Պորտասարի պեղումների ընթացքում հնագույն կենդանագրեր են հայտնաբերվել

Պորտասարի պեղումների ընթացքում հնագույն կենդանագրեր են հայտնաբերվել

Հայկական լեռնաշխարհում` ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Պորտասարի (Գյոբեքլի թեփե) հնավայրի տարածքում հնարավոր է հայտնաբերվել են մարդկության պատմության առաջին պատկերագրերը:

Թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է 2 նոր ստելաների հայտնաբերման մասին, որոնց վրա պատկերված են պաշտամունքային համարվող կենդանիներ` կարիճներ, կռունկներ, անգղ, մարդ:

Շանլիուրֆայի (Եդեսիայի) մերձակայքում գտնվող հնավայրի` Շանլիուրֆայի թանգարանի ղեկավար Մյուսլյում Էրջանը և հետազոտող մասնագետները ասում են, որ դրանք զուտ պատկերներ չեն, այլ հենց պատկերագրեր, քանի որ իրավիճակի մասին պատմում են պատկերների լեզվով: Ներկայացված է տեսարան, որում պատկերված է մարդու գլուխ` անգղի ճանկերում, իսկ կողքին անգլուխ մարդ:

Մասնագետները բացատրում են, որ հնում մարդկանց չէին հուղարկավորում, այլ դիակները թողնում էին հողի վրա` կենդանիների, թռչունների տրամադրության տակ: Դա կոչվում էր «հուղարկավորություն երկնքում», այստեղից էլ ծագում է մարդու կամ նրա հոգու երկինք գնալու գաղափարը:

Պորտասարի հնավայրը համարվում է աշխարհի ամենահին տաճարի, կամ կրոնական բնույթի շինության հայրենիքը, որը 12.000 տարեկան է համարվում: Իսկ մինչ այժմ պատկերագրերի ամենահայտնի օրինակները համարվում էին եգիպտական ու միջագետյան հիերոգլիֆները: Մինչ այդ պատկերագրերի ամենահին օրինակները համարվում էին մ.թ.ա 6000-5000-ով թվագրվող պատկերները ներկայիս Թուրքիայի արևմուտքում` Չաթալ Հույուքում գտնվածները:

Նախքան Պորտասարի տաճարական հնավայրի հայտնաբերումը անհնար էր համարվում այդ մասշտաբների շինությունների կառուցումը 12.000 տարվա մարդկային հասարակության խմբերի կողմից: