Հիմա տաքսի վարելն է շատ հեշտ, մեկ էլ՝ երգիչ դառնալը, ներողություն՝ երգիչ չէ, երգող․ Ռուբեն Մաթևոսյան

Հիմա տաքսի վարելն է շատ հեշտ, մեկ էլ՝ երգիչ դառնալը, ներողություն՝ երգիչ չէ, երգող․ Ռուբեն Մաթևոսյան

Այն, ինչ այսօր պետք է տեղի ունենա մեր օրերում, Հայաստանում, անշուշտ խրախուսելի է, որովհետև նպատակը մեկն է՝ ի հայտ բերել այն տաղանդավոր կատարողին, որը դեռ մինչև օրս հայտնի չէ որևէ մեկին, իսկ դրան կօգնենք մենք՝ պրոֆեսիոնալ տեսանկյունից գնահատելու, ոգևորելու, խրախուսելու։



Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Ոսկե ձայն» միջազգային երգի մարցույթի մասին՝ ասաց մրցույթի ժյուրիի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։



Նա նշեց, որ այս մրցույթով կյանքի ուղեգիր է հարկավոր տալ մեկին, ով պատրաստ կլինի զինվորագրվել դասական, ազգային երգեցողությանը։



Hraparak.am-ի հարցին՝ ինչո՞վ է տաբերվելու այս մրցույթը Հայաստանում պարբերաբար անցկացվող այն երաժշտական մրցույթ-նախագծերից՝ «Հայսուպերսթար, «Հայաստանի ձայնը» և այլն, որոնք հեռուստանախագծեր են և դրանց միջոցով շատերը ճանաչում են ձեռք բերում, ՀՀ ժողովրդական արտիստը նկատեց․ «Հեռուստատեսային կայաններն ուզում են ապահովել հեռուստատեսային ժամ, ինչը շատ խիստ կարևոր է, և այդ ժամը պետք է ինչ-որ ձևով տնօրինել, ինչով տնօրինել՝ հրաշալի հաղորդում է՝ էդպես եմ մտածում, բայց, միևնույն ժամանակ, չեն մտածում, որ նման մակարդակով այդ երևույթը այդքան էլ դուրեկան չէ, որովհետև վնաս է հասցնում ազգային երաժշտաարվեստին»։



Մաթևոսյանը վստահեցրեց, որ եթե իրեն հրավիրեն այդ հեռուստանախագծերում՝ որպես ժյուրիի անդամ, ինքը չի գնա, քանի որ ստիպված է լինելու վատին ասել՝ հրաշալի է, իսկ լավին՝ լռել․ «Ինձ համար գնահատման երկու չափ կա՝ պրոֆոսիոնա՞լ է, թե՞ ոչ պրոֆեսիոնալ։ Եթե պրոֆեսիոնսլ չի արվում, սիրողական մակարդակով է, դե սիրողական մակարդակը ախր ինչու՞ պետք է պարտադրել ժողովրդին։ Լավին պետք է խրախուսել, տեր կանգնել, առաջ տանել, խրախուսել նրան, որպեսզի նա կրթություն ստանա, սովորի, թե ինչպես կարելի է երգել, և, ամենակարևորը, ինչպես չի կարելի երգել, հետո նոր բեմ բարձրանա»։



Ըստ ՀՀ ժողովորդական արտիստի՝ այսօր երգողները շատ են, երգիչներն են քիչ։ «Հիմա տաքսի վարելն է շատ հեշտ, մեկ էլ՝ երգիչ դառնալը, ներողություն՝ երգիչ չէ, երգող։ Ամեն մարդ կարող է երգել՝ ծնված օրվանից»-ասաց նա։



Իսկ մեր այն դիտարկմանը, թե իրենց կողմից քննադատված այդ շատ հայտնի «երգիչներ» իրականում Կոնսերվատորյայի սաներ են, այսինքն՝ պետք է որ պրոֆեսիոնալ կրթություն ստացած լինեին, Ռուբեն Մաթևոսյանը չհամաձայնեց․ «Չէ, չէ, մեկը միայն եղավ, ուրիշ ոչ ոք չեղավ»։



Այսինքն՝ վստահ են, որ Կոնսերվատորիայից միայն պրոֆեսիոնալ կադրե՞ր են դուրս գալիս, մեր այս հարցը դուր չեկավ Կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանին, ով հարցրեց․ «Այսինքն՝ Դուք ուզում եք ասել, որ Կոնսերվատորիայից դուրս են գալիս ոչ պրոֆեսիոնալ մարդի՞կ։ Դուք վիրավորում եք»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ