Փոխնախարարը խոստովանեց, փոխքաղաքապետը քննադատեց

Փոխնախարարը խոստովանեց, փոխքաղաքապետը քննադատեց

Երեկ Մոսկվայի տանը տեղի ունեցավ Երեւանի դպրոցների տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը եւ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Հնչեցին տարբեր կարծիքներ կրթության ամենատարբեր խնդիրների վերաբերյալ՝ մասնավորներից մինչեւ ավելի գլոբալ, համակարգային։ Խորհրդակցությունն առանձնացավ նրանով, որ կրթության փոխնախարարը համարյա ինքնախոստովանական բնույթի դատողություններ արեց իր ելույթում, Երեւանի փոխքաղաքապետն էլ սուր քննադատության ենթարկեց պետության, ըստ այդմ՝ կրթության նախարարության վարած քաղաքականությունը, մոտեցումը դպրոցներին։



Մանուկ Մկրտչյանի կարծիքով, օրինակ, օրենք փոխելու կարիք այդքան չկա, քանզի «կյանքում օրենքով ոչ մի բան չի լավանում»։ Ըստ նրա՝ ամեն ինչ մարդկային հարաբերություններով է կարգավորվում եւ զարգանում։ «Տնօրենը տնօրենին չի ուզում ասի՝ ախպոր պես, քո պատճառով իմ անունն ա ընկնում։ Կամ ուսուցիչը մյուս ուսուցչի պատվի մասին պիտի մտածի, աշակերտն աշակերտին պիտի հանդիմանի»,- մարդկային, բարոյական կոնտեքստն այսպես ներկայացրեց կրթության փոխնախարարը։



Արամ Սուքիասյանն ավելի պրագմատիկ գտնվեց եւ ուղիղ տեքստով հայտարարեց՝ ինչո՞ւ ենք միմյանց պարտադրում ստել։ «159 դպրոցից պետական միջոցներով վերանորոգվում է ընդամենը 3-ը»,- ահազանգեց փոխքաղաքապետը՝ սլաքն ուղղելով նախարարությանը, որ պետական մոտեցում պետք է ցուցաբերվի։ Ըստ նրա՝ մենք դժգոհում ենք, թե ինչու դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերը նորմալ չեն անցկացվում՝ մոռանալով, որ մարզադահլիճներ չունենք։ «Ո՞վ է ասել, թե շախմատն ավելի կարեւոր է, քան ֆիզկուլտուրան»,-նկատեց փոխքաղաքապետն ու շարունակեց իր ելույթը նույն ոճով եւ սրությամբ։ Փոխնախարարը լուռ լսում էր։



Ավելի ուշ, երբ ավարտվեց խորհրդակցությունը, Մանուկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում հակադարձեց Սուքիասյանի քննադատություններին։
«Չէ, այդպիսի բան չկա, մեր նախարարությունն էլ, մարզպետարաններն էլ, եթե առաջին հոգսը բանակն է, ապա երկրորդը դպրոցն է»,-ասաց նա՝ չհամաձայնելով նաեւ, որ դպրոցները չեն վերանորոգվում, եւ որ Երեւանի 159 դպրոցից 3-ն է ընդամենը նորոգվել․ «Ինչո՞ւ չեն վերանորոգվում, էդպիսի բան չկա, պետք է տեղյակ լինեք, չէ՞, էնքան դպրոցներ են վերանորոգվում, ամեն օր մենք քննարկում ենք, թե…»։



- Այսինքն՝ Արամ Սուքիասյանը ճի՞շտ չէր։



- Որ դպրոցները չեն վերանորոգվում, դա շատ սխալ գնահատական է, շատ-շատ սխալ գնահատական է։ Որ կան դպրոցներ, որոնք որ դրա կարիքն ունեն, դա ճիշտ է, բայց այդ հարցով մի քանի ծրագրեր կան, կան դպրոցներ, որոնք չեն վերանորոգվելու, այլ նորից են կառուցվելու։



- Ասացիք նաեւ, որ խնդիրների լուծման առումով օրենքը դեր չի խաղում, մարդկային հարաբերություններն են ավելի կարեւոր։ Իսկապե՞ս օրենքի փոփոխման խնդիր չկա ոլորտում։



- Չէ, օրենքը ոչ թե դեր չի խաղում, այլ օրենքով կարգավորում ենք հարկադրված դեպքում, բայց, ի՞նչ խոսք, ընդհանուր հասարակության, մարդկության մակարդակից կախված, լինում են տարբեր բնույթի օրենքներ։



- Հիմա Դուք գո՞հ եք կրթության ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունից, Ձեր աշխատանքից, նախարարի աշխատանքից։



- Եթե մարդը գոհ եղավ ինքն իրենից, էդ մարդն արդեն վերջացած մարդ է։



- Այդ դեպքում ինչի՞ց եք դժգոհ։



- Ես դժգոհ եմ, որ չեմ կարողանում անել շատ ավելի շատ, քան կարող էի։



- Չե՞ն թողնում, թե՞ չեք կարողանում։



- Չէ, ինձ ոչ մեկը չի արգելում։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ