Լատվիայի տրաեկտորիան` խաչակիրներից դեպի ԵՄ

Լատվիայի տրաեկտորիան` խաչակիրներից դեպի ԵՄ

Ռիգայում գումարված ԱլԳ 1-ին Մեդիա համաժողովից եւ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից ավելի, ինչ խոսք, հետաքրքիր էին Ռիգան եւ Լատվիան: Առավել եւս, որ արդյունքների առումով թե համաժողովը, թե գագաթնաժողովը միջանկյալ փուլ էին: Մեդիա համաժողովից եզրակացություններն ու առաջարկները պատկան ատյաններին ներկայացվելու էին հունիսի վերջին: ԱլԳ գագաթնաժողովում էականը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր, համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին ձեւակերպումն էր, բայց բանակցային մանդատի հաստատումը նույնպես ակնկալելի է հունիսին: Հունիսյան զարգացումներին կհետեւենք, իսկ մինչ այդ անդրադառնամ Ռիգային եւ Լատվիային` ԱլԳ թեմատիկայից դուրս:



Պատմության պողոտա. Հիտլեր, Լենին… Բրիվիբաս



Զբոսաշրջության ռակուրսով, իհարկե, հաճելի էր, որ Ռիգայում տեսարժան վայրերն ու Հին քաղաքն այնքան փոքր էին, որ ընդամենը մի շաբաթում գրեթե բոլոր ամրոցները, եկեղեցիները, թանգարանները, պուրակները, բուլվարներն անգիր սովորեցի: Ընդսմին, համարյա կոթող կամ վայր չի եղել, որի մասին կարդայի, գրեթե ամեն ինչ ռիգացիները պատմեցին:
Ընդհանրապես, տեղացիների հետ շփումների առումով Ռիգայում՝ ասես Մեծ Բրիտանիայում լինես կամ Իտալիայում: Իհարկե, ոչ Լոնդոնում եւ Հռոմում, բայց բրիտանական, իտալական ավելի փոքր քաղաքներում, նույնիսկ Ջենովայում կամ Կարդիֆում բավական է down town-ում կանգնես, քարտեզը հանես՝ ինչ-որ բան նայելու, անպատճառ մեկը կմոտենա` զբոսաշրջի՞կ եք, ո՞ր երկրից եք… Կծանոթանան, կհարցնեն` ո՞ւր եք ուզում գնալ, ճանապարհը ցույց կտան, իրենք կուղեկցեն, քաղաքի մասին կպատմեն… դե, հյուրանոցների, թանգարանների աշխատակիցները, ոստիկաններն էլ ընդհանրապես քայլող ուղեցույց են: Այնպես որ, վերջնահաշվում քաղաքը տեղացիների պատմություններով ես սովորում: Նույն պատկերն էլ Ռիգայում էր: Գրեթե ամենը, ինչ քաղաքի մասին սովորեցի, ռիգացիների պատմածն էր:



Մի ուշագրավ պատմություն Ռիգայի կենտրոնական պողոտայի անվանումներն են: Լատվիան պատմության մեջ առաջին անգամ անկախ պետություն է հռչակվել 1918 թվականին: Անկախությունը տեւել է շուրջ երկու տասնամյակ, որից հետո Երկրորդ համաշխարհայինի տարիներին նախ Խորհրդային Միությունը (1940թ.), ապա նացիստական Գերմանիան (1941-45թթ.), ապա կրկին ԽՍՀՄ-ը (1945-91թթ.) բռնագրավել են երկիրը: Գերմանական օկուպացիայի տարիներին Ռիգայի կենտրոնական պողոտան կոչվել է Ադոլֆ Հիտլեր շտրասսե, խորհրդային բռնակցման տարիներին` Լենինի պողոտա, իսկ 1991-ին, անկախ պետականության վերականգնումից հետո, պողոտան վերանվանվել է Brivibas iela, թարգմանաբար` Ազատության պողոտա: Բոլոր ռիգացիները, ովքեր սրամտում էին, թե Բրիվիբասով կարելի է Լատվիայի պատմությունը սովորել, հույս ունեին, որ ոչ պողոտան, ոչ էլ Լատվիան այլեւս ազատությունը չեն կորցնի: Տա Աստված, թեեւ ակնհայտ է, որ այս դեպքում Աստծո դերում ընկալվում է ՆԱՏՕ-ն:



Անշուշտ, ՆԱՏՕ-ն Լատվիային կպաշտպանի «ռուս բարբարոսներից», ինչպես տեղացիներն էին կոչում, բայց Ռիգայում արագ գիտակցում ես, որ անվտանգության համար լատվիացիների երկյուղներն էլ հիմնազուրկ չեն: Ռիգայում այնքան ռուսերեն խոսք ես լսում, որ իսկապես այդ երկրի համար երկյուղում ես: Լատվիացի ծանոթներիցս մեկը պատմեց, որ եթե հարյուր տարի առաջ Ռիգա այցելած լինեի, նույնքան հաճախ գերմաներեն խոսք կլսեի, սակայն Երկրորդ աշխարհամարտի տարիներին, Հիտլերի կարգադրությամբ, Լատվիայից գերմանացիները ներգաղթել են Գերմանիա, փոխարենը խորհրդային բռնակցման տարիներին ռուսներն են երկրում տարածվել: Ներկայում Լատվիայի բնակչությունը մոտ երկու միլիոն է կամ 100-200 հազար ավելի, եւ այդ թվի 40 տոկոսը կազմում են ռուսները, 600 հազար բնակչությամբ Ռիգայում տոկոսային հարաբերությունը գուցե ավելի բարձր է:



Խաչակիրների օրդեններն ու գործերը



Ռիգային վերաբերող մեկ այլ հիշարժան պատմություն էլ քաղաքի հիմնադրման լեգենդն է: Լեգենդը պատմում է, որ մի ժամանակ, երբ ներկայիս Ռիգայի տարածքում միայն բնություն է եղել, քարանձավներ ու Դաուգավա գետը, այդտեղ մի բարի հսկա է ապրել` Քրիստոֆեր անունով: Նա մարդկանց Դաուգավայի մի ափից մյուսն է տեղափոխել, խեղդվողներին է փրկել, ամենքին օգնության հասել: Մի մութ, անձրեւոտ գիշեր էլ, ամպրոպների ճայթյունների մեջ հսկան երեխայի լացի ձայն է լսում: Դուրս է գալիս կացարանից, մոտենում է գետին, հակառակ ափին միայնակ, փոքրիկ, արտասվող երեխա է կանգնած լինում, ով խնդրում է իրեն փրկել: Հսկան փոքրիկին փրկում է, բերում իր կացարանը, իսկ առավոտյան, երբ արթնանում է, փոքրիկն անհետացած է լինում: Նրա փոխարեն մի պարկ ոսկի է դրված լինում մահճակալին: Լեգենդը հավատացնում է, որ այդ ոսկով էլ հիմնադրվում է Ռիգա քաղաքը:



Ի դեպ, կարող եմ վկայել, որ Քրիստոֆերի արձանը` Ֆալկոնեի հրեշտակներից չտարբերվող փոքրիկը ուսին, Ռիգայի ամենագեղեցիկ արձաններից է: Բնօրինակն ստեղծվել է 15-րդ դարում, ցուցադրված է Ռիգայի պատմության եւ նավագնացության թանգարանում, իսկ կրկնօրինակը կա անմիջապես Դաուգավայի ափին, Ռիգայի ամրոցի հարեւանությամբ:
Ինչ խոսք, գեղեցիկ լեգենդ է, սակայն իրականում Ռիգան չեն հիմնադրել հսկաներն ու հրեշտակները, այն հիմնադրել կամ քաղաք են դարձրել խաչակիր ասպետները: Խաչակրաց օրդենները Լատվիայի տարածք են մուտք գործել 12-13-րդ դարերում եւ իշխել են այդտեղ ամբողջ միջնադարում, մինչեւ 18-19-րդ դարեր: Լատվիայում իշխողը եղել է Լիվոնյան ասպետական օրդենը: Իմիջիայլոց, շատ երկար ժամանակ Լատվիայի տարածքի մեծ մասը, հարակից երկրների որոշ հատվածների հետ, հենց Լիվոնիա է կոչվել: Բայց Լիվոնյան օրդենն ինքնուրույն խաչակրաց ուխտ չի եղել, այն եղել է հզոր ու ազդեցիկ գերմանական Տեւտոնական օրդենի մի ճյուղը: Պարզապես վայելել է ինքնուրույնություն եւ ունեցել է սեփական Grand Master կամ Magister: Հետեւաբար, Լատվիան էլ այն վայրերից մեկն է այս երկրագնդի վրա, որտեղ քաղաքակրթություն ու քրիստոնեություն են տարածել խաչակիր ասպետները: Այս դեպքում` ուշ միջնադարում, 13-րդ դարից հետո: Մինչ այդ Լատվիայում եղել է պրիմիտիվ, հեթանոս հասարակություն` առանց ինքնակազմակերպման:



Այնպես որ, Մերձբալթիկայում լինելուց հետո ինքս վերջնականապես համոզվեցի, որ Խորհրդային Միության կազմում եղած միակ ժողովուրդը, որ ունեցել է հազարամյակների պատմություն, պետականություն, քաղաքակրթություն, կրոն, մշակույթ, հայերն են: Մյուս բոլորը, բացառությամբ Վրաստանի, 11-12-րդ դարերում էլ դեռ բարբարոսության աստիճանին գտնվող հանրույթներ են եղել` ռոսներից կամ մոսկովիտներից սկսած: Այլ հարց, որ Մերձբալթիկան նաեւ դաս է առ այն, որ պատմություն, պետականություն, լեզու, կրոն կամ մշակույթ չունենալը կամ ընդամենը մի քանի դար առաջ ձեռք բերելն ամենեւին էլ չի նշանակում քաղաքակրթության ավելի ցածր աստիճանի կանգնած լինել:
Էստոնացիները, օրինակ, ոչ միայն լատվիացիների նման միայն 20-րդ դարում են անկախ ազգային պետություն հիմնել, այլեւ, ի տարբերություն լատվիացիների, որոնց լեզուն ձեւավորվել է միջնադարում, էստոնացիները սեփական գրական լեզու եւ այբուբեն էլ ստեղծել են 19-րդ դարում, կրոնական առումով էլ ինչպես Լատվիայում, այնպես էլ Էստոնիայում ոչ ազգային, ոչ էլ նույնիսկ գերիշխող եկեղեցի կամ դավանանք գոյություն չունի, եւ, այդուհանդերձ, այդ չվերջացող «չունի, չկա»-ների շղթան ոչնչով չի խոչընդոտել, որ ե՛ւ էստոնացիները, ե՛ւ լատվիացիները կանգնեն երկրագնդի ամենից կիրթ, բարեկիրթ ու քաղաքակիրթ ժողովուրդների շարքում: Ահա այդպես:



Սուրը եվ խաչը՝ Ռիգայի տաճարում



Եթե ասեմ, թե Ռիգայում ինչն ամենից շատ սիրեցի, նույնիսկ մարդկանցից ու սեւից մինչեւ բաց երկնագույն անվերջ գունափոխվող Դաուգավայից ավելի, Ռիգայի տաճարն էր (Riga Dome): Տաճարը լյութերական ավետարանչական եկեղեցու սրբավայր է, հիմնադրվել է 13-րդ դարասկզբին` 1211թ., Լիվոնյան օրդենի անդամ, Ռիգայի եպիսկոպոս Ալբերտի կողմից, կատարելապես գոթական ճարտարապետության կոթող է եւ համարվում է ամենամեծ միջնադարյան եկեղեցին Մերձբալթիկայում:



Իրականում, իհարկե, առանձնապես մեծ չէ, բայց տպավորիչ է, ազդեցիկ եւ հիշվող` նախ աուրայով, ապա երկու հանգամանքով: Առաջինը՝ երգեհոնը, որ ռիգացիներն ասում էին՝ իր ձայնային հզորությամբ եւ կատարելությամբ երրորդ կամ չորրորդն է ողջ Եվրոպայում: Ցավոք, ինքս որքան էլ ջանացի, ամբողջ շաբաթվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց տաճարում ամեն կեսօրին տրվող քառորդ ժամանոց երգեհոնային համերգներից գոնե մեկին ներկա լինել: Սակայն լռության մեջ էլ այդ երգեհոնն իր մեծությամբ ու փայտյա դրվագազարդումների գեղեցկությամբ ուղղակի դաջվում է հիշողության մեջ:
Հիշվող երկրորդ հանգամանքը եկեղեցու պատերը զարդարող ասպետական զինանշանները, զրահներն ու ասպազենն էին: Եկեղեցու այդպիսի զարդարանք երբեք չէի տեսել, ոչ մեկում այն տասնյակ, գուցե հարյուրավոր եկեղեցիներից ու սրբավայրերից, որտեղ եղել եմ` Արեւմտյան Եվրոպայից մինչեւ Մերձավոր Արեւելք: Բայց պետք է խոստովանեմ, որ խաչի ու սրի համադրությունը շատ էլ գրավիչ էր երեւում: Տաճարի միագույն, դատարկ պատերի ամեն բեկված հատվածում ամրացված էր մի մետաղաձույլ զինանշան, երբեմն` մետաղաձույլ թիկնոց ու զրահներ, մի քանի մետր չափերով, որ թերեւս տարբեր ասպետական եղբայրությունների էին պատկանել: Եվ այդ խաչի ու սրի, խորանների ու զինանշանների համադրումից այնպիսի ասպետականության, վեհության ու խորության աուրա էր տիրում եկեղեցում, որ անկարելի է մոռանալ:



Ռիգայից մյուս անմոռանալի հիշողությունս ճիշտ Riga Dome-ի դիմաց գտնվող Արվեստի թանգարանից էր (Art Museum Riga Bourse), որտեղ մայիսի 21-ին ԵԺԿ գագաթնաժողովն էր գումարվել: Թանգարանի մի հարկաբաժինն ու սրահն էր բաց, որտեղ կերպարվեստի գործերն են: Այդքան համեստ թանգարանային հավաքածու դարձյալ ոչ մի տեղ չէի տեսել: Հազիվ քսան կտավ կլիներ, այն էլ ամրացված ոչ թե պատերին, այլ ստենդներին, եւ… դրանք էլ կրկնօրինակներ: Մի կրկնօրինակ Ռենուարից էր, եւս մեկը` Մատիսից, երկու ընդօրինակում՝ Պիկասոյից, երեւի երեք-չորս կրկնօրինակ էլ՝ Մարկ Շագալից, վերջ… Մնացյալ կտավների թվում կային բնօրինակներ, բայց հայտնի հեղինակների գործեր չէին, ընդսմին, ոչ մի լատվիացի նկարչի գործ: Կային նաեւ Ռենուարի եւ Մատիսի երկու-երեք մատիտով էսքիզներ, որ, հուսով եմ, բնօրինակ էին: Չափազանց համեստ հավաքածու էր, բայցեւ անկեղծ` ի վերջո, ունենք այն, ինչ ունենք:



Իսկ գուցե անկեղծությունն ու եղածից գոհունակությունը` առանց այլոց հետ մրցակցության ու հեգեմոնության հավակնությունների, լատվիացիների ազգային բնավորությունն է, որ այնքան համակրելի է դարձնում այդ մարդկանց եւ այնքան արժանի պաշտպանության` լինի ՆԱՏՕ-ի կողմից, թե Աստծո: