Ոչ ՀՀԿ-ական կրքարթնացումներ ՀՀԿ-ում

Ոչ ՀՀԿ-ական կրքարթնացումներ ՀՀԿ-ում

Երբ Սերժ Սարգսանը ՀՀԿ ցուցակը լցնում էր «այլախոհ» եւ «տարածին» անդուր դեմքերով, երեւի մտքով չէր էլ անցկացնում, որ մի գեղեցիկ օր այդ սողուններն իրենց ծառայությունների դիմաց որոշ բաներ են պահանջելու ՀՀԿ-ից: Այդ գեղեցիկ օրը, ահա, մոտենում է, եւ հիմնականում ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում բուն դրած պարազիտներն սկսել են շարժվել, որպեսզի առաջիկա սոդոմգոմորների ժամանակ կրկին ծլեն ՀՀԿ-ական դաշտերում:



Այսօր կխոսենք պարազիտի մի տարատեսակի մասին, որն զբաղված է ՀՀԿ-ի ներսում հակաքոչարյանական տարրերի գրգռմամբ՝ այդ բառի քաղաքական եւ ֆիզիոլոգիական իմաստով: Թե ով է այս պարազիտին այսքան ժամանակ հերություն արել ՀՀԿ-ում, կարծում ենք՝ կարիք չկա մեկ անգամ էլ նշելու, իսկ թե ով է նրան այսօր արածացնում ՀՀԿ անդաստանում, արժե, թերեւս, պարզել: Մեր կարծիքով՝ դա ՀՀԿ երիտթեւի փաստացի առաջնորդ եւ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն է, որի վրա դրված են խնդրո առարկա պարազիտի ոչ միայն գաղափարադաստիարակչական աշխատանքները, այլեւ մեդալների, սննդի ու մնացած հարցերը:



Ես վստահ եմ, որ եթե Էդուարդ Շարմազանովին քնից արթնացնենք եւ հարցնենք՝ ո՞րն է քո սիրած թերթը, կպատասխանի. «Իրավունքը»: Քնահարամ մարդը կարող է եւ սխալվել, բայց Շարմազանովի դեպքը կապ չունի կիսաքուն վիճակի հետ: Նա նույնիսկ լրիվ արթուն ժամանակ է այդ կարծիքին: Եվ կարիք չկա սրա պատճառները փնտրել Շարմազանովի՝ գործի բերումով պարտադիր ընթերցասիրության մեջ:



Եվ խիստ բնական է, որ թերթի եւ Է. Շարմազանովի միջեւ գրեթե հոգեւոր կապ է ստեղծվել: Ի՞նչը կարող էր նրանց այդպես մերձեցնել, եթե փաստ է, որ ոչ Շարմազանովն է մանկուց երազել Բաբուխանյանի հետ ընկերություն անելու մասին, ոչ էլ Բաբուխանյանն է նախկինում աչքի ընկել իր նժդեհական մտածելակերպով: Այս հարցի պատասխանը մենք ունենք, իհարկե, բայց այդ մասին, ձեր թույլտվությամբ, կխոսենք մի փոքր ավելի ուշ:



Երեկ նշված թերթում մի երկտող կար այն մասին, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում հայտնվել է կոոպերատիվ ՀՀԿ: Ճիշտ տասնոցին են խփել: ՀՀԿ բիձուկներին այսօր որեւէ կերպ գրգռելն ուղղակի անհնար է, իսկ այդ մեկ հայտարարությամբ կարելի է նույնիսկ մեռած ՀՀԿ-ականներին հանել գերեզմանից՝ ո՞նց թե «կոոպերատիվ ՀՀԿ»: Բա չեք ասի՝ պատրաստվում է Հայաստանի քաղաքական դաշտ մտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նաեւ Համաշխարհային հայերի կոնգրեսի նախագահն է եւ իր ղեկավարած կառույցի համար, որպես հապավում, օգտագործում է ՀՀԿ-ն, հետեւաբար՝ ինքն էլ կոչվում է ՀՀԿ նախագահ: Ահա, այսպիսի խայտառակություն: Թերթն սպառնում է պարզել, թե ինչ են մտածում էշի ականջում քնած ՀՀԿ-ականները սույն արտառոց փաստի մասին: Իրենց խոսքով ասենք. ««Իրավունքը» կփորձի պարզել ՀՀԿ-ականների կարծիքն այն մասին, որ ժամանակին ինչպես Արցախում իրենց ականջից հեռու Հանրապետական կուսակցություն էր ստեղծվել, հիմա էլ իրենց քթի տակ ՀՀԿ-ի անվան տակ գործում է հայաստանյան քաղաքական դաշտում իր համար տաքուկ անկյուն փնտրող Արա Աբրահամյանը»:



Անտեղյակ մարդը գուցե հարցներ. այ «Իրավունք», ախր դու ՍԻՄ-ի թերթն ես, ինչո՞ւ ես ՍԻՄ-ի խնդիրները թողած՝ կախվել մի խնդրից, որ վերաբերում է բացառապես Շարմազանովին եւ ՀՀԿ-ին: Բայց մենք՝ քաղաքական կյանքին եւ լրագրության աշխարհին քիչ թե շատ ծանոթ մարդիկս, իհարկե, չենք զարմանում: Չխորանանք, որովհետեւ, դիցուք, «Իրավունքի» վայրիվերումներով լի պատմությունն իր տիրոջ պատմության նման խիստ կնճռոտ է, իսկ մենք այդ կնճիռները հարթելու նախկին հավեսը չունենք այլեւս: Սիրով իմ չհրապարակված ուսումնասիրությունները կարող եմ տրամադրել սկսնակ լրագրողներին՝ պրակտիկ ժուռնալիստիկայի գծով նրանց գիտելիքները խորացնելու նպատակով: Ի դեպ, Բաբուխանյանը ժամանակին հենց այսպիսի ամբիոն էր ղեկավարում Հայ-ռուսական սլավոնական համալսարանում: Հիմա կդժվարանամ ասել նույնիսկ՝ տակավին կա՞ այդպիսի գիտություն՝ պրակտիկ ժուռնալիստիկա:



Չշեղվենք: Եվ, ուրեմն, ի՞նչն է Հայկ Բաբուխանյանի եւ Էդուարդ Շարմազանովի մերձեցման պատճառը, եւ ինչո՞ւ են նրանք, թեւ թեւի տված, գրգռում ՀՀԿ-ին մի երեւույթի դեմ, որ բացառապես ռուսական արմատներ ունի: Ի վերջո, Համաշխարհային հայերի կոնգրեսը («կոոպերատիվ» ՀՀԿ՝ ըստ «Իրավունքի») երկու օրվա պատմություն չունի, հետեւաբար, Արա Աբրահամյանն էլ երկու օր չէ, որ համարվում է այդ ՀՀԿ-ի նախագահը:



Հարցը հետեւյալն է՝ ինչո՞ւ հիմա սկսեցին գրգռել ՀՀԿ-ին: Մի՞թե միայն այն պատճառով, որ Արա Աբրահամյանը հայտ ներկայացրեց բացահայտ մասնակցելու ՀՀ ներքաղաքական կյանքին: Կարծում ենք՝ այո:



Այլ իրավիճակներում, օրինակ, եթե Արա Աբրահամյանի նստավայրը Նյու Յորքում լիներ, ՀՀԿ-ին հնարավոր չէր լինի «տրիվոժիտ» անել նրա հայտնությամբ: Բայց հարցի բարդությունն այն է, որ Արա Աբրահամյանը Հայաստանի ներքաղաքական դաշտ է մտնում Մոսկվայից, մի մայրաքաղաքից, որից ամեն ինչ կարելի է սպասել: Ի՞նչ իմանաս, թե Մոսկվայից իր ուսերին դրած ում է բերում Արա Աբրահամյանը: Գուցե ոմանք կասկածներ ունեն, որ Քոչարյանի։ Իսկ Հայաստանում երկու մարդ կա, որ սարսափելի մրսում են Քոչարյանից, նրանցից մեկը Շարմազանովն է, մյուսը՝ Բաբուխանյանը: Կարող եմ վստահեցնել՝ վերադառնալուն պես Քոչարյանը հենց այս երկուսին է կախելու առաջին պատահած ծառից: Ահա եւ նրանք համատեղ ուժերով սկսել են գրգռել ՀՀԿ-ին, շարժել այդ կուսակցության էն իքը՝ պատվախնդրությունը, որպեսզի նաեւ հասկանան, թե վերջապես քանի հակաքոչարյանական լոբբի ունեն իրենց գրպանում:



Սերժ Սարգսյանին ՀՀԿ հակաքոչարյանական թեւին գրգռելու պրոցեսը հետաքրքիր է զուտ որպես «մարդու տրանսֆորմացիա» գիտաճյուղի դիդակտիկ նյութ: Ոչ ավելին: Գիտե՞ք, բավականին հետաքրքիր է հետեւելը, թե ինչպես են պարազիտներն ու նրանց ՀՀԿ-ական կուրատորներն զբաղվում այդ գործով: