Քառյակը ՀԷՑ-ի հարցով հավաքվեց, բայց չմիավորվեց

Քառյակը ՀԷՑ-ի հարցով հավաքվեց, բայց չմիավորվեց

Ազգային ժողովի երբեմնի ոչ իշխանական քառյակը, որ վերածվեց եռյակի, հետո էլ փլուզվեց, երեկ մի անհաջող փորձ արեց՝ կրկին որպես միասնական մեկ ուժ դրսեւորվելու։ Այս անգամ առիթն էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ էր։ Դեռ ուրբաթ օրն ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարների եւ հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ ստանդարտ ընթացակարգային հանդիպման ժամանակ ընդդիմության կողմից առաջարկվել էր, մի կողմից, խորհրդարանական լսումներ հրավիրել՝ քննարկելու էլէներգիայի թանկացման հարցը, մյուս կողմից՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ պարզելու էլէներգիայի թանկացման պատճառներն ու համակարգում առկա խնդիրները, թերությունները։



ՀԱԿ-ը կողմնակից է հանձնաժողովի ստեղծմանը՝ այդ կապակցությամբ կազմակերպելով նաեւ ստորագրահավաք, որպեսզի հարցը 44 ստորագրությամբ մտցնեն օրակարգ եւ քննարկեն արտահերթ, բայցեւ դեմ չէ խորհրդարանական լսումներին՝ պնդելով, որ մեկը մյուսին չի խանգարում, իսկ, ահա, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ են միայն լսումներին։ Այս առիթով երեկ, ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկից առաջ, այդ չորս ուժերը կրկին նիստ էին հրավիրել, սակայն դարձյալ ընդհանուր հայտարարի չէին եկել։ Լսումներից հետո ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ՀԱԿ-ի առաջարկն իրենք չեն մերժում, բայց նպատակահարմար են համարում դրան անդրադառնալ լսումներից հետո։ ԲՀԿ-ի հետ համակարծիք են նաեւ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»՝ այն հիմնավորմամբ, որ օր առաջ լսումներ հրավիրելն առավել օպտիմալն է։



Այդ առաջարկը Զոհրաբյանը բարձրաձայնեց նաեւ նիստի ժամանակ։ ՀՀԿ-ն էլ դեմ չէ դրան, չեն մերժում լսումների անցկացումը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ ասաց, որ իրենք չեն ասել, թե դեմ են, պարզապես առաջարկում են սպասել, մինչեւ ՀԷՑ-ի ուղարկած 4 հազար էջանոց փաստաթուղթն ուսումնասիրի ՀԾԿՀ-ն, նաեւ դրան պետք է ծանոթանա էներգետիկայի նախարարը, հետո տեսնեն, թե ինչ կարծիք է հայտնում Ռոբերտ Նազարյանը, ու նոր որոշեն հանձնաժողովի նիստ անցկացնելու հարցը։ Միգուցե ՀԾԿՀ-ն մերժում է ՀԷՑ-ի առաջարկը։ Բաղդասարյանն ասաց, որ քառօրյայի ավարտին, այսինքն՝ շաբաթվա վերջին, խմբակցություն կհրավիրեն Նազարյանին, եւ այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե լսումների վերաբերյալ ինչ կորոշեն։ Իսկ հանձնաժողով ստեղծելուն, կարծես թե, թերահավատորեն են վերաբերվում ՀՀԿ-ում՝ այն առումով, որ անօգուտ գործ է, իբր մյուս այդօրինակ հանձնաժողովներն ինչ տվեցին, որ սա ինչ տա։ Լսումները, եթե անցկացվեն, կհրավիրվեն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից։



Իսկ մինչ այդ նախկին քառյակի ուժերը շարունակում են նույն հարցի շուրջ համակարծիք լինել, բայց միասնական չլինել։ Ըստ էության՝ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջարկած լսումներին դեմ չէ, նրանք էլ ՀԱԿ-ի առաջարկած հանձնաժողովի ստեղծմանը դեմ չեն, բայց, չգիտես ինչու, ընդհանուր հայտարարի չեն գալիս, որ միասնական որոշում կայացնեն։ Արդյունքում՝ ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացան ընդամենը 17 հոգի, որոնց թվում չկային ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ստորագրությունները, ինչպես նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ստորագրությունը։ Փոխարենը՝ ամբողջ կազմով ստորագրահավաքին միացել է ՕԵԿ-ը, որը մի կես ժամով «քառյակի» վերածված ուժերի նիստին չէր մասնակցել։



Այդպես էլ պարզ չդարձավ․ եթե մեկը մյուսին չի խանգարում, ինչո՞ւ չեն այդ 4 ուժերը միավորվում, ի վերջո, սա եւս մեկ առիթ է հատկապես ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին ապացուցելու իրենց անմեղությունը՝ որպես ընդդիմադիր, եւ որ իրենք իսկապես «կարմիր» են «կարմիրների» մեջ, քանզի վերջին շրջանում այդ երկու ուժերի ներկայացուցիչներն ավելի ակտիվ են պաշտպանում կառավարության բերած որոշ օրենքներ եւ դրանց վերաբերյալ իշխանությունների տեսակետը, քան հենց ինքը՝ իշխանությունը։ Իսկ եթե չեն էլ պաշտպանում բացահայտ, ապա դիվանագիտորեն գլուխ են պահում ու ձեռնպահ լինում, որպեսզի «ոչ շիշը, ոչ քյաբաբը» լինի։ Արանքում շահում է ՕԵԿ-ը՝ նման «անվնաս» հարցերում փորձելով «ընդդիմադիր» դիվիդենտներ շահել իր ստորագրություններով ու ելույթներով, ինչին նպաստում է նաեւ հենց ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի «անհասկանալի» դիվանագիտությունը։ ՕԵԿ-ից բացի, ստորագրողների թվում են եղել նաեւ անկախ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը, երեկ միացավ նաեւ ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանը։



ՀԱԿ խմբակցության ղեկավարը, պատասխանելով մեր դիտարկմանը, որ կարծես թե կրկին քառյակի ձեւաչափով նոր համագործակցություն է ստեղծվում, բայց դարձյալ իրար չհասկացաք, ի՞նչն է խանգարում մի հարցի շուրջ վերջնական կոնսոլիդացիայի հասնել, ասաց․ «Հիմա թե կոնկրետ ինչու են մերժել մեր առաջարկը, դա պետք է իրենց հարցնեք, ես էստեղ չեմ ուզում խնդիր տեսնել, առավել եւս, որ պայմանավորվածություն կա, որ ապագայում մենք կփորձենք ընդհանուր դիրքորոշման գալ, եւ վստահ եմ, որ գնալով ինքը՝ կյանքը, պարտադրելու է մեզ համագործակցել»։ Զուրաբյանի խոսքով, իրենց եւ նրանց առաջարկների միջեւ որեւէ հակասություն չկա, մեկը կարճաժամկետ գործիք է՝ լսումները նկատի ունի, մյուսը՝ հանձնաժողովի ստեղծումը, երկարաժամկետ գործիք է, որը հնարավորություն կստեղծի արդեն խորհրդարանի ներկայացուցիչներին ծանոթանալ գործի նյութերի հետ։



ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքը, սակայն, փաստացի տապալվեց։ Թե ինչ են ծրագրում անել հաջորդիվ, ինչ քայլերով են պայքարելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, Լեւոն Զուրաբյանը տեսնում է կրկին կոնսոլիդացման եւ համախմբված ուժերով հանրահավաքներ անելու, խորհրդարանի դահլիճին զուգահեռ՝ պայքարը նաեւ փողոցում շարունակելու մեջ։



«Մենք գիտենք, որ գնում է կազմակերպված թալան։ Հիմա մեր մոտեցումը հետեւյալն է՝ ինչքան դիմադրություն չտեսնեն, էնքան ավելի շատ են թալանելու։ Ուրեմն պետք է կազմակերպել դիմադրության ճակատ, ժողովրդին հանել փողոց, ստեղծել լայն համախմբում։ Դրա համար մենք էս քայլն էս կոնտեքստում ենք տեսնում։ Ինչ է, միայն հանձնաժողով ստեղծելով հա՞րց էինք լուծելու»,- ասաց նա՝ նշելով, որ հանրահավաքներ անելն անհրաժեշտ է, քանզի կարծում է, որ առանց դրա հարցը չի լուծվի։ Իսկ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է համագործակցություն բոլոր քաղաքացիական ուժերի միջեւ։ Վերջապես կլինի՞ համագործակցություն այս հարցում, ընդդիմադիր ուժերը, ձեռք ձեռքի տված, դուրս կգա՞ն փողոց ու կպայքարեն հանուն մի նպատակի, ցույց կտա ժամանակը։ Առայժմ միայն ընդդիմադիր խաղեր են, կոնկրետ համախմբված քայլեր դեռ չկան։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ