Նարինջն ու խնձորը կամ Րաֆֆին եվ Կարինը՝ հոր եվ պապի աչքերով

Նարինջն ու խնձորը կամ Րաֆֆին եվ Կարինը՝ հոր եվ պապի աչքերով

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ ամերիկյան համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Ռիչարդ Հովհաննիսյանը, կրկին Հայաստանում է: Նա այս օրերին մասնակցում է Ցեղասպանագետների ֆորումին, որ բացվեց երկու օր առաջ` ՀՀ նախագահի գլխավորությամբ:
Երեկ նրա հետ զրուցեցինք իր որդու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ թոռան՝ Կարին Հովհաննիսյանի քաղաքական, ստեղծագործական գործունեության, սխալների, տարբերությունների, հանրությանն օգտակար լինելու մասին:



Պարոն Հովհաննիսյանը, ինչպես պարզվեց, երկուսին էլ ազատ է թողել իրենց որոշումներում եւ որեւէ մեկին չի հորդորում նմանվել իրեն կամ հակառակը՝ չկրկնել այն, ինչ արել է ինքը: Հիշեցնենք, որ ապրիլին նրա թոռը՝ Րաֆֆիի որդի Կարինը, ով գրող ու նաեւ ռեժիսոր է, ներկայացրեց «1915» ֆիլմը Ցեղասպանության մասին: Թե ինչով է զբաղված նա հիմա, Ռ. Հովհաննիսյանն ասաց. «Վերջին ֆիլմից հետո չգիտեմ ինչ է անում, հիմա գիտեմ, որ Ավստրալիա գնաց, այնտեղ ցուցադրվեցավ, գիտեմ, որ սա շատերու սպասվածը չէ, սա ավելի հոգեբանական մոտեցում է, բայց ոչ բոլորի համար: Խորիմաստ պետք է դիտես, գուցեեւ երկու անգամ դիտես, որպեսզի կարողանաս ըմբռնել, թե հեղինակներն ու ռեժիսորներն ինչ մեսիջ կուզեին փոխանցել»:



- Դուք քանի՞ անգամ եք դիտել այդ ֆիլմը եւ արդյոք ըմբռնե՞լ եք այդ մեսիջը:



- Երկու անգամ եւ ես կկարծեմ, որ ըմբռնել եմ, անպայման ամեն ինչի հետ համաձայն չեմ, կուզեի գուցե ավելի պարզ լիներ որոշ բաներ, որովհետեւ ողջ հասարակության համար սա մատչելի եւ ըմբռնելի չէ:



- Ձեր թոռն ավելի շատ Ձեր, այսինքն՝ պապի՞ գիծն է առաջ տանում, թե՞ հոր:



- Ինքը տարբեր է, ես պատմաբան եմ, ինքը պատմաբան չէ, ինքն ավելի շատ գեղարվեստով է զբաղված…



- Ձեր որդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արեւմտյան Հայաստանում է կարծես փորձում որոշակի գործունեություն ծավալել, հաճախակի այցելում է այնտեղ…



- Ի՞նչ գործունեություն… այցելում է, սիրում է, ինքը կուզե օգնել իրենց, բայց հստակ չեմ կարող ես դա գործունեություն ասել, որ ծրագիր կա, գիտեմ, որ այնտեղ դեռ հայեր կան, ինքը կուզե, որ հայերեն դասընթացներ բացվեն, բայց ես չէի ըսե, թե այսպես ծրագրված, համապարփակ ծրագիր մը կա:



- Ձեր կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում սպառե՞լ է իր քաղաքական գործունեությունը:



- Դա ժողովուրդը պիտի որոշե, ինքն իր կյանքը նվիրեց այստեղ, ես չգիտեմ, կկարծեմ, որ որոշակի ներշնչում մը տվավ ժողովրդին, փորձեց ժողովրդին հասկացնել, որ իր ձայնը լսելի կարելի է դարձնել, բայց չեմ գիտեր ապագայում ինչ գործունեություն կծավալի կամ ինչ օգտակարություն կրնա տալ, դա իրեն որոշումն է եւ ժողովրդի որոշումն է:



- Դուք ինչպե՞ս եք ցանկանում:



- Իմ ցանկությունը կարեւոր չէ, իմ ցանկությունս այն է, որ դեռեւս կուզեի սկզբից էլ արտասահմանում մնար եւ ավելի ակտիվ ձեւով հայ դատին ծառայեր, որովհետեւ ինքը չափազանց հմուտ է լեզուներով, դիվանագիտական աշխատանքով եւ այլն, եւ այստեղ ինձի կթվա, որ կարողությունները սահմանափակ են:



- Դուք, որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, երբ համեմատում եք Ձեր թոռան եւ որդու գործունեությունները, ո՞րն է ավելի շատ Ձեզ ուրախացնում, ո՞րն է ավելի արդյունավետ եւ օգտակար թվում:



- Ո՞րն է ավելի օգտակար՝ նարի՞նջը, թե՞ խնձորը… պտուղները տարբեր են, գործունեությունները տարբեր են: Նայած ում համար, գեղարվեստական սերմերը թոռնիկին համար, իսկ մարդիկ, ովքեր մտածում են Հայաստանի մասին, քաղաքական կյանքի մասին, ժողովուրդների իրավունքների մասին, իհարկե, հայրը…



- Դուք խորհուրդներ փորձո՞ւմ եք տալ Ձեր թոռանը, որ չկրկնի հոր կամ պապի սխալները, օրինակ…



- Ոչ, բացարձակապես, սա իրենց կյանքն է, ես իմ կյանքն ապրել եմ եւ շատ գոհ եմ իմ կյանքից եւ եթե նորից աշխարհ գայի, ես չէի փոխի որեւէ բան։ 50 տարուց ավելի ես ուսանողների հետ շփում ունեցած եմ, ինձ մեծ բավականություն տված է, միաժամանակ Առաջին հանրապետության պատմությունն եմ գրել չորս հատորով, երբ որ դա այստեղ արգելված էր այդ ժամանակ, ու ես ինքս բավարարված եմ…



- Այդ դեպքում խորհուրդներ տալի՞ս եք, որ հետեւեն Ձեր կամ Ձեր որդու օրինակին:



- Ոչ… գիտե՞ք, խորհուրդ տալն օգուտ չէ, քու հայրը կրնա քեզի ըսել՝ տղա՛ս, գնա՛ բժիշկ եղիր, բայց դու կարող ես բժիշկ չդառնալ, դու պիտի հետեւես Նրան, ինքն քեզ կմղե առաջ:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ