Այսօր ամերիկյան ամենաինքնատիպ կինոռեժիսորներից մեկը նշում է իր կեսդարյա հոբելյանը

Այսօր ամերիկյան ամենաինքնատիպ կինոռեժիսորներից մեկը նշում է իր կեսդարյա հոբելյանը

Վերջին տասնամյակների ամերիկյան ու թերևս համաշխարհային կինեմատոգրաֆի ամենաինքնատիպ դեմքերից մեկը` Սէմ Մենդեսը այսօր դառնում է 50 տարեկան: Առաջ անցնելով ասենք, որ «ամենաինքնատիպ» արտահայտությունը պատահական չենք օգտագործում` ամեն ինչից զատ, Մենդեսը համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ այն վեց կինոռեժիսորներից մեկը, ով «Օսկարի» է արժանացել դեբյուտային ֆիլմի համար` դա 1999-ին էկրաններ բարձրացած և ամերիկյան կինոյի ամենաբացառիկ ֆիլմերից մեկը դարձած «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմն էր:



Սէմյուել Ալեքսանդր Մենդեսը ծնվել է 1965 թ.` Անգլիայի Բերքշիր կոմսությունում` բողոքական պորտուգալացու և հրեական ծագմամբ անգլուհու ընտանիքում: Պատանի հասակից հրապուրվել է թատրոնով և Քեմբրիջում ներկայացումներ բերադրել: Նրա ամենահայտնի թատերական աշխատանքներ են «Կաբարեն», «Երկնագույն սենյակը», ինչպես նաև չեխովյան «Բալենու այգին»:



Կինոյում նրա շառնդալից մուտքը կայացավ 1999-ին` «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմով, որն արժանացավ 5 «Օսկարի»` այդ թվում և լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: Այս ֆիլմում Մենդեսը նրբորեն ցուցադրել է շինծու արժեքների և ինքնախաբեությամբ ապրելու տրամաբանական ու անխուսափելի աղետալի վախճանը: Հետագայում այս թեման այլ շեշտադրմամբ նա վերարտադրեց իր մեկ այլ ֆիլմում` «Հեղափոխական ուղում», որտեղ փայլուն դերակատարմամբ հանդես եկավ «տիտանիկյան» զույգը` Լեոնարդո դի Կապրիոն և այդ տարիներին Մենդեսի օրինական կինը` Քեյթ Ուինսլեթը, ում հետ նա ամուսնալուծվեց 2010-ին:



Մենդեսի ինքնաթիպ ոճը դրսևորվում է գրեթե ցանկացած կինոոճում` մարտաֆիլմից մինչև հոգեբանական թրիլեր: Այսպես գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող «007. կոորդինատները Սկայֆոլ» ֆիլմը Բոնդիանայի շարքի լավագույն ֆիլմ ճանաչվեց, իսկ «Անիծյալ ճանապարհ» թրիլեր-մարտաֆիլմը զերծ է այդ ոճին բնորոշ հոլիվուդյան «կինոդրոշումներից»:



Լևոն Գևորգյան