Լացացնելը շատ ավելի հեշտ է, դժվար է ծիծաղեցնելը

Լացացնելը շատ ավելի հեշտ է, դժվար է ծիծաղեցնելը

1990-ականներին նկարահանված «Մեր բակը» ֆիլմը հիմա արդեն մարդկանց մոտ «նոստալգիկ» տրամադրություն ստեղծող ֆիլմերի շարքն է դասվում։ Օրինակ՝ մեր բակի երեխաներին անծանոթ են ֆիլմում նկարահանված մեր ժամանակների շատ հայտնի դեմքեր։ Զառա Արամյանը մեկն է այն մարդկանցից, ով մինչեւ այժմ երեւում է հեռուստատեսությամբ, ավելին՝ վարում է նույն հաղորդումը, նույն անվանմամբ, նույն ֆորմատով, ինչ «այդ տարիներին» էր։ Եթե հիշում եք, ֆիլմում Զառա Արամյանը մարմնավորել է թեթեւսոլիկ կնոջ կերպար եւ բավականին տպավորվել է հանդիսատեսի մեջ, սակայն քչերը գիտեն, որ իրականում Զառա Արամյանը մասնագիտությամբ լրագրող է եւ 16 տարի աշխատել է ռադիոյում։ Այժմ էլ Կրթության միջազգային ակադեմիայի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն է, դասավանդում է լրագրություն, նաեւ Ժուռնալիստների միության անդամ է, բայց վաստակավոր գործչի կոչմանն է արժանացել մշակույթի ոլորտում։



«Ռադիոյում, երբ աշխատել եմ 16 տարի, որից 15 տարին ղեկավարել եմ այդ խմբագրությունը։ Երբեմն մարդիկ, ովքեր չգիտեն իմ պրոֆեսիոնալ լրագրող լինելու մասին, զարմանում են, երբ ինչ-որ տեղ հանդես եմ գալիս լրագրող, ես ուղղակի զուսպ ծիծաղում եմ եւ ժպտում եմ՝ լավ, նրանք ուղղակի չգիտեն։ Այդ շրջանը մեր համար Հայաստանի կայացման համար շրջան էր, պատերազմում էինք, եւ ամեն աստծո օր ուղիղ եթերում՝ մեկուկես ժամ արտասահմանի համար հաղորդումներ պատրաստում, որոնք 12 լեզվով էին տրվում, ամեն օր։ Ամեն օր ինչ էր ապրում Հայաստանը, դա քաղաքականություն էր, դա սոցիալական հարցերն էին, եկեղեցու, մշակույթի հարցերն էին։ Պատերազմող երկրի ամեն օրն էր։ Եվ այնքան երջանիկ եմ լինում, որ մարդիկ մոտենում են, ասում են՝ Զառա ջան, քո ձայնով էինք ապրում, ամեն օր քեզ էինք լսում։ Ինչո՞ւ չմտցրեցի իմ այսօրվա գործունեության մեջ։ Որովհետեւ ես հասկացա, որ կբավարարվեմ քաղաքականություն ասվածով՝ միայն հյուրերով։ Իրենք հիմնականում քաղաքական գործիչներ են, եւ հպարտությամբ եմ ասում, որ կան հյուրեր, որոնք ոչ մի ուրիշ հաղորդմանը չեն գնում, բայց ինձ մոտ գալիս են, ավելին՝ անգամ իրենք են առաջարկում»։



- Այնուամենայնիվ, քաղաքական թեմաներին անդրադառնո՞ւմ եք, շոշափո՞ւմ եք նման հարցեր Ձեր հյուրերի հետ։



- Շատ նուրբ, որովհետեւ միշտ էլ լացացնելը շատ ավելի հեշտ է, նաեւ որպես դերասանուհի եմ ասում։ Շատ դժվար է ծիծաղեցնելը։ Այսպես հզոր, խրոխտ քաղաքական գործիչներ, երբ ինձ մոտ պատմում են երեխայի ուտելու ռեժիմից կամ լաց են լինում երեխայի հիվանդության հետ կապված, այդ ամենին լրիվ ուրիշ կերպ եմ սկսում նայել։



- Արդեն երկար տարիներ վարում եք «Համով զրույց» հաղորդաշարը։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել պահպանել հաղորդումը, երբ հանդիսատեսն ամեն ինչից շուտ հոգնում է եւ նորություն է փնտրում։



- Նախ ասեմ, որ միակն է հայկական հեռուստատեսությունում, որ 25 տարի է, ինչ եթերում է։ Ինքը փաստացի դարձավ իմ կյանքի ամենակարեւոր գործը։ Դա իմ անկեղծության եւ բարիության մեջ է, որովհետեւ հյուրիս մեջից փորձում եմ կորզել այն կորիզը, որը բարին է, իր կերպարը բարի է սարքում։ Ես երբեւէ չեմ վախենում խոսել իմ բացերի մասին, իմ հաղորդման մեջ, իմ ռուսական կրթության մասին, որ ամենասկզբում ես անգամ մտածում էի ռուսերեն եւ հարցս այսպես թարգմանում էի, եւ շատ կուրիոզներ էր լինում։ Ես չեմ վախենում, երբ խոսում են իմ գիրությունից, ես ինքս եմ խոսում դրա մասին։ Ես չեմ վախենում ինքս ինձ քննադատորեն ծաղրել։ Խոսել այն թեմաներից, որոնք կարող են կողքինները խոսել։



- Իսկ ինչո՞ւ Ձեզ չտեսանք «Մեր բակը» ֆիլմի նոր թողարկումներում։



- Ես հրաժարվեցի, որովհետեւ «Մեր բակը 3»-ում պետք է կերտեի Արմեն Միսակիչի այրիի կերպարը։ Կարծում եմ՝ դա ճիշտ էր, որ ես չմասնակցեցի։



- Իսկ հավանեցի՞ք նոր ֆիլմերը։



- Որպես շնորհակալական ուղերձ՝ «Շարմի» տղաներին չեմ ուզում վատ բան ասել, որովհետեւ իրենք եղան թռիչք «Մեր բակի» մեջի կերպարի, բայց եթե անկեղծ լինեմ՝ չզգացի այն համն ու հոտը կոնկրետ, որը կար։ Իմ, Աշոտ Ղազարյանի, Արմեն Խոստիկյանի այդ տրիոն շատ սիրվեց ժողովրդի կողմից, չգիտեմ… չկար այդ համն ու հոտը։



- Տիկին Արամյան, տեղեկացանք նաեւ, որ Դուք հաճախ լինում եք Ազգային ժողովում, կարծես ռուսական ակումբի անդամ եք։



- Դա Ազգային ժողովի եւ Գոսդումայի միջեւ կապեր հաստատող կազմակերպություն է։ Այնտեղ ես հրավիրվել եմ թերեւս ռուսերենի իմ անթերի իմացության շնորհիվ։ Երբ հանդիպել եմ Շվիդկոյին, Ռոդնինային, Միհրանյանին ու այլոց, ովքեր հրավիրված են եղել մեր կազմակերպություն, լսել եմ իրենցից եւ մեծ զարմանք, եւ մեծ գոհունակություն, որ նաեւ ինձանով, իմ ռուսերենով կարծիք են կազմել «հայ» ասվածի մասին։



- Հիմա Հայաստանում կյանքը դժվարացել է ավելի քան։ Դուք էլ համարվում եք «համով», «պոզիտիվ» մարդ։ Ինչպե՞ս «համովացնեն» մարդիկ իրենց կյանքը։



- Այնպես չի, որ իմ կյանքում ամեն ինչ շատ հարթ է, այնպես չի, որ ես չունեմ խնդիրներ, ես չունեմ ծնողների առողջության հետ շատ լուրջ խնդիրներ, չունեմ բանկի կրեդիտներ, որոնք բավականին դժվարությամբ փակում եմ։ Ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ, ապրում եմ այն, ինչ որ ժողովուրդն է ապրում։ Խնդիրը մարդու մեջ է, եթե դու ուզում ես գտնել միշտ վատն ու շեշտել դա, վատը միշտ կգտնես։ Եթե ձեռքդ վերցնես ջուրը, անշարժ պահես 5 րոպե, ի՞նչ կկատարվի հետդ, կհոգնի, չէ՞, իսկ եթե մի ժամ պահես, կթմրի, կցավա, իսկ եթե մի ամբողջ օր՝ կարող է մկաններդ բռնվեն։ Այդ նույնն էլ քո խնդիրն է, դիր մի կողմ խնդիրդ, գնա առաջ։



- Մի հարց էլ․ ի՞նչ կարծիք ունեք հայկական հաղորդումների մասին, որոնց գաղափարը հիմնականում վերցված է լինում ռուսական հեռուստատեսությունից, մի՞թե նոր գաղափարներ գտնելն այդքան դժվար է։



- Ոչ, ի՞նչ է նշանակում ռուսական հաղորդումներից վերցված գաղափարներ։ Նախ՝ միշտ չեն լինում ռուսական, կարող է լինել հոլանդական, ֆրանսիական, ամերիկյան, քաղաքակիրթ երկրի շատ բարձր վարկանիշ ունեցող պրոյեկտ։ Եթե անում է նաեւ Ռուսաստանը, գալիս է, մեզ է հասնում, ինչո՞ւ ոչ։ Երբեմն ինձ հարցնում են՝ այ, 25 տարի եթերում եք, ինչպե՞ս է պետք լինել, ես միշտ պատասխանում եմ, որ միգուցե չգիտեմ, թե ինչպես է պետք լինել, բայց ես հաստատ գիտեմ, թե ինչպիսին չպետք է լինել։ Դա, կարծում եմ, ավելի կարեւոր է։ Ես շատ լավ եմ վերաբերվում բոլոր հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին, թող պրպտեն, թող անեն, փորձեն, կարեւորը՝ պրոցեսը գնում է, չի կանգնում տեղը։