք, որ Գագիկ Ծառուկյանի տեսակետը չի փոխվել: Ախր դուք ի՞նչ կապ ունեք Գագիկ Ծառուկյանի ու նրա տեսակետի հետ:



Գագիկ Ծառուկյանն իշխանությունների հետ Աբովյանում միասնական թեկնածու է պաշտպանում, իսկ դուք անունով ընդդիմադիր եք. սա, գոնե, հասկանո՞ւմ եք: Եթե այո, ապա քննադատեք Գագիկ Ծառուկյանին: Իսկ եթե չեք քննադատում նրան, բարի եղեք չքննադատել նաեւ իշխանությանը, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն ու իշխանությունը նույնական են:



Մարդկանց աչքերին թոզ փչելով` հեռուն չես գնա, իսկ սկզբունքներից խոսելուց առաջ էլ պետք է սկզբունքներ մշակել: Դա տեւական ու ծանր աշխատանք է, հարգելի ԲՀԿ-ականներ, որ պահանջում է առաջին հերթին ազնվություն սեփական անձի եւ հանրության հանդեպ: Այս առումով խորհուրդ կտամ օրինակ վերցնել ձեր կուսակից Միքայել Մելքումյանից, որ արդեն մի քանի ամիս է, ինչ լծվել է ՀՀԿ-ի հետ համատեղ «կառուցողական» աշխատանքների, բնականաբար, մոռացած, որ այս իշխանությունները պետք է հեռանան: Սա, ինչ էլ ասենք, առնվազն ազնիվ կեցվածք է, եւ Մելքումյանն իրենով գոնե չի աղավաղում ընդդիմադիր գործչի կերպարը: Նա համարյա ՀՀԿ-ական է, ինչպես իր նախկին կուսակցապետը: