Զուրաբյան, գնա Գրիգորիչին մի հատ տես

Զուրաբյան, գնա Գրիգորիչին մի հատ տես

Մի առիթով փորձել էինք կատակի տալ Լեւոն Զուրաբյանի հերթական ախմախ հայտարարության շուրջ բարձրացած այս աղմուկը: Օրը ցերեկով ուզում են մարդուն քրեական պատասխանատվության ենթարկել. ինչպե՞ս նստես ձեռքերդ ծալած: Եվ մենք այն թեզն էինք առաջ քաշել, որ Զուրաբյանը «կաշառք» ասելով՝ նկատի չի ունեցել զուտ փողը, որ տրվել կամ չի տրվել Վենետիկի հանձնաժողովին՝ սահմանադրական բարեփոխումների փաթեթին այդ հանձնաժողովի դրական եզրակացության համար:



Ապրի Գրիգորիչի արեւը: Նա Tert.am-ին տված հարցազրույցում կարողացել էր մի հոդաբաշխ խոսք ասել Զուրաբյանի խնդրահարույց հայտարարության հետ կապված եւ հուշել էր ՀԱԿ խմբակցությունից իր կոլեգային, թե ինչպես ազատվի հետապնդումներից:



Գրիգորիչը խորհուրդ էր տվել Զուրաբյանին նոր հայտարարություն անել այն մասին, որ իր նախորդ հայտարարությունը քաղաքական հայտարարություն է եղել ընդամենը: Հին մարդը այ սրանով է տարբերվում տաքարյուն ջահելներից: Սիրտը ցավում է… Համ էլ այս ամբողջը հետո իր ջանին են կապելու, ասելու են՝ Գրիգորիչ, Զուրաբյանին զրկիր անձեռնմխելիությունից, որ դատենք: Բա Գրիգորիչն էդ տղե՞ն ա…



Կհետեւի՞, արդյոք, Զուրաբյանը Գալուստ Սահակյանի խորհրդին, թե՞ կշարունակի իրավապահների հետ սկսված անիմաստ նամակագրությունը: Սրանք իրենից կաշառքի մասին փաստեր են ուզում, իսկ ինքը հեքիաթ է պատմում ՀԱԿ-ի անցած փառավոր ուղու մասին, թե ինչեր-ինչեր են տեղի ունեցել այդ ճանապարհին, իսկ իրավապահները չեն էլ փորձել հետաքրքրվել: Լյովիկ Զուրաբյան, իրավապահների հետ այդ տոնով չեն խոսում:



Դրանք ձեր ստեղծած կառույցներն են, եւ դուք պետք է որ լավ իմանաք, որ մեր իրավապահները յուրահատուկ նվիրվածություն ունեն իշխանություններին: Դրել՝ ճակատ ես տալիս, որ ի՞նչ անես: Պատահաբար հո չե՞ս մտածում, որ նրանք ուզում են ջրի երես հանել Գագիկ Հարությունյանի «մախինացիաները»: Դու պարտավոր ես իմանալ, Լեւոն Զուրաբյան, որ ՍԴ նշանակում է «Սրբի դուռ»: Իսկ սրբերին չեն դատում, հասկանո՞ւմ ես:



Հետեւաբար, վատ չէր լինի ընդունել Գրիգորիչի խորհուրդը եւ ասել՝ ես կաշառքի քաղաքականն եմ նկատի ունեցել, իսկ դո՞ւք ինչը նկատի ունեք:



Մենք հասկանում ենք, իհարկե, որ այս աշխարհում առանց կաշառքի հարց չի լուծվում: Հայաստանը նույնիսկ ամենաբարձր մակարդակներով է բարձրաձայնել այդ մասին եւ ոչ մեկ անգամ: Այդ մենք ենք աշխարհի աչքերը բացել Ալիեւի վարած «խավիարային քաղաքականության» վրա ու եվրոպացիների աչքը կոխել իրենց երեսպաշտությունը: Բայց դու տես, որ հիմա սրբացնում ենք Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին, թե նա չէր կարող նման բան անել, այն է՝ կաշառք վերցնել: Մենք չենք պնդում, որ Եվրոպայում բոլորն են կաշառակեր, բայցեւ Հռոմի պապից թուղթ չունենք, որ Ջիանի Բուքիքիոն սուրբ է: Այստեղ ընդամենը անմեղության կանխավարկածի հարց է, եթե արտահայտվելու լինենք ազգային եւ համաշխարհային «մլիցեքի» բառապաշարով:



Էդ անմեղության կանխավարկածը նաեւ քեզ վրա է տարածվում, պարոն Զուրաբյան, բայցեւ պետք է հաշվի առնել, որ երբ գայլը գառին պատահում է, էլ երկար-բարակ չի մտածում նրա անմեղության կանխավարկածի մասին: Պետություն, օրենք, մանավանդ՝ մանդատ. գայլը մինչեւ այդքանը մտածեր, հոտը սարն անց կկենար, իրեն էլ կազատեին ֆերմայում զբաղեցրած պաշտոնից: Ուրիշ բան չմտածեք: Ասելս այն է, որ պետք է գոնե գառի չափ ինքնապաշտպանական բնազդ ունենալ եւ այն դրսեւորել:



Գագիկ Հարությունյանը ձեր մարդը չէ՞, Տեր-Պետրոսյանի քիփը: Փորձեք հարաբերվել: Գուցե հայտարարի՞, որ ինքը պարտք ու պահանջ չունի: Այլապես, որ դատախազը մտավ ԱԺ՝ ուշ է լինելու, եւ ոչ մի շարժում, նույնիսկ եթե այն կոչվի «Զուրաբյանին չեք դատի», ձեզ ոչնչով օգնել չի կարող:



Ի վերջո, կարելի է նաեւ ասել, որ կոնյակով, բեռով-բարձով Եվրոպա գնալը, Ջիանի Բուքիքիոյին տեսնելը, նրան Հայաստանում ճոխ պատիվներ տալն եք նկատի ունեցել, երբ հայտարարել եք, թե կաշառել են Վենետիկի հանձնաժողովին: Այս դեպքում ձեզնից ոչ ոք փաստեր չի պահանջի, որովհետեւ բոլորս էլ հայ ենք եւ անգիր գիտենք հյուր գնալու եւ հյուր ընդունելու հայկական սուրբ ադաթները:



Ավարտեմ:



Հուսանք՝ Զուրաբյանի համար այս ամենը լավ կվերջանա, եւ ՀԱԿ խմբակցությունը չի կրկնի «Ժառանգության»՝ ԱԺ-ում մեկ պատգամավորով մնալու տխուր ռեկորդը: Բայց դրա համար գոնե պետք է սովորել՝ մտածել խոսելուց առաջ ու մի քիչ էլ մանկավարժական աշխատանք տանել ՀԱԿ-ի լակոտների հետ, որ սրանք այսուհետ առանց դնչկալի մարդամեջ դուրս չգան ու իրենց մեծերի անդուր սփաթն ավելորդ անգամ չցուցադրեն հասարակությանը:



Զուրաբյան Լյովիկ, մի շիշ լավ կոնյակ վերցրու եւ գնա՝ Գրիգորիչին մի հատ առանձին տես: Գայլերը նրա խոսքը լավից-վատից լսում են: Ճիշտ է, Գրիգորիչի հետ մի հալի չեք, բայց մի տնից եք, իսկ դա արդեն քիչ բան չէ: