Վարչապետը մի կողմից զարմացել, մյուս կողմից խոստացել է լուծել IT ոլորտի խնդիրները

Վարչապետը մի կողմից զարմացել, մյուս կողմից խոստացել է լուծել IT ոլորտի խնդիրները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Digitec ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդես։ Նա շրջեց գրեթե բոլոր տաղավարներով, ծանոթացավ յուրաքանչյուրի ներկայացրած ապրանքներին ու ծառայությանը, զրուցեց տաղավարների ներկայացուցիչների հետ։ Վարչապետին ուղեկցում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Տաղավարներով շրջելու ընթացքում ոլորտի հետ կապված խնդիրները ներկայացրին եւ իրենց մտահոգությունները հայտնեցին նաեւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու նույն միության փոխնախագահ Հայկ Չոբանյանը։
Վերջում վարչապետն ինչ-որ խոստումներ տվեց ոլորտի ներկայացուցիչներին եւ հանձնարարեց հուլիսի սկզբին օր նշանակել ու հանդիպել իր հետ՝ ավելի մանրամասն քննարկելու ոլորտում առկա խնդիրները։ Իսկ ոլորտում, ինչպես հետո մեզ հետ զրույցում նշեց Հայկ Չոբանյանը, խնդիրներ շատ կան։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վարչապետի հետ։ Չոբանյանի խոսքով՝ վարչապետի համար զարմանալի էին, թե ինչու կան այդպիսի խնդիրներ։ Չոբանյանը նշեց, որ կան տեխնոլոգիական նորամուծություններ, որոնց զարգացման համար օրենսդրական փոփոխություններ են հարկավոր, օրինակ՝ տաքսիներում նոր ներմուծված on-line համակարգը, որոնք հեղաշրջում են տաքսիների համակարգում եւ առանց հաշվիչ սարքերի են աշխատում, մինչդեռ տաքսի ծառայություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված է, որ պետք է հաշվիչ սարքեր լինեն մեքենաներում։ Այստեղ, փաստորեն, հակասություն է առաջանում, որը խոչընդոտում է ոլորտի զարգացմանը։
Այսօրվա մեր երկրի տնտեսական վիճակը, ինչպես նաեւ կառավարության որդեգրած քաղաքականությունն ու վարած հարկային քաղաքականությունը որքանո՞վ են նպաստավոր պայմաններ ստեղծում IT ոլորտի զարգացման համար։ «Այնուամենայնիվ, գործնականը զիջում է, այսինքն՝ աջակցությունը հիմնականում հայտարարությունների եւ ֆոնի տեսքով է։ Բայց սա օբյեկտիվ է, որովհետեւ պետք է հասնենք որոշակի մակարդակի, որպեսզի հայտարարություններից, ֆոնից, ցանկությունից անցնենք իրական, գործնական քայլերի։ Դրա համար պետք են մեխանիզմներ, դրա համար պետք է համագործակցություն, դրա համար պետք է, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ շատ լինեն նաեւ կառավարությունում, որովհետեւ, անկախ ամեն ինչից, էդ գրագիտությունը շատ կարեւոր է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մենք այսօր թե՛ հասարակության շրջանում, թե՛ պետական համակարգում այս ոլորտի գրագետ մասնագետների կարիք ունենք։
Հայկ Չոբանյանը նշեց նաեւ, որ այսօր հատկապես կրթական ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտություն կա, որ աշակերտները փոքր տարիքից սովորեն աշխատել համակարգչով եւ այն համարեն իրենց համար աշխատանքային գործիք, ոչ թե զվարճանքի միջոց։ Ըստ նրա՝ վարչապետը խոստացել է հանդիպել իրենց հետ եւ ամեն ինչ անել՝ օգնելու համար, նաեւ պայմանավորվել են ունենալ պարբերական հանդիպումներ՝ առնվազն ամիսը մեկ անգամ։
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, արդեն երկրորդ անգամ է այցելում Digitec բիզնես-ֆորում եւ կատարում դրա պաշտոնական բացումը։ Թե ինչ խոստումներ է տվել նա նախորդ այցի ժամանակ, ինչ է արել այս մեկ տարվա ընթացքում, եւ ինչ է փոխվել, առհասարակ, պարոն Չոբանյանն ասաց․ «Իրազեկությունը, ընդամենը իրազեկությունը։ Այսինքն՝ շատ ընկերություններ ինքն արդեն ճանաչում է, մեր շատ ծրագրերից ինքն անձամբ տեղյակ է, եւ սա հերթական առիթն է, որ մենք վերհիշենք ու խոսենք մեր ծրագրերի մասին, խնդիրների մասին եւ որոշակի սկիզբ դնենք լուծումների առումով»։ Այսինքն՝ գործնական քայլերը դեռ նոր պետք է սկսվեն, վարչապետի նախորդ այցն ու դրան հետեւած այս մեկ տարին անցել են ընդամենը ծրագրերին ու խնդիրներին ծանոթանալով։
Հայկ Չոբանյանը նշեց նաեւ, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք IT ոլորտում արդեն 15-20 տարի գործունեություն են ծավալում: «Սակայն մենք, դրանով հանդերձ, գտնվում ենք բավականին սաղմնային վիճակում, սկզբնական փուլում՝ բացառությամբ մի քանի ոլորտների, որոնք, այս դեպքում, հանդես են գալիս որպես տեխնոլոգիաների ներդրման առումով առաջամարտիկներ։ Առաջին հերթին պետք է նշեմ՝ ֆինանսական ոլորտի, այդ է պատճառը, որ ցուցահանդեսում այդ ոլորտի ներկայացուցիչներն են շատ, քանզի ցուցադրելու լուրջ բան ունեն»։ ԻՏՁՄ փոխնախագահն ընդգծեց նաեւ, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման համար կարեւոր է ոչ միայն կառավարության աջակցությունը, այլեւ այդ տեխնոլոգիաների ակտիվ կիրառումը պետական համակարգում։