ԵԽԽՎ-ում հայ պատվիրակները «համեստի մեջ» են սուրճ խմում, բայց ոչ հենց այնպես

ԵԽԽՎ-ում հայ պատվիրակները «համեստի մեջ» են սուրճ խմում, բայց ոչ հենց այնպես

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վերադարձել է Ստրասբուրգից և այսօր ասուլիսով ամփոփեց մեկշաբաթյան իրենց կատարածը Եվրոպայի խորհրդում։ Նշենք, որ այս անգամ Հայաստանին վերաբերող որևէ զեկույց կամ բանաձև չի քննարկվել այնտեղ։



Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ամփոփելով իրենց աշխատանքները, անդրադարձավ Մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացրած բանաձին, որտեղ անդրադարձ է եղել նաև Հայաստանում կատարվող սահմանադրական փոփոխությունների գործընթացին։ Բացի այդ՝ խոսել են նաև Ադրբեջանի ագրեսիայից, հայ պատվիրակներն էլ իրենց հերթին ելույթներ են ունեցել սահմանային լարվածության և Ադրբեջանի վարած քաղաքականության վերաբերյալ։ Ըստ Նաղդալյանի՝ եվրոպացի պատվիրակներն այս անգամ ակնհայտ դժգոհություն էին հայտնում, որ Ադրբեջանում վիճակը գնալով վատանում է, և Եվրոպայի համար անընդունելի են այն զարգացումները, որ տեղի են ունենում Ադրբեջանում։



Hraparak.am-ի հարցին՝ ո՞րն է այս նստաշրջանի մեխը Հայաստանի համար և մեր պատվիրակության կատարած աշխատանքի գլխավոր արդյունքը, պատվիրակության ղեկավարն ասաց․ «Շատ կարևոր է այն աշխատանքը, որ կատարել է Վեհաժողովը՝ կապված Սահմանադրական բարեփոխումների հետ, նկատի ունեմ թե՛ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքները, թե՛ Մոնիտորինգի հանձնաժողովի, և թե՛ Հայաստանի զեկուցողների։ Եվ կարծում եմ, որ որպես գլխավոր փաստաթուղթ կամ գլխավոր արդյունք այս շաբաթվա՝ մենք կարող ենք ասել, որ դա Մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարությունն էր և դրական վերաբերմունքը այն գործընթացներին, որ վերաբերում էր Սահմանադրական բարեփոխումներին»։



Նա նշեց, որ Վեհաժողովի բոլոր նիստերի ժամանակ իրենց գլխավոր մեխը իրենց աշխատանքն է, որ իրենք փորձում են կատարել, առաջին հերթին՝ բացատրական աշխատանք եվրոպացի պատվիրակների հետ, տեղեկատվական աշխատանք իրական իրադարձությունների վերաբերյալ, որոնք ադրբեջանցի պատվիրակները ամեն անգամ փորձում են խեղաթյուրել։



«Կա երևացող աշխատանք և կա չերևացող աշխատանք։ Դա այն աշխատանքն է, որ մենք անընդհատ հընթացս կատարում ենք մեր ընկերների, մեր կոլեգաների հետ, մենք հենց այնպես սուրճ էլ չենք խմում ոչ մեկի հետ։ Հավատացե՛ք՝ ամեն մի սուրճ խմելը դա, ուրեմն, մի խնդիր է, մի նպատակ է, որի համար մեկին խնդրում ես, մեկին հրավիրում ես, ինչ-որ բան ես քննարկում և փորձում ես ինչ-որ բաց լրացնել»,-ասաց տիկին Նաղդալյանը։



Hraparak.am-ի հարցին՝ հերիքու՞մ է, արդյոք, իրենց օրապահիկը սուրճ խմելու հարցում՝ նկատելով, որ ադրբեջանցի պատվիրակներին բավականին խոշոր գումարներով են ուղարկում Ստրասբուրգ, Հերմինե Նաղդալյանն ասաց․ «Շնորհակալ եմ, որ հոգատար եք մեր նկատմամբ, ուզում եմ ասել, որ մենք համեստի մեջ ենք, փորձում ենք եղածով բավարարվել»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ