Վարչապետի գաղտնի այցը Գերմանի՞ա

Վարչապետի գաղտնի այցը Գերմանի՞ա

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արտերկիր մեկնելու մասին լուրերը պտտվում են անցյալ շաբաթվանից։ Այցի հետ էին կապում կառավարության նիստի օրվա փոփոխությունը՝ հինգշաբթիից չորեքշաբթի։ Բայց այս մասին հաղորդագրություն չկար։ Թե «արտերկրներից» որ մեկում էր գտնվում Հովիկ Աբրահամյանը, չի հրապարակվում։ Նշվում էր Ռուսաստանը և Գերմանիան։ Ընդ որում, կառավարության աղբյուրները հայտնում են, որ վարչապետին ուղեկցել են «նեղ կրուգի» անձինք։ Կառավարության մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը հայտնեց, որ վարչապետն այս պահին իր աշխատասենյակում է գտնվում։ «Նա երկօրյա այցով մեկնել էր արտերկիր, բայց ներկայումս աշխատավայրում է», - ասաց Գոհար Պողոսյանը, հրաժարվելով նշել, թե հատկապես ուր էր գնացել Հովիկ Աբրահամյանը։ «Այցը մասնավոր էր, այդ պատճառով էլ չենք հրապարակում», - ասաց խոսնակը։ Հարցին, թե հնարավոր է, որ վարչապետը իր հարազատներից մեկին էր տարել Գերմանիա, բուժման, նա պատասխանեց․ «Ոչ»։ 



Մեկ այլ տեղեկությամբ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը եւս մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Այնտեղ տեղի է ունեցել ռուսաստանյան հայ, մեծահարուստ-միլիոնատեր Ավագումյան Կամոյի երկրորդ որդու հարսանիքը. վերջինիս առաջին որդին էլ, ի դեպ, ամուսնացել է հայտնի Պիպոյի դստեր հետ: Ավագումյանը Ռուսաստան «Մերսեդես» մեքենաների ներկրողն ու ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչն է Ռուսաստանի դատախազությունում. նրան ժամանակին նշանակել է Աղվան Հովսեփյանը: Վերջինս եւս ներկա է եղել հարսանիքին: Ներկա են եղել նաեւ Կարապետյան եղբայրները եւ մոսկվաբնակ բոլոր հայ մեծահարուստները: Կիրակի օրը Հովիկ Աբրահամյանը, որը 2 օր շուտ էր մեկնել Մոսկվա ու փորձել էր Սամվել Կարապետյանի միջոցով գործնական հանդիպումներ-օգուտներ քաղել Հայաստանի համար, Սերժ Սարգսյանի ինքնաթիռով, նրա հետ միասին վերադարձել է Հայաստան: