Չեխական «Ընթացք»-ի հայկական ուղեգիծը

Չեխական «Ընթացք»-ի հայկական ուղեգիծը

Չեխական «Plav» («Ընթացք») ամսագիրը ներկայացնում է բացառապես համաշխարհային գրականությունը: Այս տարվա ապրիլյան համարը գրեթե ամբողջությամբ նվիրված է Ցեղասպանության 100-ամյակին: Սակայն ո՛չ ընդհանրապես, այլ որոշակի հայեցակետով. Ցեղասպանության արտացոլումը հայ և համաշխարհային գրականության մեջ:



Համարը բացվում է Պրահայում գտնվող «Օրեր» հանդեսի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի և գրաքննադատ, արձակագիր և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի հարցազրույցով, վերնագրված «Ցեղասպանությունը լոկ մեկ ազգի ողբերգությունը չէ, այլ ամբողջ մարդկության»: Հարցազրույցին հաջորդում է Ռադկա Ռուբիլինայի էսսեն, որտեղ համառոտակի խոսվում է հայոց գրերի, պատմության, Սփյուռքի և Ցեղասպանությանը նվիրված գրականության մասին:
Գեղարվեստական գործերը՝ արձակ և չափածո, բազմազան են՝ հին և նոր, հայագիր և օտարագիր հեղինակներ, և անգամ էջեր, որոնք ուղղակի առնչություն չունեն Ցեղասպանության հետ, բայց հայ հեղինակներ են:
Ընդարձակ մի հատվածով ներկայացված է Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպը, որ հայերենից թարգմանել է Միլադա Կիլանովան: Իսկ Անահիտ Թոփչյանի «Խենթ աղջիկ»-ը՝ նրա «Lady S.D.F.» ժողովածուից, ռուսերենից թարգմանել է Լիբոր Դվորժակը: Արմեն Շեկոյանը ներկայացված է «Իգդիր» պատմվածքով՝ Աննա Սոխովայի թարգմանությամբ, որը նաև, դարձյալ հայերենից, մի փոքրիկ հատված է թարգմանել Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» գրքից:
Միակ օտարալեզու հայազգի գրողը ռումինահայ Վարուժան Ոսկանյանն է՝ իր «Շշուկների մատյանով»:
Չեխ ընթերցողները հնարավորություն են ստացել ծանոթանալու նաև հայ բանաստեղծության մի քանի նմուշներին. Նարեկացի, Թումանյան («Մի կաթիլ մեղրը»), Վարուժան և Սիամանթո: Ըստ որում, վերջին երեքը ներկայացված են երկլեզվյան՝ բնագրով և թարգմանությամբ:



Հանդեսի հայկական բաժինն ամփոփում է Հակոբ Ասատրյանի «Հայոց Ցեղասպանությանը նվիրված գրականությունը» հոդվածը, որտեղ հեղինակը հանգամանալից խոսում է համամարդկային այդ ողբերգությունն արտացոլող՝ հայ և օտար հեղինակների, գեղարվեստական մի շարք ստեղծագործությունների մասին: Ի դեպ, հավանաբար, հարկ է նշել, որ այս հանդեսը լույս աշխարհ է եկել բացառապես Հակոբ Ասատրյանի անդուլ ջանքերի շնորհիվ, վաստակաշատ լրագրող, մտավորական, որը փաստորեն դարձել է մեր մշակութային դեսպանն այդ եվրոպական երկրում, և «Պլավ» հանդեսի հայկական համարը նրա բազմաթիվ հայանպաստ նախաձեռնություններից մեկն է:



Եվ, վերջապես, չմոռանանք նշել, որ հանդեսի շապիկը զարդարում է Չեխիայում բնակվող հայ նկարիչ Հովիկի յուղաներկ աշխատանքը: