Աղվես Ավոն 10 օր աշխատել է նախարարի խորհրդական

Աղվես Ավոն 10 օր աշխատել է նախարարի խորհրդական

Արտակարգ իրավիճակների նախարարությունում օրերս մի հետաքրքիր բլից նշանակում-ազատում է տեղի ունեցել։ Խոսքն Էրեբունու նախկին ոստիկանապետ, այնուհետեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության նախկին պետ Ավետիք Մկրտչյանի մասին է։ Նա բավականին հետաքրքիր կենսագրական ուղի է անցել․ սկզբում աշխատել է Էրեբունու ոստիկանությունում՝ որպես հասարակ թաղային տեսուչ։ Հետո գործերը լավացել են, եւ իր քավոր, այն ժամանակ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հրամանով նշանակվել է Էրեբունու ոստիկանապետ։ 2009-ին, սակայն, նա ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ազատվել է Էրեբունու ոստիկանապետի պաշտոնից։ Մոտ երկու տարի մնացել է ոստիկանության կադրերի ռեզերվում, հետո նրան աշխատանքի են տեղավորել արտակարգ իրավիճակների նախարարությունում։ 1982-2010 թթ․, ընդհուպ ոստիկանապետի առաջին տեղակալ աշխատած Արմեն Երիցյանը նրան փողոցում չի թողել, տարել է իր նախարարություն՝ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ։ Ավետիք Մկրտչյանը, ում նեղ շրջանակում Աղվես Ավո են ասում, այս պաշտոնում աշխատել է մի քանի տարի, ապա 2014 թվականին ինչ-ինչ չարաշահումների ու չպարզաբանված հանգամանքների արդյունքում ազատվել է աշխատանքից։ Տեւական ժամանակ անգործ մնալուց հետո Ավո Մկրտչյանը կրկին աշխատանքի է ընդունվել տարածքային կառավարման նախարարության հետ միավորված ԱԻՆ-ում։ Այս անգամ՝ որպես նախարար Արմեն Երիցյանի խորհրդական։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այս պաշտոնում նա շատ կարճ է աշխատել։ Մի քանի օր հետո կրկին ազատվել է աշխատանքից՝ թերեւս չհասցնելով գեթ մեկ օգտակար խորհուրդ տալ նախարարին։ ՏԿԱԻՆ մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը, ով այս պահին արձակուրդում է, զարմացավ մեր հարցից՝ նշելով, որ տեղյակ չէ։ Ապա ճշտելուց հետո հաստատեց մեր լուրը, որ՝ այո, կա նման բան․ Ավետիք Մկրտչյանն ընդունվել, ապա ազատվել է։ «Դիմում է գրել, որ աշխատանքի ընդունվի որպես խորհրդական, հետո՝ մի տասն օրից, դեռ նորմալ գործի չեկած, դիմում է գրել, որ ազատվի, որովհետեւ այլ տեղից առաջարկ է ստացել, բայց չգիտեմ որտեղից»,- ասաց պարոն Գրիգորյանը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ