Իշխանության հետ ալելուա են ասում ու պայքարում ժողովրդի համար

Իշխանության հետ  ալելուա են ասում ու պայքարում ժողովրդի համար

Ղեկը, ղե՜կը բաց ենք թողել:



Գիտե՞ք դա ինչ է նշանակում, երբ փորձառու վարորդը ամենավճռական պահին բաց է թողնում ղեկը ձեռքից ու կողքի նստած ջահելին ասում՝ ձորն ենք իջնում, դու երիտասարդ ես, վերցրու ղեկն ու, ես չկարողացա, դու տես ի՞նչ ես անում:



Սիրելիներս՝ փորձառուներ, տարեցներ, նույն պարանով հարյուր անգամ ցատկած քաղաքական գործիչներ, մենք բոլորս միասին ասացինք՝ ջահելներ, եկե՜ք, ապագան ձերն է, եկե՜ք ապրեք, պայքարե՜ք…



Հիմա էլ նվնվում ենք՝ մեզ տնից դուրս վռնդեցին ու ասացին՝ դուք մաղձոտ ուղեղներ եք, ծերունական մարազմով տառապողներ, դուք չգիտեք ապրելու, պայքարելու ձևը, դուք լռեք, հիմա մենք ենք խոսու՜մ:



Հետո ավելորդի նման տարիների բովով անցածներին մի կողմ շպրտեցին, հիմա էլ ասում են՝ իրենք առողջներն են, իսկ մնացածները հիվանդ են, որ չեն կարողանում հասկանալ, որ կարելի է պայքարել իշխանության հետ ձեռք- ձեռք տված, կարող են պայքարել՝ իշխանության հետ համատեղ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:



Կարող են իշխանության հետ միասին ալելուա ասել ու պայքարել ժողովրդի համար: Սա չի՞ նշանակում, որ շատ շուտով իրենք էլ կդառնան իշխանության ինչ որ օղակը կամ այն պատը, որ կանգնել էր ոստիկանության ու ակտիվիստների միջև: Հիմա նրանք կդառնան իշխանության և ժողովրդի միջև պատ, քարե պատ: Այն ժողովրդի, որի միակ խնդիրը էներգիայի 7 դրամի թանկացումը չի: Այն ժողովրդի, որ 20 տարի շարունակ մենամարտի մեջ է համակարգի հետ…

Հասմիկ Բաբաջանյան