Ո՞րն է ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի պատճառը․ ԵԽԽՎ հայ պատվիրակը պարզաբանում է

Ո՞րն է ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի պատճառը․ ԵԽԽՎ հայ պատվիրակը պարզաբանում է

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ-ում իսպանացի պատվիրակ Պեդռո Ագռամունդի ներկայացրած հակահայկական զեկույցը համարում է անգլիացի պատվիրակ Ռոբերտ Ուիոլտերի սկսած հակահայկական քայլերի շարունակությունն ու հետևանքը։



Հիշեցնենք, որ խոսքը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից հրապարակված հունիսի Ադրբեջանի մոնիտորինգային պարտավորություններին վերաբերող զեկույցի մասին է, որտեղ հակահայկական նախադասություններ են տեղ գտել։ Մասնավորապես՝ զեկույցում կարելի է կարդալ հետևյալ միտքը․ «Վեհաժողովը քաջատեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի այլ շրջանների օկուպացիայի մասին, ինչը գերիշխող հարց է Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգում»։ Զեկույցի հեղինակը իսպանացի պատվիրակ Պեդռո Ագռամունդն է, և այն քննարկման կդրվի ԵԽԽՎ այս՝ ամառային նստաշրջանում, որը կանցկացվի հունիսի 22-26-ը։ Այս մասին օրեր առաջ Hraparak.am-ը հոդված էր հրապարակել։



«Սա շատ հստակ հետևանքն է Ռոբերտ Ուոլտերի նախաձեռնության, որ հիմա ինքը զեկույց է պատրաստում Ղարաբաղի հարցով, և այդ զեկույցի հաստատումները փորձում են ներառել տարբեր փաստաթղթերի մեջ»,-ասաց նա՝ նկատելով, որ ադրբեջանական լոբբինգը ամբողջությամբ Եվրոպայի խորհուրդը վերածել է Միլի մեջլիսի։



Իսկ հնարավոր չէ՞ր իրենք՝ որպես հայաստանյան պատվիրակության և տվյալ հանձնաժողովի անդամներ, այնպիսի լոբբինգ անեին, այնպիսի աշխատանք տանեին ԵԽԽՎ-ում, որ բանը նման հակահայկական զեկույցներին չհասներ։
«Ո՛չ։ Նույնն էլ՝ հնարավո՞ր չէ Միլի մեջլիսում գնալ և չեզոք հայտարարություն ընդունել․․․ գրեթե էդ վիճակն է ստացվել»,-ասաց նա՝ նշելով, որ Միլի մեջլիսը լուրջ ազդեցություն ունի ԵԽԽՎ-ի վրա։



Այդուհանդերձ, մեր պատվիրակության անդամների վատ, անարդյունավետ աշխատանքի խնդիր չի՞ տեսնում, որի հետևանքով նման ոչ նպաստավոր զեկույցներ են հրապարակվում, Ռուստամյանն ասաց․ «Չեմ կարծում, որովհետև, էլի եմ բացատրում, իրենք երկարատև աշխատել են իրենց լոբբինգի միջոցով, որտեղ օգտագործել են իրենց բնորոշ միջոցները՝ նավթադոլարային, և հասել ենք էս վիճակին։ Սրա մասին մենք վաղուց ենք ասում, սա իրականություն է, և գնալով էդպես էլ դրսևորվել է։ Էստեղ խնդիր կա ընդհանրապես Եվրոպայի խորհրդի հեղինակությունը փրկելու մասին, և էդպիսի պատգամավորներ հիմա կան, որոնք մտածում են էդ մասին, որ, իսկապես, լուրջ իրավիճակ է առաջացել՝ Եվրոպայի խորհուրդը գործիք է դարձել Ադրբեջանի ձեռքին»։



Նա նշեց, որ այդ զեկույցի մասին իմացել են տեղում՝ հենց մայիսի 28-ին, երբ հրապարակվել է այն։ Պայքարել են դրա դեմ, բերել են հստակ փաստարկներ։
«Բայց ամեն ինչ քվեարկությամբ է որոշվում, և էդ քվեարկությամբ ես չեմ էլ զարմանա, որ վաղը Ալիևի որևէ հակահայկական ուղերձը կամ հրապարակումը բերեն քվեարկեն ու անցնի»,-ասաց պարոն Ռուստամյանը։
Թե որտեղ է տեսնում լուծումը, Ռուստամյանն ասաց, որ լուծումը Եվրոպայի խորհուրդի հեղինակությունը փրկելու մեջ է։



 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ