«Ոսկե ծիրան». Ցեղասպանության «ուրախ» մեղեդին

«Ոսկե ծիրան». Ցեղասպանության «ուրախ» մեղեդին

Համաշխարհային կինոյի լեգենդար ռեժիսորներից մեկը՝ Ալեն Ռենեն, 1955 թվականին ցուցադրեց «Գիշեր եւ մշուշ» վավերագրական ֆիլմը: Ֆրանսուա Տրյուֆոն այն համարեց «երբեւէ ստեղծված ֆիլմերի մեջ մեծագույնը»: Կես ժամ տեւողությամբ ֆիլմը պատկերում է նացիստների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարների՝ Օսվենցիմի (եւ այլ ճամբարների) բացառիկ կադրերով իրականությունը, որից հետո իսկապես դժվար է որեւէ բան մեկնաբանել:



Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում, ֆիլմի մեկնարկից տասը րոպե անց, որոշ մարդիկ գլխիկոր թողնում էին դահլիճը: Դարակեսին նկարահանված այս ֆիլմի կողքին տեխնիկայի վերջին ճիչերով ստեղծված հոլիվուդյան յուրաքանչյուր սարսափ ֆիլմ անմեղություն կթվա: Ֆիլմը մեկնարկում է փլատակների վերածվող Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի կադրերով... Փշալարային պարիսպները, դիտաշտարակները, կացարանները, դիակիզարանները, դեպի կախաղաններ տանող ճանապարհները, որոնց այժմ ծածկել է խոտը, գնացքի գծերը, որոնք մեռնելու համար նոր մարդկանց էին բերում... այս ամենի պատկերագրությունը եւ հընթացս տեքստային մեկնաբանությունն անցյալի ու ներկայի միջեւ արթնացնում է մի հիշողություն, որը գնալով խարխլվում է, դառնում ավելի աղոտ, ավելի անհավանական:



Հաննա Արենդթն իր «Ամբողջատիրության ակունքներում» գրում է․ «Համակենտրոնացման ճամբարները բնութագրել sine ira («առանց ցասման»)՝ նշանակում է լինել ոչ թե «օբյեկտիվ», այլ ներողամիտ, դրանք արդարացնել, իսկ նման արդարացումը չի կարող փոխվել դատապարտումով, որը հեղինակը պարտավորված կզգա հավելել, եւ, սակայն, որն անիմաստ կլինի այդ բնութագրի կողքին։ Տալով դժոխքի պատկերը, ես այն գործադրում էի ոչ այլաբանորեն, այլ հենց բառացիորեն. կարծես թե ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր այլեւս չեն հավատում դրախտի գոյությանը, չեն կարողանա այն ստեղծել երկրի վրա, սակայն այդքան էլ ակնհայտ չէ, որ նրանք, ովքեր չեն հավատում դժոխքի գոյությանը որպես մի հետմահու տեղ, այսուհետ պատրաստ եւ ունակ չեն նմանակելու երկրի վրա այն, ինչ մարդիկ հավատում էին դժոխքի մասին։ Այս առումով կարծում եմ, որ ճամբարների նկարագրությունը, որպես երկրային դժոխք, ավելի «օբյեկտիվ» է, այսինքն՝ ավելի է համապատասխանում դրանց էությանը, քան զուտ սոցիոլոգիական կամ հոգեբանական բնույթի արտահայտությունները» (թարգմանությունն անգլերենից՝ Շուշան Ավագյանի):



Ալեն Ռենեի «Գիշեր եւ մշուշ» ֆիլմը համակենտրոնացման ճամբարների եւ այնտեղ մեռնող մարդկանց կեցության լոկ մանրամասն նկարագրությունը չէ: Օսվենցիմի իրականության անբացատրելի ծանր ու դժոխային պատկերները՝ յուրաքանչյուրն առանձին-առանձին, կոչված են բացահայտելու ամբողջատիրության բարդ եւ համակարգային կառույցը... Ֆիլմի վերջում նացիստների պարագլուխներից մի քանիսը դատավարության ժամանակ կատարվածի մեջ իրենց պատասխանատու չեն զգում... Եվ ֆիլմն ավարտվում է «Իսկ պատասխանատուն ո՞վ է»՝ գուցե արդեն միամիտ ու անհեթեթ հնչող հարցադրումով:
Ալեն Ռենեի ֆիլմն ընթանում է ավստրիացի կոմպոզիտոր Հանս Էյսլերի երաժշտության ներքո... Ուրախ ու թեթեւ երաժշտություն, որն ասես Ռենեի հեգնական ուղերձն է ողջ մարդկությանը, որ դանդաղորեն մոռանում է իր անցյալը․ «Իսկ ճամբարների փլատակներից շարունակ լսվում են մեռնողների աղաղակներ»։